Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կողմերի մարտավարությունը հստակ է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԵԽԽՎ հերթական նստաշրջանում Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկումը ցույց տվեց միջազգային եւ հայաստանյան ուժերի վերաբերմունքը մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Նախ՝ արժանին մատուցենք հայաստանյան պատվիրակության բոլոր անդամներին, թեեւ նրանք չհասան մեզ համար, թերեւս, ամենացանկալի ելքին՝ միջանցքը բացելու կոչ պարունակող բանաձեւին: Բայց բոլոր դեպքերում մեր պատվիրակների ելույթները  դիպուկ էին եւ բովանդակալից: Վստահ եմ, որ կուլուարներում նրանց աշխատանքը նույնպես արդյունավետ էր:

Հատկանշական է, թե ինչպիսի մարտավարություն էր ընտրել ադրբեջանական պատվիրակությունը: Այդ երկիրը ներկայացնող պատգամավորները ձգտում էին շեղել ԵԽԽՎ-ի ուշադրությունը բուն շրջափակումից դեպի ռուս-ուկրաինական պատերազմ ու եվրոպացիների սրտին հոգեհարազատ հակառուսական թեման: Նրանք, ըստ էության, կրկնում էին Հայաստանի իշխանությունների «արեւմտամետ» կողմնակիցների թեզն այն մասին, որ միջանցքը փակել է ոչ թե Ադրբեջանը, այլ Ռուսաստանը: Այդ մարտավարության շրջանակներում հեշտությամբ տեղավորվում է Ռուբեն Վարդանյանի թեման, որտեղ գլխավոր թեզերն են, թե իբր Վարդանյանին Պուտինն է ուղարկել (ինչին նույնպես հավատում են ՀՀ իշխանությունների կողմնակիցները), եւ առանց նրա Արցախում խաղաղություն կհաստատվի: Բնական է, որ եթե կան հայեր, որոնք ասում են՝ «Մենք պարտվել ենք, եկեք հանձնվենք», եւ կան հայեր, որոնք ասում են՝ «Մենք չենք պարտվել, եկեք չհանձնվենք», ապա հակառակորդների եւ նրանց աջակցողների նպատակը պետք է լինի երկրորդ խմբին վարկաբեկելը:

Ուկրաինայի պատվիրակները ԵԽԽՎ-ում, ինչպես նաեւ պաշտոնական Կիեւը, նույնպես պաշտպանում են ադրբեջանա-թուրքական տեսակետը: Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, օրինակ, վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետեւանքները չափազանցված են: Բայց չեմ ուզում մեղադրել ուկրաինացիներին. նրանք կյանքի-մահու պայքար են մղում իրենց տարածքը զավթած, իրենց քաղաքներում ամեն օր խաղաղ բնակիչներ սպանող ռուսական բանակի դեմ: Բնական է, որ այն, ինչն, իրենց կարծիքով, կարող է վնաս տալ Ռուսաստանին, օգտակար է իրենց երկրի համար:

Պետք է ոչ թե նեղանալ որեւէ մեկից, այլ պարզապես գործել նման ոճով. օգտագործել այն, ինչ մեզ համար ձեռնտու է եւ մերժել բոլոր վնասակար նախաձեռնությունները: Անկախ էմոցիաներից եւ կողմնորոշումներից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ