Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարդիկ պետք է շարունակեն ապրել Ջերմուկում ու զարգացնել այն, իսկ դրա համար, պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը․ Սյուզաննա Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Aravot.am-ը Ջերմուկի վրա ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակի մասին զրուցել է Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանի հետ։

-Այսօր հայտնի դարձավ, որ Ջերմուկում գրեթե 20-օրյա դադարից հետո վերսկսել են աշխատել հյուրանոցային ընկերությունները։ Դուք, որպես «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, նախաձեռնել էիք ավագանու արտահերթ նիստ, ըստ Ձեր ֆեյսբուքյան գրառման, ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Կարծում եք՝ հիմա կա՞ դրա կարիքը։

-Ինձ ուրախացրել է Ջերմուկի՝ բնականոն հունով կյանքի վերադառնալու լուրը։ Բայց այն չի չեղարկում ավագանու արտահերթ նիստ հրավիրելու իմ ցանկությունը։ Քաղաքում պատերազմից հետո դեռ շատ չլուծված խնդիրներ կան։ Ես, որպես ջերմուկցի, մինչ հիմա փորձել եմ իմ մասնավոր նախաձեռնություններով օգնել տուժած մարդկանց, բայց որպես ավագանու անդամ, կարծում եմ, ինքս էլ պետք է ներգրավված լինեմ ստեղծված իրավիճակում քաղաքը ճգնաժամից դուրս հանելուն ուղղված գործընթացում։ Այդպես իմ գործողությունները, կարծում եմ, ավելի արդյունավետ և նպատակային կլինեն։

Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է համայնքային ղեկավարությունը խուսափում ավագանու ինստիտուտի միջոցով համայնքի առջև ծառացած խնդիրները լուծելուց։ Նույնիսկ պատերազմի ավարտից 9 օր հետո նշանակված հերթական նիստը չի կայացել՝ առանց նախազգուշացման և հիմնավորման։ Այնինչ, ստեղծված իրավիճակում համայնքն իր ինստիտուցիոնալ կառույցներով առավել արտակարգ ռեժիմով պետք է աշխատեր։

Ինչևէ, ես նախաձեռնել և առաջարկել եմ հրավիրել արտահերթ նիստ՝ ստեղված իրավիճակում համայնքային խնդիրները լուծելու համար։ Իհարկե, իրենց ոճին համապատասխան, համայնքի ղեկավարությունը գտել է նիստից խուսանավելու տարբերակ՝ բյուրոկրատական քաշքշուքների մեջ գցելով ինձ, բայց ես չեմ խուսափում, իրենց ներկայացրած բյուրոկրատական խնդիրները լուծելուց հետո նորից դիմել եմ նույն առաջարկով և ակնկալում եմ, որ ողջամտությունը կունենան և այս անգամ համայնքի կառավարման մենաշնորհ իրենց չեն վերագրի։

-Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ խնդիրներ կան Ջերմուկում, որոնց լուծման մեջ, դուք էլ կարող եք Ձեր ներգրավվածությունն ունենալ։

-Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ջերմուկցիներիս համար պետք է որ անակնկալ չլիներ, քանի որ արդեն ադրբեջանցին շատ էր մոտեցել Ջերմուկին։ Բացի այդ, կարծում եմ, որ վերջին 2 տարիներին մեր բոլոր համայնքները պետք է արդեն ունենային գծագրած իրական հակաճգնաժամային պլան՝ նման իրավիճակներում ճիշտ գործելու համար։ Ի վերջո, պարտադիր չէ, որ հրդեհ լինի, որ հակահրդեհային համակարգ ներդրվի։

Ինչպես նկատեցինք, Ջերմուկը պատրաստ չէր այս հարձակմանը, նույնիսկ տագնապի շչակը չի աշխատել։ Մարդիկ պատրաստ չեն եղել արտակարգ իրավիճակում գործելուն, խուճապն ու տագնապն ամենուր է եղել։

Մենք, որպես համայնքի ղեկավարություն, պետք է բնակիչներին տեղեկացնենք, թե որտեղ են, օրինակ, ապաստարանները, ինչպիսի գործողություններ պետք է կատարեն նման իրավիճակներում, ում պետք է դիմեն տարբեր հարցերով։

Համայնքի ղեկավարությունը պետք է այդ իրավիճակում ստեղծի արագ արձագանքման խմբեր, ռեսուրսների քարտեզագրումը պետք է ճիշտ կազմակերպվի, անընդհատ թարմացվի։ Բայց այդ ամենը, ցավոք, չի արվել։ Եվ չնայած, որ ինքս միշտ բարձրաձայնել եմ ապասատարանների, երկրորդային ճանապարհի առաջնահերթ լինելու, քաղպաշտպանության անհրաժեշտության մասին, բայց ինքս էլ իմ մեղավորությունն եմ զգում մեր քաղաքի՝ նման իրավիճակում անպատրաստ լինելու մեջ։

Բոլորս պետք է մեր մասով պատասխանատվություն կրեինք։ Հիմա էլ փորձում եմ բացթողումը լրացնել․ այս բոլոր խնդիրները քննարկելու արտահերթ նիստ եմ հրավիրում։

Արդյոք Ադրբեջանի հարձակումից հետո Ջերմուկ համայնքի կառավարման ուղղություններում պե՞տք է փոփոխություններ լինեն։

-Անգամ այս իրավիճակում, վստահ եմ, Ջերմուկի այցեքարտը շարունակելու է մնալ զբոսաշրջությունը։ Սակայն միևնույն ժամանակ, մենք պետք է հաշվի նստենք նրա հետ, որ իրավիճակ է փոխվել և փոխվում։ Կարծում եմ՝ կարիք է լինելու վերանայելու համայնքի զարգացման 5-ամյա ծրագիրը։ Մենք պետք է նախ մեր ռեսուրսները և կարիքները գնահատենք, նոր առաջնահերթություններ սահմանենք, որոնց հիմքում կլինի անվտանգային միջավայրի ձևավորումը։ Մարդիկ պետք է շարունակեն ապրել Ջերմուկում ու զարգացնել այն։ Դրա համար, նորից եմ կրկնում, պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը, գիտելիքներն ու հմտությունները։

-Դուք հավանաբար հիմա էլ շփվում եք Ջերմուկից դուրս եկածների ու այնտեղ վերադարձածների հետ։ Որո՞նք են այդ մարդկանց խնդիրները։

-Այո՛, ես մշտական կապի մեջ եմ շատ բնակիչների հետ։ Ինքս եմ այցելել շատերի բնակարաններ, խոսել մարդկանց հետ։ Խնդիրները տարբեր են ու շատ, բայց իմ տպավորությամբ, բոլորիս ընդհանուր խնդիրը, այսպիսի իրավիճակներին ավելի պատրաստված լինելն է և համայնքը ապրեցնելու արդյունքում վտանգը հնարավորինս չեզոքացնելն է։

Դա իսկապես հնարավոր է, եթե կառավարումը ճիշտ, մասնակցային և արդյունավետ լինի, մարդակենտրոն քաղաքականություն մշակվի։ Եվ սրանք լոկ բառերի շարան չեն, այլ լուծումներ։ Հույս ունեմ, որ մեզ հասած ճգնաժամը սթափեցնող կլինի բոլորիս համար, ամեն մեկս կփորձի իր արածն ու հնարավորությունները վերագնահատել, ճիշտ ընտրված քայլերով մեր համայնքը ոտքի կանգնեցնել։