Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մենք պտտվեցինք ու եկանք այն կետին, որը պնդում էր Կավբյուրոն 1921-ի հուլիսի 5-ին

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը

Տիկին Ալավերդյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

Դա նշանակում է, որ այդ անձնավորությունը շարունակում է այն գիծը, որն սկսել էր ՀՀՇ կուսակցության շատ նեղ գլխամասային խումբը, որը ղեկավարվում էր առաջին նախագահի կողմից։ Այդ խնդիրն այդպես է դրված եղել ՀՀՇ կուսակցության կողմից։ Այսինքն՝ մենք պտտվեցինք ու եկանք այն կետին, որը պնդում էր Կավբյուրոն։ Դժվար  է հավատալ, բայց այն տեսակետը, որն արտահայտված է եղել առաջին նախագահի կողմից և որը հիմա պնդում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բոլշևիկյան կուսակցության 1921 թվականի հուլիսի 5-ի որոշման համաձայն է։ Այն է՝ Լեռնային Ղարաբաղը դառնում է Ադրբեջանի ներքին հարց։ Ինչո՞ւ եմ դա ասում, որովհետև եթե Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և հետո այս հայտարարությունն աներ, ամբողջովին ուրիշ պատկեր կլիներ։ Բայց Հայաստանը չի ճանաչում Արցախը, ի հեճուկս այն դիմումների, որոնք վերջերս արդեն եկել են ԼՂ ժողովրդի կողմից։ Եթե Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հետո ասեր՝ թող Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղն իրար հետ որոշեն հարցը, դա մի բան է։ Եվ բոլորովին այլ իրավիճակ է, երբ հանձինս այսօրվա իշխանության Հայաստանը պարզապես մեզ վերադարձնում է այն դիրքորոշմանը, որն ունեցել է առաջին նախագահը։ Եվ դա նշանակում է, որ Արցախի Հանրապետության ժողովուրդն այսօր մնում է առանց Հայաստանի՝ որպես միջազգային մակարդակով, այն է՝ Մինսկի խմբի համանախագահության մակարդակով անվտանգության երաշխավորի։ Եվ այդ դերակատարությունը մնում է միայն Ռուսաստանի վրա։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ Արցախի հարցով զբաղվող միջնորդները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրամիությունը սեփական պատկերացումներն ունեն խնդրի կարգավորման վերաբերյալ, միաժամանակ նրանցից որևէ մեկը պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը կամ միացումը Հայաստանին։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

Եթե միջնորդները ճանաչեն, նրանք այլևս միջնորդ չեն։ Այդ խորը անգրագիտության աստիճանը․․․ Հերիք է մարդկանց մոլորության մեջ գցեն։ Այսպիսի կառավարությունը պարզապես խայտառակում է Հայաստանը։ Միջնորդը հենց նա է, ով չի կարող ճանաչել։ Թուրքիան, չլինելով միջնորդ, ամեն ինչ պարզ  բացատրում է, ասում է, որ ինքը ջերմորեն ողջունում է հերթական ագրեսիան ու սպանությունները, որովհետև նա եռանախագահության անդամ ու միջնորդ չէ։ Իսկ միջնորդից պահանջել ճանաչում, թող գնան կրթություն ստանան։

Այսօր փաստացի չգործող Մինսկի խմբի համանախագահները պնդում են, որ Արցախի հարցը լուծված չէ։ Այնինչ, Հայաստանի կառավարությունն ամբողջովին համաձայնում է Ադրբեջանի ղեկավարության հետ։ Իսկ Իլհամ Ալիևը վերջերս դարձյալ ասաց՝ «չկա Լեռնային Ղարաբաղ»։ Սա նշանակում է՝ այն քաղաքականությունը, որն իրականացնում են Հայաստանի օրվա իշխանությունները, ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրերն ու նպատակները։