Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մենք այս օրերին կատարում ենք քաղաքակրթական ընտրություն

Lragir.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը

Պարոն Խզմալյան, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանից ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա Ռուսաստան-Բելառուս «միութենական պետության» կամ Ռուսաստանի մաս։ Նաև այդ հրապարակումից պարզ է դառնում, որ Հայաստանի դեմ հարձակման հեղինակը հենց Ռուսաստանն է։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Ես ուրախ եմ, որ այն, ինչ ասում էինք մենք, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը տարիներ շարունակ, հիմա դառնում է իշխանական մամուլի, նաև պետական քաղաքականության բովանդակությունը։ Այո, մեզ համար երբեք գաղտնիք չէր, թե ինչ է մեզնից ուզում Ռուսաստանը։ Մենք մինչև վերջերս կրկնում էինք, թե ինչպե՞ս կարելի է ընդհանրապես դաշնակից համարել մեր ռազմավարական թշնամուն, որը 100 տարի շարունակ ոչնչացնում է հայոց պետականությունը, որը 1920-21 թվականներին զավթել է մեր երկիրը Թուրքիայի հետ միասին, որն ստորագրել է 1921 թվականի խայտառակ և հանցավոր Մոսկվայի պայմանագիրը և որը 2020 թվականին էլ նույն ձևաչափով՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ շարունակում էր Հայաստանի պետականության ոչնչացման հանցավոր քաղաքականությունը։ Մենք տեսնում ենք, որ դա արդեն դառնում է պետական տեսակետ, իշխող կուսակցության քաղաքականություն։ Այնպես որ, ես ուրախ եմ, որ այն, ինչ դեռ մի քանի տարի առաջ համարվում էր ծայրահեղություն, մարգինալ տեսակետ, այժմ վերածվում է Հայաստանի պաշտոնական քաղաքականության։

Հետևաբար, ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։

Ես մեծ գայթակղություն ունեմ ասելու՝ շարունակեք անել այն, ինչ մենք ասում էինք տարիներ շարունակ, դուրս եկեք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, հայտ ներկայացրեք Եվրամիության և ՆԱՏՕ անդամակցության մասին։ Ես դա չեմ ասում, որովհետև դա առանց այն էլ պարզ է։ Ես նաև հասկանում եմ, որ այն պատասխանատվությունը, որը հիմա կրում է իշխանությունը, պահանջում է շրջահայաց և զգուշավոր քայլեր։ Մենք մտնում ենք ձմեռային շրջան, երբ ցանկացած կտրուկ շարժումը կբերի պատժիչ միջոցների, որը կարտահայտվի գազի մատակարարման ընդհատմամբ, կարող են դիվերսիաներ լինել, կարող են կրկնվել «Սուրմալու»-ի պես ահաբեկչական գործողություններ։ Այդ ամենը մենք գիտակցում ենք, ուստի ես այստեղ կբաժանեի քաղհասարակության, ընդդիմադիր կուսակցությունների և իշխանության գործունեությունը։ Մենք պետք է անենք մեր աշխատանքը, պետք է ճնշենք, դրդենք իշխանություններին գնալ այն ուղղությամբ, որը համարում ենք անհրաժեշտ։ Մեր դեպքում հենց այն է, ինչ նկարագրեցի։ Իշխանությունը պետք է ծանր ու թեթև անի բոլոր վտանգները և հնարավորությունները, որոնք բացվում են և, խուսանավելով, միաժամանակ չկորցնելով թանկարժեք ժամանակը, կատարի անհրաժեշտ քայլերը։ Այդ քայլերը հասկանալի են, մենք այս օրերին կատարում ենք քաղաքակրթական ընտրություն։ Եվ ես կհանդգնեմ ասել, որ Հայաստանն անցել է այն կետը, որը քաղաքականության մեջ երբեմն անվանում են մի կետ, որից հետո վերադառնալն արդեն անհնար է։ Կարծում եմ՝ վերադարձ դեպի ռուս-թուրքական լուծը այլևս չի լինի։ Իհարկե, դրան նպաստել է Ռուսաստանի նշմարվող պարտությունը ուկրաինական պատերազմում, բայց բոլոր կայսրությունները քանդվում են որոշ օրենքներով։ Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես են այդ օրենքներն աշխատում մեր օգտին։ Դա արդեն եղել է 1918 թվականին, 1991 թվականին, մենք այդքան էլ լավ պատրաստ չեղանք։ Հիմա մենք՝ որպես ազգ, որպես պետականություն, պարտավոր ենք պատրաստ լինել այն հնարավորություններին ու մարտահրավերներին, որոնք արդեն գոյացել են մեր առջև։