Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խաթարվել է երկրի իրավական անվտանգությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Բաց նամակ ՀՀ կառավարությանը

Կրելով իշխանության տարանջատման եւ բնականոն գործունեության պատասխանատվություն, կառավարությունը եւ նրա ղեկավարը, ՀՀ նախագահը, ՀՀ Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան, քաղաքացիների առջեւ կրում են   նախ եւ առաջ երկրի անվտանգության, այդ թվում նաեւ՝ իրավական   անվտանգության պատասխանատվությունը: Պարոնայք, դուք կրում եք պատասխանատվություն համակարգի՝ ի նպաստ հասարակության զարգացման գործունեության ապահովման: Սակայն, հակառակ դրա, մեզանում պատասխանատվության սկզբունքը չի գործում, իսկ համակարգը շարունակում է գործել տարերայնորեն: Չի նշմարվում եւ չկա զարգացման հիմք եւ հեռանկար, իրար հաջորդող դեպքերի համար չկան պատասխանատվություն կրող անձինք, իսկ քաղաքացիների հարցերը, դժգոհություններն ու բողոքները հաճախ մնում են անպատասխան, ըստ էության՝ անտեսված: Լավագույն դեպքում, նրանց բողոքներին հետեւում են գրություններ մի ատյանից մյուսը եւ, ի վերջո, ամեն ինչ ավարտվում է ոչնչով:

Վերջին վեց ամիսների ընթացքում «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն դիմած քաղաքացիների դիմումների հետքերով կատարված ուսումնասիրությունները եւ մեր շփումները տարաբնույթ պաշտոնյաների, դատախազների, քննիչների եւ նրանց վերադաս մարմինների հետ, ցույց են տալիս, որ համակարգը գտնվում է շնչասպառ վիճակում: Ոլորտի պատասխանատուների հայտարարությունները եւ մեր հարցերին տված պատասխանները ցույց են տալիս, որ նրանք կամ չեն գիտակցում իրենց պաշտոնի նկատմամբ եղած պատասխանատվությունը եւ ի վիճակի չեն օրինական լուծում տալ հարցերին, կամ էլ քաղաքացիների իրավունքները անտեսվում, արհամարհվում են նրանց կողմից: Միայն բողոքի առկայությունը դարձել է քրեական գործի հարուցման անհրաժեշտ եւ բավարար պայման: Կասկածելի հիմքով բողոքներով, առանց որեւէ ապացույցի, համատարած հարուցվում են քրեական գործեր, ասում են՝ «քննությամբ կպարզենք»: Հետո քննությամբ այդ հիմքերը չեն պարզվում, տարիներով հարուցված քրեական գործերը մնում են առկախված վիճակում, կատարած արարքի քրեաիրավական օբյեկտիվ գնահատականից բացակայության պատճառով մարդիկ հայտնվում են նախաքննությունից կախյալ վիճակում: Սահմանափակվում է նրանց ազատ տեղաշարժի իրավունքը, անորոշության եւ անելանելիության պայմաններում ընտանիքներ են բաժանվում, քանդվում, մարդիկ հայտնվում են անգործության ճիրաններում, երեխաները եւ տարեց թոշակառուները ձմռան ցրտին հայտնվում են դրսում՝ տան վարձը վճարել չկարողանալու պատճառով: Իսկ քաղհասարակության բողոքները եւ ահազանգերը շրջանառվում են ի շրջանս յուր եւ վերջանում ապարդյուն, որովհետեւ նրանց բանի տեղ դնող չկա:

Օբյեկտիվ հիմքերով հարուցված քրեական գործերով տուժողներն այս թոհուբոհի մեջ ավելի են տուժում, գործերը չեն քննվում, քննիչներ են փոխվում, բայց դրանից օգուտ չկա, գործերը տարիներով մնում են քննիչների դարակներում: Քննիչներն ու դատախազներն այս հանգամանքը պատճառաբանում են իրենց գերծանրաբեռնվածությամբ, ամեն քննիչի վրա երկուհարյուրից ավելի գործեր կան, ո՞ր մեկով զբաղվի այդ խեղճ քննիչը: Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլից հետո թվում էր՝ օրենքը կգերակայի, տիրապետող կդառնա եւ իրեն կենթարկի թե օրենքը կիրառողին եւ թե ենթարկվողին: Սակայն շատ օրինակներ ասվածի հակառակն են ապացուցում, օրենքը կիրառողն է կառավարում օրենքը, իսկ ենթարկվողը դառնում է կամակատարը: Նախաքննության մարմինը իներցիայով շարունակում է իր նախկին՝ ամեն գնով չբացահայտված գործ չթողնելու եւ բոլոր գործերը բացահայտելու արատավոր գործելակերպը, իսկ քանի մարդ է տուժում եւ դառնում նման արատավոր գործելակերպի զոհ, այս հարցը ոչ մեկին չի հետաքրքրում: Այսպիսով, խաթարվել է երկրի իրավական անվտանգությունը: Մարդիկ դատարանի եւ իրավական համակարգի նկատմամբ չունեն վստահություն, դատարան դիմողը պետք է պատրաստ լինի 8-12 տարի գոյատեւել այնտեղ, չկան գործերի ընթացքի խելամիտ ժամկետներ: Քաղաքացիական գործերով դատարանում այնպիսի հերթեր են գոյացել, որ մեկ գործով տարվա ընթացքում ընդամենը մի քանի նիստեր են նշանակվում: Քրեական գործերի մասին խոսելն արդեն ավելորդ եմ համարում, այնքան գործեր են հարուցվել, որ քննիչներն ու դատախազներն արդեն իրենք էլ են մոլորվել: Հարուցված քրեական վարույթները քննիչների գրապահոցներում տարիներով այնքան են մնում առկախված վիճակում, որ մարդիկ ակամայից ձեռք են բերում հիվանդագին հոգեբանություն, կորցնում են վստահությունը թե պետության եւ թե արդարադատության նկատմամբ:

Իրականում որն է նախաքննության եւ արդարադատության մարմնի նպատակը, արդյո՞ք ոլորտի պատասխանատուները գիտակցում են, թե որն է իրենց նպատակը: Միգուցե հենց սա է նրանց նպատակը՝ մարդկանց հիասթափեցնել, թուլացնել, որոշակի ազդեցության տակ պահել, վախեցնել: Այսպես չպիտի թույլատրվի շարունակել:

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ

իրավապաշտպան, ԻՀՄԱ նախագահ