Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«ՄԱԿ-ի դատարանի կողմից մեր պահանջը բավարարելու պարագայում Ադրբեջանն իրավական պարտականություն է ունենալու ապաշրջափակել Լաչինի միջանցքը»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ըստ Սիրանույշ Սահակյանի՝ առնվազն երկու շաբաթ պետք է սպասել ՄԱԿ-ի դատարանի որոշմանը։

 «Առնվազն երկու շաբաթ մտքում ունեմ»,- «Առավոտի» հարցին՝ որքա՞ն ժամանակում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կկայացնի Հայաստանի՝ հրատապ միջոցի վերաբերյալ պահանջի հարցով, այսպես պատասխանեց փաստաբան Սիրանույշ Սահակյանը։

Նա նշեց՝ քանի որ հարցն առնչվում է հրատապ, անհապաղ միջոցի կիրառմանը, որպես կանոն դատարանն ավելի սեղմ ժամկետներում է որոշում կայացնում ու մանրամասնեց. «Անգամ այդ պայմաններում որպես կանոն այն կարող է 1-2 շաբաթից մինչեւ երկու ամիս տեւել։ Հաշվի առնելով, որ դատարանն անհապաղ միջոցի հարց քննարկել է, եւ սա ընթացող գործի շրջանակում նոր անհապաղ միջոցի խնդրանք է, ենթադրում եմ՝ հարաբերականորեն ավելի կարճ ժամկետներում դատարանը հնարավորություն կունենա որոշում կայացնել»։

Հետաքրքրվեցինք՝ եթե դատարանի կողմից Հայաստանի պահանջի բավարարման դեպքում էլ Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ՄԱԿ-ի դատարանը ի՞նչ գործիքակազմ ունի պարտադրելու Ադրբեջանին, կարո՞ղ է դիմել ՄԱԿ-ի ԱԽ, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Այստեղ արդեն իսկ դատարանի հեղինակության եւ ակտիվության բնույթն է գործոն, որի ուժով այս որոշումները կատարվում են։ Եթե պետությունն իրավաբանորեն խախտում է, պարտադիր որոշումը չի կատարում, խախտում է միջազգային իրավունքը, սա միջազգային պատասխանատվություն է առաջ բերում։ Մյուսը, որ դատարանը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո, եւ դատարանի որոշումը չկատարելը սպառնալիք է հենց այս կառույցի հեղինակությանը։ Կառույցը գործի է դնում իր մյուս մարմիններին՝ օրենսդիր կամ գործադիր, որպեսզի կենսագործի վճռի պահանջները եւ երաշխավորի դատարանի հեղինակությունը։ Այո, կախված դատարանի վճռի չկատարման հանգամանքներից, կարող են գործի դրվել ինչպես Գլխավոր ասամբլեայի, այնպես էլ ՄԱԿ-ի ԱԽ-ի գործիքակազմը»։

Հարցին՝ որքանո՞վ էին Ադրբեջանի պահանջները համապատասխան խտրականության կոնվենցիայի դրույթներին, փաստաբանը պատասխանեց. «Եթե խոսում ենք ականապատման մասին, նախ ականապատումը ընդունված է, պետությունների անվտանգության պաշտպանունակության ապահովման համատեքստում, եւ ինքնին ականապատման փաստը դեռեւս ռասսայական խտրականության մասին չի կարող վկայել եւ նաեւ վիճակագրությունը կամ այլ փաստերը չեն խոսում դրա մասին, որ այն ունի թիրախավորում, եւ այս ճանապարհով կարելի է խտրականության կամ բնաջնջման ենթարկել ադրբեջանական էթնիկ միավորը։ Դրա համար նույնիսկ, եթե ականապատումը տեսականորեն, ենթադրաբար խնդրահարույց լինի որոշ վայրերում մարդասիրական իրավունքի տեսանկյունից, շատ դժվար հիմնավորելի է կապված խտրական քաղաքականության հետ։ Հիմնական առանցքն այս գործի հենց դա է լինելու, որ ականապատումը որեւէ պատճառահետեւանքային կապ չունի խտրականության հետ, բայց ականապատման փաստերն ինքնին եւս վիճելի են։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը չունի բավարար ապացույցներ, որ հայկական կողմը միտումնավոր ականապատել է բնակավայրեր կամ ականներ է տեղափոխել Լաչինի միջանցքով։ Մենք շատ արհեստական ենք դիտարկում այս գործընթացը, հավասարակշռվածություն ստեղծելու նպատակով է այն իրականացվում»։ Սիրանույշ Սահակյանը բարձր է գնահատում հայկական կողմի շանսերը ՄԱԿ-ի դատարանում հաջողության հասնելու առումով ու նշում. «Այստեղ նշեմ, որ Եվրոպական դատարանում անհապաղ միջոցի խնդրանք ներկայացրել է Ադրբեջանը, եւ այդ պահանջը մերժվել է։ Հայկական կողմի պահանջը բավարարվել է Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Սա բավականին սոլիդ հիմք է, որի առավելությունից օգտվելով կարելի է նաեւ գրագետ պաշտպանություն կազմակերպել ՄԱԿ-ի դատարանում»։

Հստակեցմանը՝ ուղիղ կապ կա՞, այսինքն՝ եթե ՄԱԿ-ի դատարանը բավարարի մեր պահանջը, դա նշանակում է, որ Լաչինի ճանապարհը Ադրբեջանը պետք է հրատապ բացի՞, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Ուղիղ ձեւով դրված է միջանցքը բացելու, ապաշրջափակման խնդիրը, նաեւ գազամատակարարումն ու այլ կենսական նշանակության հանրային ծառայությունների վերականգնումը եւ դրանց հետագա խաթարումը բացառելը։ Դրա համար դատարանի կողմից պահանջը բավարարելու պարագայում Ադրբեջանն իրավական պարտականություն է ունենալու ապաշրջափակել Լաչինի միջանցքը, իսկ դա չկատարելու դեպքում, կարծում եմ՝ այդ կառույցը եւ այլ պետություններն էլ պետք է գործադրեն անհրաժեշտ քաղաքական ուժ՝ Ադրբեջանի վարքագիծը փոփոխելու նպատակով»։

Մեր փաստմանը՝ գրեթե կառույց չմնաց, որ ճնշում չգործադրի Ադրբեջանի վրա՝ պահանջելով Լաչինի միջանցքի բացում, ուստի այս առումով ՄԱԿ-ի դատարանը վերջին օղա՞կն է, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «ՄԱԿ-ի դատարանը, կարծում եմ, սա շատ կարեւոր հարթակ է, որը պետք է օգտագործվեր, եւ այս դատական որոշման հիման վրա կարելի է համոզել քաղաքական դերակատարներին կոշտացնել ճնշումը։ Այս պահին հիմնականում կոչերի տեսքով է դրսեւորվում նրանց վարքագիծը, սակայն պատասխանատվության միջոցներ դեռեւս չեն կիրառվում։ Դատական ակտը կարող է լեգիտիմացնել քաղաքական դերակատարների կողմից ավելի կոշտ միջոցների՝ այդ թվում պատժամիջոցների կիրառումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ