Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեր ոսոխն իրեն շղթայում է Ռուսաստանին»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հանդիպումների մասնակից, «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանն ասում է, որ վերջին շրջանի հանդիպումները միայն կարեւոր հարցերի շուրջ են, որովհետեւ իրավիճակը ՀՀ ղեկավարությունից արագ լուծումներ է պահանջում։ «Առավոտը» Տիգրան Խզմալյանից հետաքրքրվել է՝ վերլուծելով իշխանության քայլերն ու հայտարարությունները՝ Արցախի ապագայի, կարգավիճակի առնչությամբ ի՞նչ տեղեկատվություն է ձեզ հասանելի։

– Որքանով հասկանում եմ՝ պաշտոնական Երեւանի տեսակետը հետեւյալն է. մենք, փաստորեն, վերադառնում ենք 1988թ.-ի իրավական ձեւաչափին. խոսքը հիմա գնում է ինքնորոշման իրավունքի մասին, եւ դրա երաշխիքը պետք է լինեն միջազգային ատյանները, այսինքն՝ դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի պատասխանատվությունն է։ Հայաստանը տվյալ դեպքում իր դերը զիջում է միջազգային ատյաններին։ Կարելի է դա քննարկել եւ վիճել, բայց այսօրվա պետական քաղաքականությունը, իմ կարծիքով, ուղղված է դրան։

– Զուգահեռ ըննդդիմությունը պնդում է, որ իշխանությունը հրաժարվել է Արցախից եւ օրակարգում նրա ինքնորոշման իրավունքի, անկախ կարգավիճակի քննարկումներից։

– Չեմ պատրաստվում մեկնաբանել ընդդիմություն ասվածին, որովհետեւ ոչ մեկ անգամ նրանց գործողությունները եւ կոչերը, ծրագրերը համընկնում են մեր ռազմավարական թշնամիների՝ ՌԴ-ի եւ Թուրքիայի գործողությունների հետ։ Վերջին կտրուկ քայլերից հետո նորից ընդդիմությանը տեսնում ենք փողոցներում, լսում ենք հեղաշրջման փորձեր, որոնք համընկնում են սահմանին հրաձգությունների հետ։ Դժվար չէ նկատել, որ դա համակարգված է։

– Հնչում է նաեւ պնդում, որ վաշինգտոնյան փաստաթղթով, որը հոկտեմբերին հրապարակվեց իսրայելցի քաղաքական վերլուծաբան, դիվանագետ, այդ երկրի հատուկ ծառայություններից մեկի նախկին ղեկավար Յակով Կեդմիի կողմից, Արցախը թողնվելու է Ադրբեջանի կազմում, եւ իշխանությունը համաձայն է դրան։

– Սկսենք նրանից, որ ոչ մի վաշինգտոնյան փաստաթուղթ չկա։ Յակով Կեդմին հիմա հիմնականում աշխատում է ռուսական հեռուստաընկերություններում։ Նրա տարածած փաստաթղթի իրական լինելը կասկածելի է, բայց խնդիրն անգամ դրանում չէ։ Կարծում եմ՝ ինքներս պետք է գործենք։ Վարչապետին ՄԱԿ մեկնելուց առաջ հորդորում էի ասել երկու առանցքային բառ՝ ցեղասպանության եւ հայրենազրկման սպառնալիք։ Ոչ ՄԱԿ-ում, բայց նա վերջերս սկսեց խոսել այդ մասին, եւ դա միջազգային ատյանների համար շատ կարեւոր ուղերձ է։ Եթե պետության ղեկավարը բարձրաձայնում է նման սպառնալիքը, շատ կարեւոր մեխանիզմներ են միանում։ Նախաձեռնողական քաղաքականություն պետք է վարենք։ Իշխանության վրա ժողովրդավարական ուժերի ճնշումը պետք է շարունակվի, որպեսզի կարողանանք դիրքորոշում փոխել։ Դա մեզ հաջողվեց վերջացող տարվա ընթացքում, օրինակ՝ Ուկրաինայի հարցում։

– Եվ ի՞նչ եզրակացրիք դեկտեմբերի յոթին Բրյուսելում նախանշված հանդիպման չեղարկումից այն պատճառով, որ, ըստ Ալիեւի, հայկական կողմը պահանջել է Մակրոնի ներկայությունը։

– Դա շատ լավ զարգացում է, որովհետեւ, փաստորեն, մեր ոսոխն իրեն շղթայում է Ռուսաստանին, որի միջազգային դիրքերն ամեն օր թուլանում են։ Նա իրեն այդպես հակադրում է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային։ Բավական է հիշել, թե ինչ է եղել այն երկրների եւ գործիչների հետ, որոնք այդպես են վարվել։ Հիմա Պուտինն է այդ շարքում, շուտով այն կհամալրեն Էրդողանն ու Ալիեւը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ