Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մարդիկ կամաց-կամաց իրերն են հավաքում, տխուր են». ինչ իրավիճակ է Բերձորում

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է հեռանան գյուղից: Այս մասին, գյուղի բնակիչներին օգոստոսի 5-ին զգուշացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: ArmLur.am-ը զրուցեց Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում այս օրերին Բերձորում:

-Պարո՛ն Ալեքսանյան, ի՞նչ իրավիճակ է գյուղում, բնակիչներն ի՞նչ են անում:

– Մարդիկ կամաց-կամաց փորձում են իրենց իրերը հավաքել: Տխուր են… տրամադրություն չկա: Այսքան տարի արած-դրած, այսօր դա ուղղակի մնում է… չգիտեմ… Չնայած որ սկզբի օրերի հետ համեմատ մեղմվել է, բոլորն էլ գիտակցում են, որ…

-Լուռ համակերպվել են…

-Հա… ամեն մեկն իր համար է, իրերը դասավորելով, իրեն հարմար ինչ որ վայրում բնակարան նայելով, այս պահին այս գործընթացն է: Գրեթե բոլորը գտել են բնակարան, որն էլ որ չի գտել կամ չի էլ փորձել գտնի, բարեկամ, հարազատ ունի, կմնա իրենց տանը, հետո կգտնի: Բայց կան մարդիկ, որոնք դեռ չեն կողմնորոշվել՝ գնա՞լ Արցախ, թե: Հայաստան:

-Պարո՛ն Ալեքսանյան, այս օրերին բնակիչներն ահազանգում են, որ բեռնափոխադրող ընկերություններն ապրանքները տեղափոխելու համար բարձր գին են ուզում…

-Դե, հա, բնականաբար, լինելու են նման մարդիկ, բայց դեռ կարիք չի զգացվել, հիմնականում ով որ պատրաստ է տեղափոխվելու, ինքն իր ձեւով հարմար տարբերակ գտել է, կլինի իր բարեկամի տրանսպորտային միջոցը կամ հենց իրենը: Ես վստահ եմ, որ այդ խնդրի հետ առնչվելու ենք, ոնց որ առնչվեցինք 44-օրյա պատերազմից հետո:

-Իսկ Արցախի կառավարությունն ի՞նչ է անում: Որեւէ կերպ աջակցո՞ւմ է:

-Բնականաբար, կառավարությունն աջակցել է՝ Կարմիր խաչի միջոցով, էական չէ, թե ինչ կազմակերպության միջոցով, ֆինանսական աջակցություն է տրամադրվել: Նաեւ՝ տրամադրվել է բեռանափոխադրում իրականացնող անհատների տվյալներ, որոնք ունեն տրանսպորատային միջոցներ եւ կարող են տեղափոխել:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը