Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Խայտառակություն է, պետք է օր առաջ հանձնաժողով հրավիրել»․ Անահիտ Թարխանյանը՝ ծակծկված հուշարձան շենքերի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ամանօրյա լուսավորություն ապահովելու համար Հանրապետության հրապարակի հուշարձան շենքերի պատերը սկսել են ծակծկել համապատասխան տեխնիկայով ու լամպեր ամրացնել։

Կառավարության շենքը, որ Ալեքսանդր Թամանյանի գլուխգործոցներից է, եւ որի համար անվանի ճարտարապետին հետմահու շնորհվել է պետական մրցանակ, փորձում են զարդարել ժամանակակից լույսերով։

Անահիտ Թարխանյան

Aravot.am-ը ճարտարապետ Անահիտ Թարխանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում Հանրապետության հրապարակի շենքերը ծակծկելուն, ինչը բուռն քննադատության ալիք է բարձրացրել հանրության շրջանում։

«Ինչ-որ արված է, խայտառակություն է, բացարձակապես անընդունելի է պատմական մեծ նշանակություն ունեցող շենքերի հանդեպ նման վերաբերմունք ունենալը՝ անտարբերությամբ, անհետեւողականությամբ։ Երեւանի քաղաքապետարանը պետք է կանչի բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել են այդ գործողությունները, պահանջի, որ վերականգնեն։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է դա վերականգնել, բայց օր առաջ պետք է կանգնեցնել այդ ամենը, հրավիրել մասնագետներին, մարդկանց՝ ԿԳՄՍ նախարարությունից եւ վերանորոգել բոլոր այդ ճակատները»,- ասաց ճարտարապետը։

Նա պարզաբանեց, քանի որ ձմեռ է ու խոնավ է, ջուրը մտնելու է անցքերի մեջ, ինչի պատճառով տուֆի տարրերը պոկվելու են․ «Ես չեմ կարծում, որ քաղաքապետարանը, երբ հանձնարարական էր տալիս, ասում էր՝ գնացեք ու հատուկ վնասեք շենքերի ճակատները։ Խելքը գլխին ոչ մի պետական ղեկավար նման հանձնարարական չի կարող տալ։ Ես մեծ փորձ ունեմ բանվորների եւ շինարարների հետ աշխատանքի, ուստի կարծում եմ, որ հանձնարարականը տրվել է ու էդպես ուղղակի եկել հասել է պարզ բանվորի։ Իսկ, քաղաքապետարանի մեղքն այն է, որ հստակ ինստրուկցիաներ չի տվել, թե ինչպես պետք է ամրացում կատարվի։ Մի խոսքով, դա չմշակված ոչ հետեւողական հանձնարարականների շղթա է, ինչը բերել է այս վիճակին»:

Անահիտ Թարխանյանը գտնում է, որ պետք է շտապ հանձնաժողով հրավիրել՝ Երեւանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ նախարարության, ճարտարապետների եւ վերականգնողների մասնակցությամբ. «Պետք է օր առաջ է ֆիքսել բոլոր անցքերը, հանել ամրացումները եւ պատերի միջի մեխերը։ Բանն այն է, որ մետաղը շատ ավելի շուտ է սառում, քան տուֆը։ Եվ երբ մետաղի, իսկ քարի մեջ արդեն խոնավություն է մտել, սառույցը ձեւավորելու է ուժեր, որոնք այդ քարը պայթեցնելու ու ճաքեցնելու են։ Մի խոսքով, շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որը պետք է շտապ լուծում ստանա»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ