Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մենք ենք որոշելու՝ դա ձեր տարածքն է, թե ոչ․ ՀԱՊԿ-ը՝ հայերին

ՀԱՊԿ երեւանյան հավաքի արձագանքները չեն դադարում, ինչը վկայում է պրոռուսական այդ բլոկի՝ Հայաստանի դեմ ծրագրերին ակտիվ ներգրավվածության հանգամանքը։ Լրագիրը բազմիցս անդրադարձել է այս հարցին, թե ինչու է ռուսական ծրագրերում պետք եկել ՀԱՊԿ չափազանց հարմար ցուցանակը։ Դա է պատճառը, որ երեւանյան հավաքը առատ էր տեսարաններով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, մասնավորապես՝ «առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար», տեղեկացնում է ռուսական պետական ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել, այնտեղ (հայ-ադրբեջանական սահմանին) ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։

«Եթե խոշոր հաշվով գնահատենք իրավիճակը կովկասյան տարածաշրջանում, ապա այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են այնտեղ, զգուշավոր լավատեսություն են ներշնչում: Բոլոր մասնակիցների մոտ տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակաուղղվածություն կա՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, առկա սահմանների օրինական գրանցում, տրանսպորտային կապերի ապաշրջափակում…», ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Զասի նշած «միակ բանը», որը նա ձգտում է ցույց տալ որպես երկրորդական մի բան, հենց ամենակարեւոր հանգամանքն է՝ ՀԱՊԿ քաղաքական գնահատականը, այն է՝ Բաքվի ագրեսիայի դատապարտումը եւ զորքերի հետքաշման պահանջը։ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը ոչ միայն խուսափում են դրանից, այլեւ իրավիճակը բնորոշում են որպես «բախումներ սահմանին՝ վիճելի տարածքների շուրջ»։ Այսինքն, Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը չեն ընդունում, որ Հայաստանն ունի սահմաններ ու տարածք։ Եվ դա բնական է, քանի որ հայերը համոզվելու բազմաթիվ առիթներ են ունեցել, որ Ռուսաստանն է առաջնորդում Բաքվի ներխուժումները՝ ՀԱՊԿ ցուցանակի ներքո «նոր սահմաններ», այն է՝ ՀՀ տարածքը վերաձեւելու ծրագրերում։

Իրավիճակին քաղաքական գնահատականը ենթադրում է համապատասխան պահանջներ եւ պարտավորությունների ստանձնում, այն է՝ ագրեսիայի դատապարտում եւ զորքերի հետքաշման պահանջ, ինչից էլ խուսափում է Մոսկվան։ Զասի նշած միջոցառումների համալիրն իրականում Հայաստանի տարածքը վերաձեւելու մեխանիզմներն են, մասնավորապես՝ «սահմանային առաքելությունը», որի խնդիրը հայկական դիրքերի հետախուզությունն է եւ հնարավոր տեղակայումների վայրերի ուսումնասիրությունը՝ լիովին օրինական հիմունքներով, ինչպես Զասն է ասել՝ առկա սահմանների գրանցումը։

Այս ֆոնին, արժե նշել Փաշինյանի ագենտուրային 29,8-խաղաղություն «հայեցակարգի» ֆիասկոն եւ նախկին նախագահների արձագանքները։ Մենք ավելի լավ կդիմեինք ՀԱՊԿ-ին, մեր ժամանակ ուրիշ էր, չարժեր նստեցնել Խաչատուրովին եւ նման տիպի ավանդական ապաքաղաքական-կենցաղային անհեթեթությունների կողքին հնչեց ամենակարեւորը՝ չարժեր հանուն քաղաքական գնահատականի բացակայության չստորագրել Հայաստանին օգնության միջոցառումների փաստաթուղթը։ Զասի ու մյուսների հետ ներդաշնակությունն ակնհայտ է, ինչը պատահականություն չէ։

Զասն արդեն ՀԱՊԿ դիտորդների հետ եղել է «բախումների գոտում», Ջերմուկում այդ դիտորդները նետել են վրդովված հայերի երեսին՝ «Մենք ենք որոշելու՝ դա ձեր տարածքն է, թե ոչ»։

Կարդացեք նաեւ՝ ՀԱՊԿ-ը փայլուն կատարեց իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ