Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լեհական հանդեսի կենտրոնում հայ թատրոնն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր «Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» խորագրով միջազգային գիտական նստաշրջանի շրջանակներում, «Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային թատերական 20-րդ փառատոնի հետ համագործակցությամբ կայացավ «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատերագիտություն» («Studia Teatralne Europy rodkowo-Wschodniej», խմբագիր՝ Անդրեյ Մոսկվին, 2021, N 2, Վարշավա) եռալեզու գիտական հանդեսի շնորհանդեսը:

Հանդեսի այս համարի կենտրոնում հայ թատրոնն է, շապիկին` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լուսանկարը և «FOKUS: ARMENIA» գրությունը:

530 էջանոց համարում հանդես են եկել 23 երկրի 34 հեղինակներ, սակայն եթե յուրաքանչյուր երկիր ներկայանում է մեկ կամ երկու հոդվածով, ապա Հայաստանը ներկայանում է մեկ տասնյակից ավելի գիտական և ճանաչողական բնույթի հոդվածներով՝ անգլերեն և ռուսերեն։

«Համարում տեղ գտած հոդվածները վերաբերում են ոչ միայն հայ թատրոնին, այլև կինոյին, բալետին, թատերագրությանը, շեքսպիրագիտությանը»,-մեզ հետ զրույցում ասաց հանդեսի հայկական թողարկման պատասխանատու, արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյանը։

Շնորհանդեսի ժամանակ ելույթներ ունեցան հանդեսում տպագրված հոդվածների հեղինակները, ինչպես նաև «Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Արթուր Ղուկասյանն ու ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը։ Վերջինս իր խոսքում նշեց համագործակցության մասին` Անդրեյ Մոսկվինին առաջարկելով լեհական թատրոնին առնչվող նյութեր տպագրել Արվեստի ինստիտուտի «Արվեստագիտական հանդեսում» և ամուր կապ ստեղծել երկու գիտական մամուլների միջև։

Նշենք, որ հանդեսում գիտական հրապարակումներով հանդես են եկել Արծվի Բախչինյանը (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ), Նարինե Սարգսյանը (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ), Անուշ Ասլիբեկյանը (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ), Սառա Նալբանդյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ), Նազենիկ Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ), Անահիտ Բեքարյանը (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ):

Հանդեսի առանձին բաժնում ներկայացված են ընդհանուր տեղեկություններ արդի հայ թատրոնի և Հայաստանյան միջազգային թատերական փառատոների մասին: Հայ բեմի ժամանակակից շեքսպիրյան բեմադրությունների մասին հոդվածով հանդես է եկել ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը։ Անկախության շրջանի հայկական դրամատուրգիայի մասին է «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի հոդվածը։ Ռոջեր Սմիթը ներկայացնում է հայացք «Summeet» պարի միջազգային փառատոնին, իսկ ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Մոսկվինը զրուցել է «Հայ ֆեստ» թատերական միջազգային փառատոնի հիմնադիր Արթուր Ղուկասյանի հետ:

Վ. Արզումանյան

Լուսանկարները` հեղինակի

Հ.Գ. Գիտաժողովը և գիտական հանդեսը լեհ թատերագետ, «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատերագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր, Վարշավայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի թատրոնի եւ դրամայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինի առաջին համագործակցությունը չէ հայ թատրոնի մասնագետների հետ: 2019 թվականին նրա նախաձեռնությամբ լեհերեն թարգմանությամբ լույս տեսավ «Արդի հայ դրաման» հատորը, որի կազմողն ու խմբագիրն էր, նաև գրքի երկու նախաբաններից մեկի հեղինակը: