Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՄԱԿ ԱԽ-ում արտակարգ նիստ կանցկացվի Զապորոժյեի ատոմակայանի հարցով

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի՝ կապված Զապորոժյեի ատոմակայանում ստեղծված իրավիճակի հետ, որի համար Մոսկվան ու Կիևը մեղադրում են միմյանց։

ՄԱԿ-ի աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի պահանջով շտապ խորհրդակցություն է հրավիրվում, սակայն այս տեղեկատվության անկախ հաստատում դեռ չկա։

Նախօրեին Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները հայտարարել էին, որ Ռուսաստանը պետք է անհապաղ Ուկրաինային վերադարձնի Զապորոժյեի ատոմակայանի վերահսկողությունը։

Նրանք Մոսկվային մեղադրել են ողջ տարածաշրջանի համար սպառնալիք ստեղծելու մեջ։

Ըստ Կիևի՝ ռուսական բանակն օգտագործում է ատոմակայանը որպես ռազմակայան և հարվածներ է հասցնում իր տարածքից՝ հասկանալով, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարող պատասխան կրակ բացել։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կզեկուցի օբյեկտում միջուկային անվտանգության հետ կապված ներկա իրավիճակի մասին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ իր գրասենյակը շտապ բանակցություններ է վարում միջազգային փորձագետների խումբ Զապորոժյե ուղարկելու պայմանների շուրջ։

Գրոսսին իրավիճակը ծայրահեղ ծանր է անվանել։ ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ատոմակայանների գնդակոծումը խախտում է միջազգային միջուկային անվտանգության բոլոր հնարավոր կանոնները։