Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լոռու մարզի 3 բուժհաստատություններում խաբեությամբ պետությունից գումարներ հափշտակելու դեպքեր են հայտնաբերվել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Լոռու մարզի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն իրականացնելու շրջանակում, ուսումնասիրություններ են կատարվել մարզի 28 բժշկական հաստատություններում՝ բնակչության ռիսկային խմբերում իրականացված զանգվածային սքրինգների վերաբերյալ պետության կողմից բժշկական հիմնարկներին հատկացված գումարների տնօրինման օրինաչափությունը պարզելու համար:

Ուսումնասիրությունների արդյունքում, երեք բժշկական հաստատություններում՝ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ–ում, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում, «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում, հայտնաբերվել են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ: Հատկացված պետական միջոցների,  դրանց ծախսման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ–ում 63 շահառուներ չեն անցել անհրաժեշտ հետազոտություններ, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում ՝ 36, «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում՝  22 շահառուներ, սակայն այդ անձանց անվամբ պետության կողմից նշված կենտրոնին փոխանցվել են գումարներ։ Մասնավորապես, ի հայտ են եկել պաշտոնատար անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, խաբեությամբ պետությունից գումարներ հափշտակելու և պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ կատարելու մասին վկայող տվյալներ:

Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի և Սպիտակի քննչական բաժիններում ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է երեք  քրեական վարույթ։

Վերադաս դատախազի որոշմամբ՝ քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին: Նախաքննությունը շարունակվում է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ