Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Լարված իրավիճակ հայ-իրանական սահմանին, թմրամիջոցներ, ահաբեկիչների ներթափանցման վտանգ»․ ՌԴ ՖՍԲ-ն շտապեց արձագանքել

Հանրային հեռուստատեսության Լուրեր ծրագրին, ըստ պետական Արմենպրես գործակալության, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) սահմանապահ վարչությունից հայտնել են, որ վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ: Նշվում է, որ բացի այդ՝ արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր։  2021 թվականին Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալի՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից:

«Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր՝ անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ ընտրողական (իսկ սահմանախախտների որոնման և հետապնդման դեպքում՝ առանց բացառության) միջոցառումներ իրականացնելու համար ՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով: Սահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին», նշել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունից։

ՌԴ ԱԴԾ-ն այսպիսով արձագանքել է Yerevan.today կայքի լուրին, ըստ որի՝ ՀՀ Մեղրի-Ագարակ հատվածում ռուս զինվորականները մոդուլային մի քանի հենակետեր են տեղադրել եւ ստուգում են ուղեւորներին։ Դա կապվեց նոյեմբերի 9-ի թղթով նախատեսված՝ ՀՀ հարավով արտատարածքային ճանապարհի ՌԴ ԱԴԾ վերահսկողության հետ, ըստ որի ստացվում է, որ ռուսական կողմն արդեն վերահսկողություն է սահմանել, ճանապարհը դեռ «չբացված»։ ՌԴ ԱԴԾ-ն շտապում է այլ բացատրություն տալ։

Հիշվում է՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների օրերին, ի պատասխան հայկական կողմի մտահոգությունների, ՌԴ-ն հայտարարում էր ահաբեկիչ-վարձկանների տեղափոխման մասին, սակայն համառորեն չէր նշում Թուրքիայի անունը։ Սակայն կարճ ժամանակ անց Լավրովը հայտարարեց, որ ահաբեկիչներն իրենց համար վտանգ չեն ներկայացնում։ Հիմա ՌԴ ԱԴԾ-ն հայտարարում է Իրանից ահաբեկիչների մուտքի վտանգի մասին, դրանով հիմնավորելով հենակետերի տեղակայումը։

Նշենք, որ Իրանը բազմիցս խիստ մտահոգություն է հայտնել Հայաստանի հարավով արտատարածքային միջանցքի կապակցությամբ, հայտարարելով, որ թույլ չի տա Հայաստան-Իրան սահմանի վերացումը։ ՌԴ ԱԴԾ հայտարարությունն այս առումով հեռուն գնացող ենթադրությունների առիթ է տալիս։