Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խաղաթղթերն այլեւս բաց են

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կար ժամանակ, երբ աշխարհի տերերը աչք ու ականջ եւ բերան էին փակում ադրբեջանցիների վայնասուններին, հոխորտանքներին, մեղադրանքներին… Հայրենիք ունենալու համար, շան նման կերակրում էինք ու վարժեցնում նրանց, որ փոխանակ կծելու՝ երջանիկ դեմքով, մեջքի վրա պառկեին, որ սիրեինք նրանց՝ առաջները նետելով որեւէ ընդերքային ռեսուրս, հիմնարկություն, գործարան։ Թե՞ կարծում եք, որ մեր սիրուն աչքերի ու սոխակ լեզվի պատճառով էր, որ կեցվածք ցույց չէին տալիս։ Սա, այն օրերին էր…

Այսօր…
Այսօր էլ հռոմեացի կուսակալի նման լվացինք մեր կեղտոտ ձեռքերն ու սրբվեցինք թշնամու սրբիչով։ Լվացվեցինք՝ արյունով ու սրբվեցինք անտարբերության թելերով գործած սրբիչով։

Համաշխարհային ծրագիր է իրագործվում, բայց ոչ թե նրա համար, որ մենք թույլ ու տկար ենք, այլ, որ մենք մաս ենք կազմում այդ նույն ծրագրի։ Ո՞վ թույլ տվեց, որ մերկ թագավորը բոլորին համոզի, որ ինքը հագուստով է, ո՞վ թույլ տվեց, որ մանուկ թագավորը իր մանկամտությունը մազակալությամբ թաքցնի եւ ցույց տա, թե իմաստուն է։ Ժողովո՛ւրդ, դու էլ էիր հավատացել, որ դու էլ ես իմաստուն, բայց ես շատ հույսեր չկապեցի այդ ժողովրդական առածի հետ, որովհետեւ տեսա քո սրբապիղծ անտարբերության մութը, բոցավառ աչքերիդ մեջ։
Հայրենիքներն էլ հավերժ չեն, ինչպես մարդը, բայց Հայրենիք ունենալու համար մարդիկ են նահատակվում, որպեսզի ունենան ու ապահով ապրեն Հայրենիքի նահատակների արյունով ներկված, սրբացած հողում։

Ռուսաստանի ԱԳ նախարարը բացեց խաղաթղթերն ու նետեց խաղասեղանին։ Երբեմն ուղիղ, երբեմն տողատակերով, այսպես խոսեց. «թագավորները» պայմանավորվածության են եկել խաղաղության մի բանաձեւի շուրջ, որը իրենից ենթադրելու է Ցեղասպանություն, էթնիկ զտում, ոչնչացում… գոնե արցախահայության ծիրից ներս։ Իսկ Հայաստանը, որպես հայի բնօրրան գոյություն ունենալու համար, պիտի ունենա կես-կես ճակատագիր։ Այո, լինելիության հարցն է այսօր քննարկվում աշխարհի բանակցային կլոր սեղանի շուրջ ու հայ ժողովուրդը ստանձնել է կողքից նայողի դերը, թե երբ պիտի ավելցուկ կիսամիս ոսկորը նետեն, որ փախցնի իր գոյությունը մեկ ժամով երկարաձգելու հրամայականով։

Մեր հանրապետության բարձր ամբիոնին փոխանակ խփենք մեր անհամաձայնության բռունցքն ու բարձրաձայնենք, որ չենք հանձնվելու, դեռ մի բան էլ վստահորեն համաձայնվում ենք եւ համակերպվում հանձնվելուն։

«Արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է». ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե արդյո՞ք իշխանությունը հրաժարվում է արցախահայության անվտանգության երաշխավորի դերից։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ինչպես նաև պատերազմի արդյունքում, ու հետեւանքով ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է ուրվագծվել, որտեղ նրանք տեղակայվել են»,–պատասխանեց Աղաջանյանը:

Մեղմ ու սահուն գցեցինք ռուսի գրպանը, թե՝ եթե քեզ պետք է Արցախը, դու էլ նրա համար կռիվ տուր։ Հայտնի ֆիլմից մի դրվագ հիշեցի. «Այ մարդ, չեմ հասկանում, դու ինձանից ի՞նչ ես ուզում…»։

Չէ՛, ազգ, թագավորը մեղավոր չէ՛, նա մեղավոր է այնքանով՝ որքանով, որ մեղավոր է։ Մեղավորության առյուծի բաժինը քոնն է՝ մերն է։ Մե՛նք ուզեցինք ու եղավ։ Մենք թույլ տվեցինք ու նա գործեց թույլտվության սահմաններում, բայց երբ տեսավ, որ համաձայն ենք նրա կատարած յուրաքանչյուր արարքի հետ, սկսեց տրորել բաժանարար կարմիր գծերը:
Իսկ մե՞նք, մենք նորից լուռ համաձայն ենք…

Մեր ազգի թվագրության տարիքի շատ ժողովուրդներ երանի են տալիս, որ մեկ օր էլ իրենք Հայրենիք ունենան։ Մենք՝ երկուսն ունեինք ու այսօր հայտնվեցինք մի իրավիճակում, որ շուտով մեկն էլ չենք ունենալու։

Հայ գրականության լավագույն մեկնաբաններից մեկը՝ Թումանյանը, իր «Հայրենիքիս հետ» ստեղծագործությունն ավարտում է այսպես. « …Ողբի՛ հայրենիք, Որբի՛ հայրենիք»։

Այո՛, Հայրենիքը մեղավոր չէ՛, որ իր զավակները պիտի մի օր մենակ թողնեն պատմության դասագրքերում եւ իրենք էլ ցոպ ու շվայտ կյանքով «ապրեն» ու «հպարտանան» իրենց տան պատերից կախ տված, Հայրենիքից մի կտոր պատկերով…
Երբեմն ու շատ դեպքերում, զավակներին նույնիսկ դրա բացակայությունն ավելի անկաշկանդ վարք պիտի թույլ տա այլոց հետ միաձուլման «վեհագույն» ճանապարհին։

Շատ է, մեծ է, շատ մեծ է օրվաս Հայաստանն իր ներսում ապրող հայի համար։ Մի քիչ կսեղմվենք, նեղ կանենք ու տեղ կանենք։ Փորձեմ կենցաղային լեզվով բացատրել: Շատերս, ձմռանը, որպեսզի ավել չվճարենք գազի ծախսի դիմաց՝ տաքանալու համար, ընտրում ենք մեր տան ամենատաք, կամ՝ հարմար անկյունն ու ընտանիքով տեղավորվում այդ հատվածում, համ տաք կլինի, համ քիչ ծախս։ Ճիշտ է, մի փոքր անհարմար կլինի, բայց ոչինչ, դրան էլ ենք հարմարվում։ Այս փորձառությունն ունենալով կարող ենք, ինչո՞ւ չէ, ունեցածից մի քիչ կտրենք ու տանք թշնամուն, մանավանդ որ, տեսնում ենք, թե նա ինչպես է լացում բակային խաղի ժամանակ խաղալիքը իր ձեռքից խլած, նեղացկոտ երեխայի նման։ Բայց ոչ ոք չի ասում, թե այդ խաղալիքը, որի վրա դու աչք ունես, քոնը չէ, այլ, նրա պապը աշխատել, քրտնել ու գնել է, որ իր թոռը ուրախ մանկություն ունենա։

Վերադառնամ մտքիս. օրվաս Հայաստանը շատ մեծ է ներսում ապրող հայերիս համար։ Մի քիչ նեղ կանենք՝ տեղ կանենք, ընթացքում կհարմարվենք ու կարեւորը՝ արյունոտ խաղաղությունը ապահովված է…

Կապրենք քրիստոնեավայել կեցվածքով ու կառաջնորդվենք այն սովորած ուսմունքով, թե՝ եթե մի այտիդ կխփեն, մյուսն էլ դարձրու եւ, եթե տաբատդ կուզեն՝ շապիկդ էլ տուր:

Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
Գյումրի

Հ. Գ….Ների՛ր եւ սիրի՛ր, ինչպես մերձավորիդ, այդպես էլ՝ թշնամուդ: Այդպես ավելի թեթեւ կապրես…