Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լավագույն ուսանողներից երկուսը կոնսերվատորիայից են

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հունվարի 5-ին պաշտոնապես հրապարակվեցին 2022 թ. լավագույն ուսանողների անունները։ Երկու փուլից բաղկացած մրցույթում 33 հաղթած ուսանողներից վեցը ներկայացնում են մշակույթի ոլորտը, որից երկուսը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնահար Անահիտ Հարությունյանն ու դաշնակահար Շահանե Աղաքարյանն է։

«Հյուսիսում մի աղջիկ կա նույնպես…» Սերգեյ Եսենինի Շահանեին նվիրված հայտնի բանաստեղծության այս տողով կարող ենք հասնել Հայաստանի հյուսիս՝ Արթիկ, որտեղ ծնվել ու իր  մակությունն է ապրել կոնսերվատորիան ներկայացնող 2022 թ. մշակույթի ոլորտի լավագույն ուսանողներից մեկը՝ Շահանե Աղաքարյանը։
Նրա կերպարին չափազանց ներդաշնակ են երգեցիկ ու ասողիկ ուրվագծերը։ Նրա խառնվածքին հատուկ է արթուն երազող արտիստի նյարդը։ Նրան վստահորեն կարելի է օժտել խելացի ու խորը սանի բնորոշումներով։ Իսկ ամենակարեւորը՝ բարձր առաջադիմությունը եւ նախորդ երկու տարիներին ունեցած հաջողությունները՝ YAMAHA Եվրոպայի երաժշտական հիմնադրամի կրթաթոշակառու դառնալը եւ Ամադեուս կոնցերտմայստերների (նվագակցողների) մրցույթի Գրան Պրին բավարարեցին հայտ ներկայացնել ԿԳՄՍՆ հայտարարած անվանական կրթաթոշակների տրամադրման 2022 թվականի մրցույթին։
Շահանե Աղաքարյանը ԵՊԿ պրոֆեսոր Ռոզա Թանդիլյանի մասնագիտական դասարանի վերջին ներկայացուցիչն է, իսկ եթե հիշեցնենք, որ ուսուցիչը Առնո Բաբաջանյանի ուսանողն է եղել, ապա ավելի է ջերմանում դաշնամուրային այս տոհմի ներկայացուցչի մասին խոսքը։

Շահանեի համար գործիքը ծնված օրվանից է իր հետ ապրել, նա անգամ չի հիշում առաջին հանդիպումը, բայց ընտանիքում կա նրա մանկությունից նրբին մի պատկեր. հյուսիսային Արթիկի մի բնակարանում տեսնում ենք դաշնամուր պարապող երիտասարդ մայրիկին, ով աջ ոտքով գործիքի ոտնակն է սեղմում, իսկ ձախով՝ նորածին Շահանեի օրորոցն է շարժում։

Սկզբից ու մինչեւ օրս Շահանեն կապված է երգեցողությանը. մասնակցում էր մայրիկի համերգներին, միշտ երգում էր, բայց չէր էլ ցանկանում երաժիշտ լինել։ Նա լեզվաբան էր դառնալու, եթե 15 տարեկանում չմասնակցեր Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների միջազգային մրցույթին։ Հանդիպում է վաստակաշատ մանկավարժ, պրոֆեսոր Ռոզա Թանդիլյանին, ում հորդորով շնորհալի աշակերտը սկսում է երաժշտի իր ճանապարհը։ Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում մեծանուն ուսուցչի հանձնարարած ծրագիրը մինչ այդ՝ թեթեւ ընտրած ստեղծագործություններից հետո չափազանց բարդ էր ու անսպասելի՝ Ս. Ռախմանինովի, Ֆ. Լիստի գործերը հնարավոր եղան յուրացնել միայն աշխատասիրությամբ։ Երկու տարի անց Շահանեն արդեն կոնսերվատորիայի ուսանող էր։ Այստեղ նրա կատարողական կերպարն ամբողջանում է  նաեւ կոնցերտմայստերական արվեստով, սիրված պրոֆեսորի՝ Սինորա Գյուլբուդաղյանի ղեկավարությամբ դասարանում երգելուց այդպես էլ չհեռացած մենակատար-դաշնակահարը հնարավորություն ուներ մեկտեղել իր երկու մղումները՝ ուսումնական ու համերգային ելույթներ ունենալով երգիչների հետ։ «Մինչեւ հիմա դժվար եմ ինձ զգում դաշնակահար, ավելի հարազատ է երգչուհին»,-խոստովանում է Շահանե Աղաքարյանը։ Նրան ավելի հոգեհարազատ են վոկալ կամերային արվեստի ներկայացուցիչները՝ անշուշտ բարիտոն Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուն, ավելացնում է ազդող էներգետիկայով ու վոկալ օրենքներից հեռու ձայն ունեցող տենոր Իեն Բոստրիջին։ Երաժշտությունը, մասնավորապես Յ. Ս. Բախի մի բեմոլ մինոր Պրելյուդ եւ ֆուգան (BWV 853) նրան շարժեց դեպի Ա. Տարկովսկու ֆիլմեր, իսկ սպորտասեր Շահանեն սիմֆոնիաներ լսելով իր երազ վազքուղին անցնում է «Երազ» այգու երկայնքով։ Ի դեպ, մեր հերոսուհին երաժշտության հետ առնչվող շատ երեւույթների բացատրությունները տեսնում է շարժման, դինամիկայի միջոցով… Օրինակ, նշում է, որ իր համար առանձահատուկ դաշնակահար Վլադիմիր Հորովիցը մատներով է փոխանցում էներգիան, այդպես նրա նվագի էմոցիան ծնում է անկրկնելի ձայն-հնչյունը։ Խորհուրդ է տալիս լսել Ֆրանց Շուբերտի թիվ 3 Ges dur-ը։ Շահանե Աղաքարյանն ուսմանը զուգահեռ, իր բնորոշմամբ, «յուրահատուկ զգացողությամբ է» ապրում «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնիկ լինելու ամեն օրը։ Նա երբեք չի մտածել, որ կարող էր «Հովեր»-ի կոնցերտմայստերը լինել։ Հիշում է, որ իր մուտքը երեք անգամ է եղել. 2018-ի լսումներին երգչախմբի հիմնադիր եւ խմբավար Սոնա Հովհաննիսյանը գնահատել էր գեղեցիկ ձայնը եւ խորհուրդ տվել, որ ավելի շատ աշխատի։ Հաջորդ անգամ հանդիպեց, երբ ֆեյսբուքյան հարթակում իր կատարումն էր տեղադրել; Հրավիրվեց, նորից լսեցին, սկսեց երգել որպես երգչախմբի ժամանակավոր անդամ, ավելի ուշ ստացավ կոնցերտմայստեր լինելու առաջարկը։ Ծնունդ առան նոր երաժշտական տեքստեր, պարտիտուրներ սովորելու փուլը, որն անցնում էր սրտի տրոփյունի չափ հուզմունքով։ Շահանեն «Հովեր»-ին սիրեց միանգամից ու մի շնչով։

Մագիստրատուրայի երկրորդ կուրսում սովորող Շահանե Աղաքարյանն այս տարի կավարտի կոնսերվատորիան՝ ծրագրում ունենալով Մ. Ռավելի, Ֆ. Լիստի ու Դ. Սկարլատիի դաշնամուրային գործերը։ Միգուցե կներկայանա դաշնամուրային մենահամերգով։

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

Հանրային կապերի բաժին