Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լեւոն-Նիկոլի «Կարթագենը» պիտի ավերվի, քանի չի ավերվել երկիրը

«Նա (Սերժ Սարգսյանը՝ արտասահմանի հայ երիտասարդների հետ Ծաղկաձորում 23.07.2011 տեղի ունեցած հանդիպմանը – խմբ) պատասխանեց. մենք ազատագրել ենք Ղարաբաղը, իսկ դուք կազատագրե՞ք Թուրքիայի այդ մասը (Արեւմտյան Հայաստանը – խմբ)։ Որքան անհամարժեք պետք է լինել, ես փորձում եմ ճիշտ բառեր ընտրել, որ տարածքային պահանջներ ներկայացնել մի երկրի, որն ունի երկրորդ բանակը ՆԱՏՕ-ում, անկախ արտաքին քաղաքականություն է վարում, երկիր, որի դիրքորոշման հետ հաշվի են նստում բոլորն աշխարհում, անգամ Ֆինլանդիան ու Շվեդիան պետք է հաշվի նստեն ահաբեկիչներին ապաստան տալը դադարեցնելու վերաբերյալ Թուրքիայի օրինական պահանջների հետ։ Ռուսաստանի այդ մանր արբանյակը կամ անգամ Ռուսաստանի ճորտը հայտարարում է, որ կգա օրը, երբ նրանք կօկուպացնեն Թուրքայի տարածքը», Բաքվում նոյեմբերի 25-26-ին «Միջնուղու երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» ամպագոռգոր վերտառությամբ համաժողովի մասնակիցների առջեւ ասել է Բաքվի վարչակազմի պարագլուխ Իլհամը։

Պատմությունը ցույց տվեց Սերժ Սարգսյանի դիրքորոշման մեջ ռազմավարական խորության բացակայությունը: Սակայն կենտրոնանանք Բաքվի Իլհամի վրա: Նա Հայաստանի վերաբերյալ այլ հայտարարություններ էլ է արել, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի հարցը բացառապես Ռուսաստանի հետ լուծելու մասին, նշելով, որ Հայաստանի փոխարեն ամեն ինչ որոշում է Մոսկվան։ Խոսել է նաեւ Վրաստանի հետ Իրանից Հայաստանով ճանապարհը փակելու մասին, նկատի առնելով Վրաստանի հետ վերջերս կնքված համաձայնագրերը էներգետիկ միջանցքի եւ հաղորդակցությունների վերաբերյալ։ «Հայաստանը փակուղային երկիր է, եղած կապուղիներն էլ պատկանում են Ռուսաստանին», հավելել է Իլհամը Բաքվից:

Աբշերոնյան կառավարչի ելույթները գնալով կնաբարո եւ ավելի ու ավելի նյարդային են դառնում, ամենեւին չհիշեցնելով «հաղթանակածի» պահվածք։ Միեւնույն ժամանակ, դրանք ավելի ու ավելի են ներդաշնակվում Պուտինի ու Էրդողանի՝ «անարդար աշխարհի ու սեփական ոտնահարված իրավունքների» հիմքով պահանջներին ու հավակնություններին։ Պատահական չէ, որ նա հիշատակում է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ում երկրորդ բանակի հանգամանքը, թեեւ աչքի առաջ է Հայաստանի դեմ Արցախում ահաբեկչական արշավում Բաքվին առաջնորդած մեկ այլ՝ «աշխարհի երկրորդ բանակի» ներկայիս ողորմելի վիճակն Ուկրաինայում։

Նյարդայնության պատճառը թերեւս այստեղ է՝ իրեն աջակցած «երկրորդ բանակներից» մեկն աղետի շեմին է, մյուսն էլ կարող է նույն վիճակում հայտնվել որոշակի հանգամանքներում, բացառված չէ սիրիական ճակատում։ Սուլթանիկի «ադրբեջանական իրավունքների փաթեթը» պաշտոնապես հիմնված է ուժի կիրառման վրա։ «Միջազգային իրավունքը ոչինչ է՝ որոշողը միայն եւ միայն ուժն է», նրա բառերն են լավ ռեժիսուրա անցած եւ առատ վարձատրված «կոնֆերանսի» առջեւ, որում առաջին դիրքերում էին տարբեր երկրներից հավաքագրված թուրքերն ու հրեաները: Ուժի բացարձակացումը պատահական չէ:

ՀՀ ԱԳՆ քաղկոմիսար Արարատ Միրզոյանի՝ պետական գործակալությամբ տարածված հարցազրույցին Բաքվի ԱԳՆ պատասխանում ասվում է, որ Հայաստանի հետ «սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի բոլոր իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի վերլուծության հիման վրա»։ Խնդիրն այն է, որ «բոլոր իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերը» հաստատում են հայկական իրավունքները, այդ թվում սահմանների հարցում, եւ Բաքուն խնդիր ունի չեզոքացնել իրավական հանգամանքը Մոսկվայի, բայց նախեւառաջ՝ ՀՀ իշխանության միջոցով: Հակառակ պաշտոնական Երեւանի ջանքերին՝ հայկական իրավունքների փաթեթը ոչ մի տեղ չի կորել՝ Վիլսոնյան իրավարար վճիռը, Ազգերի Լիգայի քարտեզը եւ, նույնիսկ, Կարսի պայմանագիրը Երեւան քաղաքի համար կենսապես կարեւոր Նախիջեւանի խնդրով ոչ մի տեղ չեն կորել։ Փաշինյանի հայտնի խեղկատակությունը ՀՀ Սահմանադրության եւ Անկախության Հռչակագրի շուրջ, ԱԳ նախարար ներկայացող անձնավորության նշված հարցազրույցը, Լրագիր.am հարցմանը ՀՀ ԱԳՆ ռեակցիան [Լրագիր, 1] եւ քպ-ական ֆունկցիոներների մեկնաբանությունները Մոսկվայի առջեւ ագենտուրային պարտավորության անհերքելի վկայությունն են։

Այս համատեքստում պետք է դիտարկել Ալիեւի՝ «Հայաստան չկա, բոլոր հարցերը Բաքուն լուծում է Ռուսաստանի հետ» հայտարարությունը։ Սա արդեն խուճապ է նշանակում, քանի որ մոսկովյան պահանջը Բաքվից բոլորովին այլ էր՝ Նիկոլի օրերը ձգելու նպատակով հայ հանրության շրջանում սնուցել ՔՊ արեւմտամետի համբավը [Լրագիր, 2]: Բաքվի խուճապը հղի է նոր ագրեսիայով, մինչդեռ հայ իշխանությունը նոր պատրոն, ոչ փամփուշտ, այլ «պապաշա» իմաստով, որոնող նիկոլ է: Կարծում ենք հավելյալ բնորոշումները ավելորդ են:

Մենք կանգնած ենք մի գեղեցիկ առավոտ պետական մարմիններում քպ-ականներից ոչ մեկին, այդ թվում Նիկոլին չհայտնաբերելու անակնկալի առջեւ: 2-3 գիշերային ավիաչվերթով բռնելու են Մոսկովի ճամփան՝ երկիրը բախտի քմահաճույքին թողնելով: Հայաստանի վերացման մոսկովյան ծրագրի ավարտական փուլում նման վիճակի չբախվելու համար իշխանության մաքրազարդումը «ինքնագործ» խմբակից պիտի անհապաղ, բայց կառավարելի ու հաստատապես խաղաղ լինի: Կարթագենը պիտի ավերվի:

Կարդացեք նաեւ «29,8-ի ֆիասկոն․ անհապաղ իշխանափոխության հրամայականը»