Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խաղաղություն+կրթություն+զինուժ

Սեպտեմբերին Փաշինյանը հայտարարել էր հրապարակավ այն առաջնահերթությունները, որոնք իր կառավարման ռազմավարությունն են լինելու։

«Առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Երկրորդը՝ մենք հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, կրթության ոլորտում մեզ պետք են էական, խոշոր պետական ներդրումներ: Հաջորդը ՀՀ զինված ուժերի հետևողական բարեփոխումներն են»,-ասաց Փաշինյանը:

Հենց այս հերթականությամբ՝ սկզբում խաղաղություն, երրորդը՝ զինված ուժեր։

Նիկոլի գիտե՞ք ինչն է հեշտ՝ նա անկեղծորեն ասում է իր վերաբերմունքը իրերին։ Ու ինչքան էլ դուք մտածենք, թե՝ բայց դա անտրամաբանական է, անիրագործելի է խաղաղությանը հասնել, հետո նոր «բարեփոխել», ընդ որում՝ «հետևողական» /ինչը անպայման չմարսած ելակն է հիշեցնում/՝ զինուժերը։ Մտածեք, որ՝ ճիշտը նախ ուժը ցույց տալն է, հետո այդ խաղաղությունը պարտադրելն է։ «Եվ ուրեմն»՝ փաշինյանյան ռազմավարությունը իրագործելի չէ։

Մի տանջվեք ու մի տանջեք ձեր ուղեղը. Ճիշտը ձեզ ներկայացված է՝ Փաշինյանի իշխանության առաջնահերթությունը հենց անիրագործելի ռազմավարությունն է։

Միլիոններ ծախսել մի ամսվա հրապարակային լույսիկների համար, նույնն է թե սառնամանիքին բաց քամակով ման գալ, բայց գլխին մեծ «բանծիկ» կապել։

Աո, ու ոչ թե այս իշխանությունները դա չէին ուզում, այլ՝ հենց դա էլ ուզում են։ Ու դա էլ անում են։

Ասում ենք՝ դիրքերը փորված չեն, ամրացված չեն, տաքացված չեն, զինվորը տաք հագուստ չունի, վրաններում է ապրում... Սխալվում եք՝ վրաններ էլ չկան։ Ու մինչ, այսօրվա պես, իշխանությունները կրկնապատկում է ՆԳՆ, ԱԱԾ, ՊՊԾ աշխատողներին աշխատավարձը, հանրությունը  վրանների գումարներ է հավաքում  ու իրեն լավ է զգում, որ թեև իշխանություններին ոչինչ չի կարողանում պարտադրել, բայց «բանակին լավ աչքով է նայում»։

Իսկ ո՞վ ասաց, որ սահմանին վրաններում լինելը նորմալ է։

Այս վիճակում թուրք-ադրբեջանցիներին խաղաղություն պարտադրելը նույնն է, թե գառը գայլին ասի՝ արի իրար հետ խոտ ուտենք։

Երկրորդ առաջնահերթությունը՝ թե բա կրթություն։

Ընդամենը երեկ ասորական համայնքը ներկայացնող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան հայտնեց Արարատի մարզի  ասորաբնակ Վերին Դվինի միջնակարգ դպրոցի վերանորոգման անհրաժեշտության մասին, ինչն էլ մերժվել է ԱԺ-ում։

Պատգամավորը հայտարարեց՝ երկու տարվա ընթացքում բյուջեի վերաբերյալ ընդամենը մեկ առաջարկ է  ներկայացրել և, փաստորեն, դա էլ չի ընդունվում։ 

Սա՞ է կրթական ռազմավարությունը։

Ես ասորականը օրինակ բերեցի, սակայն դա չի նշանակում, որ նույն վիճակում չեն հայաստանյան մարզերի մյուս դպրոցները։ Հասարակ բան՝ ջեռուցման հարցը նայեք։ Ու ես չպիտի բերեմ օրինակները՝ եթե դուք դպրոցների չլուծվող խնդիրները չեք տեսնում այն դեպքում, երբ ձեր երեխաները սովորում են այդ դպրոցներում, ապա իմ ասելը օպտիկապես ոչինչ չի փոխի ձեզ համար։

Եթե այս ամենը առաջնահերթությունների ռազմավարություն է, ապա պիտի ասել, որ գործող իշխանական ռազմավարության նպատակը... դե դուք ասեք՝ ի՞նչ։

Անահիտ Ոսկանյան