Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խաղողագործները «խաբեբաների մեդալը» փոխանցեցին Վահան Քերոբյանին ու լքեցին դահլիճը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արմավիրի մարզի մի շարք գյուղերի խաղողագործներ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում։ Նրանք վրդովված էին՝ մթերողներն առաջարկում են 1 կիլոգրամի դիմաց ընդամենը 100 դրամ։

Խաղողագործների ներկայացմամբ՝ դեռևս այս տարվա փետրվարի 1-ին պետք է մթերման պայմանագրերը կնքված լինեին, գյուղացիները պետք է իմանային՝ որ գործարանին են մատակարարելու եւ  ինչ գնով, ինչ քանակի։ Ասում են՝ անընդհատ հետաձգում էին․«Էսօր-էգուց գցելով բերեցին հասցրեցին այս օրվան,  խաղողը վազի վրա փչանում է։ 20 տարի առաջ խաղողի մթերման գինը  100-105 դրամ էր: 20 տարում գնաճը հաշվարկելով՝ մեր ապրանքի ինքնարժեքը բարձրացել է։ Այսօր 150-160 դրամ է»։

Խաղողագործներն ասում էին՝անցած տարի էլ 130 դրամով են մթերել, հիմա այս գնաճի պայմաններում փոխանակ մթերման գինն էլ բարձրանա, հակառակն է տեղի ունենում՝ մթերման գները մթերողները նվազեցնում են։ Գյուղացիները հերթով նշում են, թե խաղողի այգիները մշակելու համար որքան ծախս են արել, եւ որ նյութն որքան է թանկացել։

«Խաղող մշակողն ու վերամշակողը դարձել են անտագոնիստական հասարակարգեր, ոնց որ խաղողը տալիս ես մթերողին, փոխանակ օրհնանքով տաս, մի հատ էլ քրֆում ես։ Պետությունը պետք է այնպես անի, որ ե՛ւ վերմաշկումն օգուտ լինի, ե՛ւ խաղող արտադրելը։ 100  դրամով են մթերում, եթե իմանայի, որ այս գնով են մթերելու, չէի մշակի։ 2  միլիոն ծախս եմ արել էդ խաղողի վրա։ Բա ո՞նց եմ հետ բերելու, ընտանիք պահելու, ո՞նց եմ դառնալու էս երկրի համար պարտաճանաչ հարկատու»,-ասում է գյուղացիներից մեկը։

Նրանք հիշեցրեցին, որ հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ խաղողի մթերումը պետք է տոն լինի։

Խաղողագործները  էկոնոմիկայի նախարարությունում  հանդիպեցին նախարար Վահան Քերոբյանի հետ եւ փոխնախարար Արման Խոջոյանի հետ։   Խոջոյանն ասաց, որ ներկա պահին մի քանի նախագիծ է քննարկվում․«Դեռ մայիս ամսից կառավարությունն առաջարկում է լուծումներ նաեւ վերամշակվող կազմակերպություններին։ Խաղողագործության ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ են տարվում` սկսվել են խաղողի տնկարկների քարտեզագրում, որպեսզի հստակ քանակն իմանան, ուսումնասիրվում են նաեւ խաղողի սորտերը, ուշադրության կենտրոնում են պահում նաեւ կշեռքների ճշգրտության հարցը։ Չորս տարի առաջ գինեգործական գործարաններն 20-30-ն էին, այսօր՝ 107։ Այսօր Վայոց ձորի մարզում Ոսկեհատ խաղողի սորտը ձեռք են բերում 400-500 դրամով, նույնիսկ իրարից փախցնում են։ Այսօր ունենք կոնյակագործության ոլորտում որոշակի խնդիրներ, դրանք փոխկապակցված են այն գործոնների եւ շուկաների հետ, որոնք  էական նշանակություն են ունենում խաղողագործության, կոնյակագործության եւ սպիրտի արտադրության համար։ Վերջին 2-3 տարում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ արտասահմանի այն շուկաները, որտեղ արտահանվում է մեր արտադրանքը, կայուն չեն։ Վերջերս խնդիր է առաջացրել նաեւ փոխարժեքի տատանումների հետ կապված, քանի որ դոլարով կնքված պայմանագրերի դեպքում դժվարություններ են առաջանում»։

Այս պարզաբանումները բողոքի մասնակից խաղողագործներին չմխիթարեց։ Հետո  Քերոբյանը վստահեցրեց, որ վաղը ապրանքի մթերման եւ գնի վերաբերյալ որոշում կկայացվի կառավարությունում․«Մենք արդեն քննարկել ենք Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի Ամասիայում գտնվող իր գործարանը խաղող վերցնի ու սկսի մթերել։ Մյուս խնդիրն էլ գինն է, քննարկել ենք, որ նվազագույնը 120 դրամ լինի, սակայն Ծառուկյանը հայտարարել է, որ 100 դրամ է լինելու։ Այսօր վարչապետի հետ խոսակցություններ կլինեն, եւ կփորձենք այնպես անել, որ մեր պլանավորած 120 դրամը վաղվանից գործի։ Իսկ եթե Ծառուկյանի հետ ընդհանուր հայտարարի չգան՝ այլ լուծում կմտածեն»։

Գյուղացիներից մեկն էլ հայտարարեց՝ Ծառուկյանի գործարանում  առաջնահերթ մթերում այն խաղողագործների ապրանքը, ովքեր պարտքեր ունեն գործարանին, իսկ մյուսներինը հարցականի տակ է․«Արմավիրի Պռոշյանի զավոդը կանխիկ չի մթերում։ Մթերելիս էլ՝ 120 դրամով, պայմանագիր չի տալիս։ «Վեդի ալկոն»՝ 110 դրամով, Ծառուկյանը՝ 100 դրամով, կոնյակի գործարանը՝ 155 դրամով»։

Քերոբյանն արձագանքելով այս պնդմանն, ասաց, որ վաղը կառավարությունում որոշում են կայացնելու, որպեսզի ավելի արագ վճարվի գումարը, քան պայմանագրով է սահմանված՝ 365 օրում։

Մեկ այլ խաղողագործ էլ դիմելով նախարարին՝ ասաց 2019-ին կառավարությունը գումար է հատկացրել՝ 15 մլն դրամ, որպեսզի այգի հիմնի․«Հիմա ինձ կարո՞ղ եք գումար տալ, այգին քնադեմ»։

«Բայց 2019 թվի այգին բերք չի տա, չէ՞»-արձագանքեց Քերոբյանը, ինչին ի պատասխան գյուղացիները դահլիճում աղմուկ բարձրացրեցին։

Խաղողագործները պարբերաբար իրար ընդհատելով, աղմուկ անելով իրենց դժգոհություն էին հայտնում։
Գյուղացիներից մեկն էլ վրդովված ասաց․«40 հազար տոննայի բազառ է գնում, որը 2 միլիոն դոլար է, իսկ Գագիկ Ծառուկյանին կառավարությունը 10 մլն դոլար զիջեց»:

«Մենք ոչ թե զիջել ենք, այլ դատարանով պարտվել ենք»,-ասաց Քերոբյանը:

«է, չպարտվեիք: Հիմա մենք ո՞նց անենք, որ ձեզ հաղթենք»,-հայտարարեց գյուղացիներից մեկը:

Դահլիճում այնպիսի աղմուկ էր, գյուղացիները միասին այնքան բարձր ձայնով էին արտահայտում իրենց դժգոհությունը, որ ոչինչ չէր հասկացվում։ Ապա Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, հավանաբար չդիմանալով աղմուկին, հեռացավ դահլիճից։ Գյուղացիները «խաբեբաների մեդալ» էին բերել, եւ նախօրոք հայտարարել էին՝ եթե խնդիրը չլուծվի, ապա այդ մեդալը կտան կառավարության ներկայացուցչին։ Հանդիպման վերջում նրանք  այդ մեդալը վրդովված տվեցին Քերոբյանին ու լքեցին դահլիճը։

Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում  ասաց, որ մթերողներն իրենց ապրանքը վաճառում են դրսում, եւ  եւ դոլարի փոխարժեքը նրանց ստիպում է մթերման գները վերանայել դեպի ներքեւ․«Այս առումով կառավարությունը  բազմաթիվ միջոցառումներ է արել՝ պարարտանյութն ենք սուբսիդավորել, վարկերի  տոկոսներն ենք սուբսիդավորել, հիմա էլ՝ մթերման վարկերի տոկոսները։ Բայց  այսօր կիրառված գործիքները չեն հանգեցել նրան, որ ստանանք այնպիսի գին, որը ձեռնտու կլինի խողողագործներին։  Տարեսկզբին պայմանագրերի 80%-ը  կնքվել է։ Այսօր մենք խոսում ենք մնացորդային չկքնված պայմանագրերի մասին, որոնք փոքրամասնություն են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ