Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեկնարկում է կանանց տնտեսական հզորացման «Պլատֆորմ #5 | Վերակրթում» ծրագիրը

Հայաստանում կանանց տնտեսական հզորացմանը նպաստելու,  ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում վերջիններիս ակտիվ ներգրավվածությունն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով մեկնարկում է  «Platform #5» կանանց մասնագիտական ուսուցման ծրագիրը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում աշխատաշուկայից դուրս մնացած կանանց թվային մարքեթինգի ոլորտում ձեռք բերել նոր հմտություններ և արժանապատիվ աշխատանքի հեռանկար ունենալ:

Ըստ այդմ՝ ծրագրի շահառու կարող են լինել մարզաբնակ այն կանայք, ովքեր կբավարարեն հետևյալ չափորոշիչներից որևէ մեկին՝

   •  ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում,


   • գործազուրկ են (չեն աշխատել ծրագրին դիմելուց առնվազն 3 ամիս առաջ),
   • ենթարկվել են թրաֆիքինգի, ընտանեկան բռնության կամ շահագործման,
   • հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցող կամ հաշմանադմություն ունեցող չափահաս անձանց խնամակալ են,
   •  երեք և ավելի երեխա ունեցող մայր են:

Միջոցառման գործընկերն է «Սովորիր Օնլայն» առցանց հարթակը, որի կողմից տրամադրվող թվային մարքեթինգի դասընթացները ներառելու են ավելի քան 40 վիդեոդաս, 500-ից ավելի օնլայն թեստ, խմբային աշխատանքների հնարավորություններ և կարիերայի խորհրդատվություն:


Այս պահին ծրագիրը մասնակիցների հավաքագրման փուլում է․ առաջին փուլն անվճար է սահմանված չափանիշներին բավարարող բոլոր անձանց համար, իսկ երկրորդ փուլն անվճար կլինի միայն առավելագույն միավորներ ստացած 250 մասնակցի համար: Դասընթացների ավարտին վերջիններս կունենան պրակտիկա անցնելու հնարավորություն, ինչպես նաև աջակցություն` աշխատանք գտնելու հարցում:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ`

   • սմարթ հեռախոս` համացանցին հասանելիությամբ,


   • համակարգչի հասանելիություն,
   • բազային թվային գրագիտություն, այդ թվում` սոցիալական հարթակներից օգտվելու կարողություն:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է այցելել  «Սովորիր Օնլայն» առցանց հարթակ հետևյալ հասցեով` https://sovorir.online/platform5: