Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարսի դիտման լավագույն հնարավորությունը

Դեկտեմբերի 8-ին Գրինվիչի ժամանակով ժամը 6-ին (Երևանի ժամանակով ժամը 10-ին) «կարմիր մոլորակը»՝ Մարսը (հայկական անվանումը՝ Հրատ), կգտնվի դիմակայության մեջ: Սա նշանակում է, որ այն Արեգակի և Երկրի հետ նույն գծի վրա է և ամենամոտ դիրքում է Երկրի նկատմամբ։

Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են՝ այդ դիրքում Մարսը կունենա ամենամեծ հնարավոր անկյունային չափերը (17․01 աղեղնային վայրկյան (”), համեմատության համար, նվազագույն չափը լինում է այն 3․5”, իսկ Լուսնի սկավառակի տրամագիծը միջինում 31 աղեղնային րոպե կամ 1860” է) և կլինի մեզ համար ամենապայծառ վիճակում (-1․9 աստղային մեծություն)։ Այն բոլոր աստղերից ավելի պայծառ կլինի, սակայն կզիջի Վեներային և Յուպիտերին։

Այս օրերին Մարսը Երկրից նվազագույն հեռավորության վրա է (0.5445 ա․մ․ = 81.6 մլն կմ)։ Մարսի ուղեծրի ձգվածության պատճառով այն Երկրից ունեցած ամենամոտ դիրքին վերադառնալիս տարբեր հեռավորություն է ունենում, և բացարձակ նվազագույնը հասնում է 54 մլն կմ-ի։ Այդ ժամանակ Մարսի տեսանելի մեծությունը հասնում է -2․88 m -ի և կարող է Յուպիտերից էլ պայծառ լինել։

Նշենք, որ Մարսը կդիտվի ողջ գիշերվա ընթացքում՝ Ցլի (Taurus) համաստեղությունում։ Հետաքրքրական է, որ դիմակայությունից ընդամենը մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, տեղի կունենա Մարսի ծածկումը Լուսնով՝ Մարսի «խավարումը»։

Մարսը դիմակայության մեջ է գտնվում մոտավորապես 25-26 ամիսը մեկ անգամ։ 2022թ-ի դեկտեմբերը Մարսի դիտման լավագույն ժամանակահատվածն է լինելու։ Դիմակայության մեջ Մարսն այնքան լավ կդիտվի, որ նույնիսկ փոքր սիրողական աստղադիտակով կարելի է տեսնել նրա Բևեռային գլխարկը (Polar Cap)։