Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեր երկրի շահը թելադրում է ոչ թե սպասարկող-առեւտրային, այլ՝ արդյունաբերական- ռազմականացված տնտեսություն. «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ճահիճն անպայման մահ չի՛ ենթադրում։ Եթե ընտրում ես մեռնելու ուղին, արդեն մեռած ես, ճահճին մոտենալու կարիք չկա։ Եթե ընտրում ես ապրելու ուղին, ուրեմն ճահճից դուրս գալու մի ծեղ աչքդ անպայման տեսնում է։ Չմոռանանք՝ մեր տոտեմը ճնճղուկն ու գառը չեն, արծիվն ու խոյն են։

2020 թ. պատերազմից անմիջապես հետո «ՀՀ»-ի հետ զրույցներում ամենատարբեր տնտեսագետներ նշում էին, որ աշխարհաքաղաքական վեկտորները լայն առումով նաեւ մեր դաշնակից պետությունների դեմ են ուղղված եւ հնարավոր է պահ գա, որ նույնիսկ նրանք չկարողանան մեզ օգնել՝ ցանկության պարագայում նույնիսկ։ Եվ որ թշնամին չի հանդարտվելու, նրա հայատյացությունը չի դադարելու, ախորժակը չի փակվելու։ Ապացույցը 2021 թ. մայիսից ՀՀ ինքնիշխան տարածք մտնելն է, 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ պատերազմը։ Թշնամու ախորժակը փակելու մի ձեւ կա՝ մեր ոտքի կանգնելը։ Իսկ ոտքի կանգնելու համար մեզ բացարձակապես այլ կարգի տնտեսություն է պետք, ինչն էլ, իր հերթին, հսկայածավալ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում։

Տնտեսագետներից մեկին առիթով հարցրեցի՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար միջավայր է պետք, անվտանգության ու պաշտպանական բազմաթիվ մարտահրավերներ ունեցող մեր երկրում ո՞վ է ներդրում անելու։ Զրուցակիցս, թե՝ «եթե մեր հայրենիքը լքելու կամ մեռնելու ցանկություն չունենք, ուրեմն կգտնենք այդ ելքը»։ Մեկ այլ մասնագետի կարծիքով էլ՝ ելք գտնել պետք չէ, այն կա՝ ազգային ողջ ներուժի գործածմամբ տնտեսական արագ զարգացող եւ որակյալ համակարգի կառուցումն է։ Համակարգ, որը մեզ թույլ կտա լուծելու հենց նույն պաշտպանական խնդիրները։ Եվ այստեղ մեծ գործ ունի անելու պետությունը՝ թե՛ ազգային ներուժն ի մի բերելու եւ թե՛ հանրության հոգեբանական պատրաստվածության առումներով։ Ի դեպ, անկեղծ լինելու համար ասեմ, որ զրուցակիցներս երբեք թեզեր չեն հնչեցրել, նրանք արել են հստակ առաջարկներ, նշել են հստակ ուղղություններ, կոնկրետ հաշվարկներ ու թվեր մեջբերել։ Եվ նրանցից ոչ ոք իր իսկ առաջարկը չի առաջնայնացրել, համաձայնել են քննարկել բոլորը, ընտրել առավել ձեռնտուն ու կենսականը եւ շարժվել առաջ։

«Դո՞ւք էլ եք ոտքի կանգնելու համար մեջբերում 2-րդ համաշխարհայինից հետո բացառապես Ճապոնիայի եւ Գերմանիայի օրինակները». երեկ հարցրեցի տնտեսագետ Կարեն Սարգսյանին։ «Գիտեք, այսօր, երբ բոլորս ծանր բարոյահոգեբանական վիճակում ենք,- ասաց նա,- շատերս ենք ամենատարբեր օրինակներ հիշում մեր կամ այլ ժողովուրդների պատմությունից։ Սակայն կարեւոր մի նախափաստ չենք նշում. նույն Գերմանիան ու Ճապոնիան ինչպե՞ս ոտքի կանգնեցին, ինչպե՞ս վերագտան իրենց։ Ինքնավերլուծությա՛մբ»:

Տնտեսությունը, այո, քաղաքականություն է, ու մեր երկրի այսօրվա եւ վաղվա պետաքաղաքական եւ ազգային շահը թելադրում է ոչ թե սպասարկող-առեւտրային, այլ՝ արդյունաբերական- ռազմականացված տնտեսություն բոլոր ուղղություններում։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: