Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Լկտի պահվածքով, քարշ տալով, նվաստացնելով տարել են ծնողներին»․ փաստաբանը հիմնավորում է, որ ոստիկաններն ապօրինի են գործել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ վարչական դատարանում այսօր(դատավոր Մհեր Պետրոսյան) ՆԳՆ ոստիկանության ներկայացրած՝ 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Դավիթ Ուզունյանի հորը՝ Բագրատ Ուզունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցի քննությունն էր։ Միջադեպը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022թ․ սեպտեմբերի 21-ին, երբ Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն ապահովելու համար ոստիկանները բռնի, քարշ տալով եւ մարմնական վնասվածքներ հասցնելով բերման էին ենթարկել մոտ 4 տասնյակ ծնողների։

Հայցվոր կողմը՝ ոստիկանությունը, չէր ներկայացրել այսօրվա նիստին, թեեւ, ինչպես դատական նիստերի քարտուղարը նշեց, պատշաճ կարգով ծանուցվել էր նիստի օրվա եւ ժամի մասին։ Ոստիկանությունը 21.11.2022թ․-ին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Բագրատ Ուզունյանի` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Այդ հոդվածը վերաբերում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն եւ ենթադրում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։

Վարչական գործերով ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ներսես Հարությունյանը դատարանին հայտնեց, որ ոստիկանության հայցի դեմ առարկում են։ Հարությունյանը նախ նշեց, որ Բագրատ Ուզունյանն ամեն օր առանց բացառության այցելում է Եռաբլուր՝ որդու շիրիմին, եւ դեպքի օրը մյուս ծնողների հետ լուսացրել է պանթեոնում․ «Դա պայմանավորված է եղել նրանով, որ ՀՀ անկախության տոնն էր, ծնողները որոշել էին լինել Եռաբլուրում՝ որդիների շիրիմների մետ, որպեսզի ընդհանուր կարծիք ձեւավորեն, քննարկեն միմյանց դժգոհություններն ու ընթացիկ դատավարությունները։ Առավոտյան պանթեոն են այցելել ոստիկանները եւ իրենց պահելով լկտի՝ հայտնել են, որ տարածքը պետք է ազատեն։ Երբ ծնողներն ասել են, որ որեւէ մեկն իրավունք չունի իրենց արգելել գտնվել որդիների շիրիմների մոտ, ոստիկաններն առանց զգուշացնելու, քաշքշելով, կոպտորեն, նվաստացուցիչ վերաբերմունքով բերման են ենթարկել ծնողներին, այդ թվում՝ Բագրատ Ուզունյանին։ Բաժնում մի քանի ժամ ապօրինի պահելուց հետո փաստաթղթեր են պահել ու չեն տվել դրանց օրինակները։ Այս լկտի եւ ապօրինի գործողությունների արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ Ուզունյանը տուժող է ճանաչված»։

Ներսես Հարությունյանը շեշտեց, որ ծնողների՝ մի քանի հարցի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու նպատակով քննարկումը կամ կոնկրետ հարցի շուրջ կարծիք արտահայտելը հանրահավաք չի հանդիսանում, ինչպես ոստիկանությունն է կարծում, սակայն անգամ այդ դեպքում հարկ է նշել, որ օրենքի համաձայն՝ ոստիկանությունը պետք է դիմի հավաքի կազմակերպչին եւ տեղեկացնի, որ պահանջում են դադարեցնել հավաքը․ «Պահանջը չկատարելու դեպքում ոստիկանության ներկայացուցիչն առնվազն երկու անգամ բարձրախոսով մասնակիցներին պահանջում է դադարեցնել հավաքը՝ սահմանելով ողջամիտ ժամկետ եւ զգուշացնում է, որ այդ ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում կարող է ցրել հավաքը, այդ թվում՝ հատուկ միջոցների կիրառմամբ։ Տվյալ դեպքում ոստիկանության ծառայողներն իրականացրել են ոչ իրավաչափ գործողություններ։ Մասնավորապես, ոստիկանության ներկայացուցիչը կրում է ենթադրյալ հավաքի մասնակիցներին հավաքը դադարեցնելու մասին պահանջը ներկայացնելու պարտավորություն, ինչը չի արվել։ Չի սահմանվել հավաքի դադարեցման ողջամիտ ժամկետ։ Բագրատ Ուզունյանը ոստիկանների կողմից ձերբակալվել է նշյալ իրավանորմերի խախտմամբ։ Օրենքով ոստիկանությունն իր պարտականությունների իրականացման համար ուժ, հատուկ միջոցներ, հրազեն կարող է կիրառել ծայրահեղ դեպքերում, երբ այլ միջոցներով հնարավոր չէ նշյալն ապահովել, իսկ ուժ, հրազեն կամ հատուկ միջոցներ կիրառելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել եւ բավարար ժամանակ տրամադրել»։

Ներսես Հարությունյանի խոսքով՝ Բագրատ Ուզունյանը թույլ չի տվել այնպիսի արարք, որի դեպքում նախատեսված կլիներ վարչական ձերբակալում․ «Ակնհայտ է, որ ոստիկանները չեն էլ փորձել տեղում պարզել նրա անձը։ Ձերբակալումը կատարվել է ոստիկանության ներկայացուցչի օրինական պահանջն իբրեւ չկատարելու համար, մինչդեռ ոստիկանությունը վարչական ձերբակալում կարող է իրականացնել՝ պահանջը չարամտորեն չկատարելու դեպքում միայն։ Չկա հիմնավորում, որ անմարդկային ուժ կիրառելը պայմանավորված է  եղել ոստիկանության պահանջին չարամտորեն չենթարկվելով։ Օրինական պահանջ չեն ներկայացրել։ Նաեւ թույլ են տվել հանցանք՝ անցնելով ծառայողական լիազորությունները  եւ բռնի, նվաստացուցիչ վերաբերմունքով բերման ենթարկելով։ Ֆիզիկական ուժը բացառիկ միջոց է եւ կիրառվում է այն դեպքում, երբ այլ ձեւով ոստիկանության պարտականությունների կյանքի կոչումը հնարավոր չէ։ Տվյալ դեպքում ոստիկանների ուժի գործադրումը չի եղել անհրաժեշտություն»։

Դատավորի հարցերին ի պատասխան Բագրատ Ուզունյանը հայտնեց, որ ոստիկանական մեքենայում իրեն պահել են 15 րոպե, իսկ բաժնում մի քանի ժամ պահելուց հետո թողել են։ Ազատ արձակվելուց հետո է իմացել, որ տասնյակ ծնողների նույնպես բերման են ենթարկել բռնի, քարշ տալով, այդ թվում՝ մայրերին։

Հայցի քննությունն այսքանով ավարտվեց։ Դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 20-ին՝ Datalex.am կայքում։ Ներսես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ոստիկանության հայցը ենթակա է մերժման։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ