Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մանուկյան. ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի մասին իշխանությունն ամեն օր խոսում է, բայց այն որևէ մեկս մեր սեփական աչքով չենք տեսել

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում այսօր մեկ հարց է ընդգրկված՝ Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։

Հանձնաժողովի անդամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ հանձնաժողովի նիստերում տարբեր հարցեր են քննարկվում և այսօր էլ ականատես են լինում, որ կառավարության կողմից երկրի անվտանգային համակարգի, Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարության հետ կապված որևէ նախագիծ չկա։

«Կա մեկ փոքրիկ, մեկ տողանոց փոփոխության նախագիծ, որը հերթական անգամ խոսում է  մի բանի մասին, որ, ցավոք սրտի, իշխանությանների կողմից այդքան խոսվող  Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարության հետ կապված լայնածավալ աշխատանք չկա և այդ պատճառով մենք օրակարգին ձեռնպահ ենք քվարկելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա նշեց, որ համակարգային բարեփոխումների մասին է խոսում, ոչ թե առանձին փաթեթների։

«Նոյեմբերին, երբ բարեփոխումների  հայեցակարգի մասին էին խոսում, Սուրեն Պապիկյանն ասաց, որ հրավիրում է պաշտպանության նախարարություն ծանոթանալու։ Մինչ օրս պարբերաբար դիմել եմ ՊՆ, մինչև հիմա ՊՆ-ն հնարավորություն չի ընձեռել ծանոթանալու բարեփոխումների ռազմավարական այդ հայեցակարգին, որի մասին իշխանությունն ամեն օր խոսում է, բայց որը որևէ մեկս մեր սեփական աչքով չենք տեսել»,- ասաց Մանուկյանը։

Նա նաև նշեց, որ հունվարի 18-ին դիմել էին Սուրեն Պապիկյանին՝  պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Աննա Գրիգորյանին, Արգիշտի Գևորգյանին և իրեն թույլ տան ձմեռային զորակոչով պայմանավորված այցելել Կենտրոնական հավաքակայան՝  ծանոթանալու վիճակին, խնդիրներին, հարկ եղած դեպքում առաջարկներով հանդես գալ, որը մտնում է իրենց  ֆունկցիաների մեջ, շփվելու  սպայակազմի հետ։

«Ամիս 1-ին ավարտվում է ձմեռային զորակոչը։ Երեկ ստացել եմ պատասխան, որ ձմեռային զորակոչի ընթացքին հետևելու նպատակով ներկա փուլում պաշտպանության նախարարը մեր ներկայությունը նպատակահարմար չի համարում։ Սա արդեն  երկրորդ՝ նպատակահարմար չհամարելու դեպքն է։ Մի անգամ էլ դիմել էինք  եռամսյա զորահավաքի օրերին առանջնագծի որոշ հատվածներ այցելել համար։

Սա ուղղակի ևս մեկ անգամ փաստում է, թե ինչպես է նախարարությունը վերաբերվում խորհրդարանական վերահսկողությանը, ֆունկցիաներին։

Սա խոսում է  այն մասին, որ համագործակցության որևէ եզր հանուն մեր անվտանգության, պաշտպանության ամրապնդման, չեն թողնում որ գոյանա»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։