Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարդիկ ցանկանում են գալ հենց Ջերմուկում գումար ծախսեն՝ օգտակար լինելու քաղաքի զարգացմանը. Նարեկ Միրզոյան

Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հարձակման ենթարկված առողջարանային քաղաք Ջերմուկում կյանքը վերադարձել է բնականոն հուն, վնասված շենքերը, ենթակառուցվածքները վերականգնվել են կամ վերականգնման ընթացքի մեջ են։ Panorama.am-ի հետ զրույցում Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի «Vizit Jermuk» զբոսաշրջային տեղեկատվական հարթակի  հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանն ասաց, որ դեռևս չունեն տվյալներ, թե սեպտեմբերի 13-14-ին թշնամու հարձակումից հետո մինչ օրս քանի զբոսաշրջիկ է այցելել Ջերմուկ, այդ ուղղությամբ աշխատում են, սակայն, կարծում է, որ շատ չեն լինի՝ հաշվի առնելով այն, թե ինչ տեղի ունեցավ։

«Բնական է, մարդկանց մոտ մտավախություն կա, մարդիկ դեռ չեն ուզում գալ»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ ջերմուկցիները տեղում են, շարունակում են  իրենց կյանքն ամենօրյա ռեժիմով, բոլոր ենթակառուցվածքներն աշխատում են։

Ինչ վերաբերում ամանորյա հանգիստը Ջերմուկում անցկացնելուն, Ն. Միրզոյանն ասաց, որ արդեն տևական ժամանակ է հյուրանոցային տնտեսությունները հայտարարել են ամանորյա փաթեթների վաճառքի ու նախավաճառքի մասին, արդեն բավականին շատ ամրագրումներ ունեն, չնչին քանակությամբ համարներ են մնացել։

«Իհարկե, ինչպես նշեցի, կան մարդիկ, որոնք մտավախություն ունեն կապված ստեղծված իրավիճակի հետ, բայց հիմնականում մարդիկ ցանկանում են գալ հենց Ջերմուկում գումար ծախսեն, որպեսզի դրանով իսկ օգտակար լինեն քաղաքի հետագա զարգացմանը, նպաստեն զբոսաշրջանության զարգացմանը»,- ասաց նա։

Ն.Միրզոյանը կարծում է, որ մինչև  դեկտեմբերի 20-25-ն  արդեն ընդհանուր պատկերը կլինի հետևյալը՝ բոլոր հյուրանոցները վաճառած կլինեն իրենց ամանորյա փաթեթները։

Նա հայտնեց, որ հյուրանոցային տնտեսությունների ամանորյա փաթեթների մեջ ներառվում է՝ երեքանգամյա սնունդ, բուժումներ, այսինքն այն ծառայությունները, ինչ սովորաբար առաջարկում են հյուրանոցային տնտեսությունները։

«Հյուրանոցները սովորաբար ամանորյա փաթեթներում ներառում էին մեծ տոնական միջոցառումներ, ֆուրշետներ։ Այս տարի արդեն մի քանի հյուրանոցներից ստացած տվյալներով, ամանորյա խոշորամասշտաբ միջոցառումներ չեն կազմակերպելու»,- ասաց Ն.Միրզոյանը։

Այն, որ տոնական միջոցառումներ չեն նախատեսում, դա նաև փոխել է գնային քաղաքականությունը՝ իջեցնելով փաթեթների գները։

«Օրինակ, եթե անցած տարի հնգօրյա փաթեթը երկու անձի համար 800-900 հազար դրամ էր, այս տարի նույն փաթեթը 370-400 հազար դրամ է»,- ասաց նա։

Մինչև ամանորյա տոները՝ Նարեկ Միրզոյանը խորհուրդ տվեց այցելել Ջերմուկ՝ վայելելու աշնանային վերջին օրերը, ձմռան գալուստը։