Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մարդիկ դրան հավատացել են անկեղծորեն ու չեն կարեւորել, որ այն զենքը, որ տալիս են ձրի, կիսաձրի, դա մետաղաջարդոն է». Վիգեն Խաչատրյանը՝ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ես մի բան գիտեմ՝ պաշտոնապես նման առաջարկ չի արվել: Վտանգներ տեսնում եմ, այո»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ խոսելով «Հայկական ժամանակում» հրապարակված տեղեկության մասին, թե ՌԴ-ն ուզում է միութենական պետության կազմի մեջ մտցնել Հայաստանը:

Դիտարկմանը, որ վերջին շրջանում ակտիվացել է Արեւմուտքի հետ հայկական կողմի համագործակցությունը, հանդիպումները, մենք փորձում ենք վեկտո՞ր փոխել՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Հայաստանի համար գերխնդիր է երաշխավորել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը,  մեր քաղաքացիների անվտանգությունը, Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունն ու բոլոր իրավունքների երաշխավորումը եւ ռազմական գործողությունից խուսափելը, այսինքն՝ տարաձայնությունները հարեւանի հետ բանակցային սեղանի շուրջ քննարկելը: ՀՀ-ն հայտարարել է, որ հնարավորինս ընդարձակելու ենք մեր համագործակցությունը բոլոր այն միջազգային ուժերի, անգամ առանձին անհատների հետ, որոնք համամիտ են մեր տեսակետի հետ եւ պատրաստ են մեզ աջակցել: Որեւէ դաշնային պարտավորություն մեզ չի կաշկանդում, եւ այն հարաբերությունները, որոնք կարող են կաշկանդել, մենք կարող ենք վերանայել»:

Անդրադառնալով զենք գնելու դժվարություններին՝ Վիգեն Խաչատրյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը չի ասել՝ դաշնակից, ասել է՝ դաշնակիցներ եւ որոշակի անորոշություն կա, ինչը նորմալ է…Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին,  այս իշխանությունը չի հիմք դրել այդ հարաբերություններին: Ժամանակին մարդկանց մոտ եղել է համոզմունք, որ դա երաշխավորում է Հայաստանի անձեռնմխելիությունը: «Հայրենիք» կուսակցությունից մեկը Հ1-ում հարցազրույցի ժամանակ ասեց՝ դուք ի՞նչ եք պատկերացնում, հարձակվել ՀՀ-ի վրա նշանակում է հարձակվել ՌԴ-ի վրա, արդյոք Ադրբեջանը կհամարձակվի՞ հարձակվել Ռուսաստանի վրա: Տեսանք, հարձակվեց մի քանի անգամ ու այնպես չի, որ Ռուսաստանը դա ընկալեց՝ որպես իր վրա հարձակում: Նախկին պատասխանատուները վստահ են եղել, որ Հայաստանը մեծ անվտանգության երաշխիք ունի՝ ի դեմս ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի, մարդիկ դրան հավատացել են անկեղծորեն ու չեն կարեւորել, որ այն զենքը, որ տալիս են ձրի, կիսաձրի, դա մետաղաջարդոն է»:

Վիգեն Խաչատրյանը գտնում է, որ հիմա չենք կարող ՀԱՊԿ-ի դուռը նեղացած երեխայի նման շրխկացնել ու գնալ, որովհետեւ ՌԴ-ի հետ կապերը խորն են ու դրանց վերանայումը պահանջում է երկար ժամանակ. «Եթե ենք դիտարկում ենք, որ ՀԱՊԿ-ը պրոբլեմ է մեզ համար, մենք ՀԱՊԿ-ի հետ հարցերը լուծելուց ուրիշ պրոբլեմ չառաջացնենք, ընդ որում՝ ոչ միայն ռազմական, դա կարող է լինել էներգետիկ, տրանսպորտային եւ այլն: Այսինքն, դա ռիսկ է պարունակում ու տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Իշխող խմբակցությունում վերջնական որոշում կայացած չէ ո՛չ մնալու, ո՛չ դուրս գալու»:

Վիգեն Խաչատրյանը մատնանշեց ԱԺ նախագահի այցը ՌԴ՝ ասելով, որ օրակարգում է ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցը. «Լուրջ այց է պետական մակարդակով: Այս հարցերում մենք պիտի մեր գործընկերներին հնարավորություն տանք, չնայած դա կատարվում է մեր ջղերի ու նյարդերի հաշվին, վերջնական կողմնորոշվելու՝ իրենց պարտավորությունները ուզո՞ւմ են կատարեն, թե՞ մենք այլ կերպ ենք հասկանում, իրենք՝ այլ կերպ: Այդ հարցը օդում կախված է եւ կարծում եմ շատ երկար չի մնա օդում»:

Հարցին՝ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը ձեզ քննադատում էր, որ նախկինների ժամանակ ՌԴ-ն ձրի էր զենք տալիս, դուք փողը տալիս եք՝ չեն մատակարարում, այդ ձրի զենքը մետաղի ջարդո՞ն է եղել՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «44-օրյա պատերազմը ապացուցեց, որ որոշ մարդկանց համոզումը, որ մենք օդից պաշտպանված ենք, որովհետեւ մենք հակաօդային պաշտպանություն ունենք…Ես չեմ ուզում այսօր ՌԴ-ն ներկայացնեմ՝ որպես անճարակ մի պետություն, ես ինձ թույլ չեմ տա, ուրեմն ինչ-որ մի բան չի աշխատել: Այսինքն, հայկական բանակի այդ վիճակը, այդ զոհերի քանակը խոսում է նրա մասին, որ առնվազն մեր գործընկերը շահագրգռված չի եղել մեզ հետ հզոր բանակ ունենալու: Եթե մերոնք չէին գիտակցում, հուշեին, պահանջեին, ասեին՝ համատեղ պատասխանատվություն ենք կրում: Մեր այն համեստ վրդովմունքը, որ ինչու եք Ադրբեջանին զենք վաճառում տասնյակ տարիներ տասնյակ միլիարդների եւ մեր այդ խեղճ վիճակում ման գալը…Արդեն 3 տարի է՝ խեղճ չեն, տեսնում ենք, որ Հնդկաստան էլ են գնում, Անգլիա, ԱՄՆ, Չինաստան էլ են գնում, այդպես պետք է անեին, աշխատեին»:

Երբ լրագրողները հիշեցրին ապրիլյան պատերազմի արդյունքը եւ 44-օրյա՝ Վիգեն Խաչատրյանն ասաց,որ ապրիլյան պատերազմը մեր հերթական խայտառակությունն է եղել. «Այն, որ բանակը անհրաժեշտ զինամթերքով, անհրաժեշտ քանակությամբ ու որակով չի զինվել, բանակում ավելի շատ եղել է բիզնես, քան բանակ, փողով տուն էին ուղարկում, բանակը՝ որպես դիմագրավող ուժ այլասերվել էր, մեր բանակը բոլորիս աչքի առաջ էր այլասերվում եւ այդ բանակը չէր կարող հերոսություն աներ, բացի զինվորի հերոսությունը, որովհետեւ տակտիկապես, ռամկավարական առումով ապավինել ենք ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, սեփական դիմագրավությունը չենք բարձրացրել: Միակ բանը, որ արվել է մարտիկների հերոս ոգին դաստիարակելն է եղել, որը այսպես թե այնպես մեր ազգի մեջ կար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ