Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Կյանք ու կռիվ»-ի շուրջ կռիվը

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն արձագանքել է «Կյանք ու կռիվ» ֆիլմի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության հայտարարությանը.

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում բազմապիսի քննարկումների թեմա է դարձել «Կյանք ու կռիվ» և «Կյանք ու կռիվ․ 25 տարի անց» ֆիլմերի ցուցադրել-չցուցադրելուն առնչվող հարցը։

Ֆիլմերի իրավատերը հանդիսացող «Շարմ Հոլդինգ» ընկերությունը հայտնում է, որ երբևէ չի խոչընդոտել ֆիլմի ցուցադրմանը որևէ հեռուստաալիքով և ներկայումս նույնպես պատրաստ է ցուցադրման արտոնագիր տրամադրելու ցանկացած հեռուստաընկերության, որը կդիմի նման ցանկությամբ։

Ցանկանում ենք նշել, որ հայ մարդու համար հայրենասիրության ու ոգու արիության հիանալի օրինակ դարձած «Կյանք ու կռիվ» և «Կյանք ու կռիվ․ 25 տարի անց» ֆիլմերում  լավագույնս պատկերված պայքարի հաստատակամությունը հանուն հայրենիքի չափազանց անհրաժեշտ է մեր երկրի համար վճռորոշ այս ժամանակաշրջանում։

Այդ իսկ պատճառով ֆիլմերը լայն հանրության համար հասանելի են Kinodaran հավելվածում կամ kinodaran.com կայքում։

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 010565557 հեռախոսահամարով կամ գրել [email protected] am էլ հասցով»։

Հիշեցնենք, որ ֆիլմի ցուցադրման շուրջ հեռակա բանավեճը սկսեց այն բանից հետո, երբ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը հրապարակային կերպով մեղադրեց Հանրային հեռուստաընկերությանը ֆիլմը չցուցադրելու համար.

««Կյանք ու կռիվ»` նիկոլական Ermənistan Հ1 հեռուստաալիքով այլևս չցուցադրվող ֆիլմի backstage»։

Հանրային հեռուստաընկերությունը, արձագանքելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի վերաբերյալ հարցումներին, թե ինչու ֆիլմի հեղինակային իրավունքներն ունենալով հանդերձ՝ այն չի ցուցադրում, հայտնել էր.

«Թեև ֆիլմը նկարահանվել է Հանրային հեռուստաընկերության պատվերով և միջոցներով, և ըստ տրամաբանության՝ հեղինակային իրավունքները պետք է պատկանեին Հանրայինին, փաստացի, տնօրինվում են այլ ընկերության կողմից:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունն արդեն իրավական գործընթաց է սկսել՝ պարզելու ֆիլմի հեղինակային իրավունքներն այլ իրավատիրոջ փոխանցելու հանգամանքները, վերականգնելու իր իրավունքները, ինչպես նաև գնահատելու և փոխհատուցելու Ընկերությանը հասցված վնասը: Հանրայինն այս խնդրի առնչությամբ դիմում է պատրաստվում ուղղել ՀՀ պետական վերահսկողական ծառայություն»։