Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեր թշնամի դաշինքը հստակ ու պարզ մեզ ասում է իր  ռազմավարական նպատակները՝ դա հայկական պետականության և ինքնիշխանության վերացումն է

Lragir.am-ի զրուցակիցն է ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը

Պարոն Արզումանյան, անվտանգության խնդիրները սրվում են, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, և իշխանությունների գործողությունները որքանո՞վ են համահունչ ստեղծված իրավիճակին։

Այս իրավիճակը ստեղծվել է շարունակվող պատերազմի հետևանքով, ուղղակի հայկական անվտանգության համակարգը մինչև հիմա չէր ուզում ճանաչել այդ վիճակը, նախորդ և այսօրվա հայկական իշխանությունները չէին ուզում ճանաչել պատերազմական վիճակը։ Փորձել են ձևավորել կեղծ մոտեցում և նարատիվ՝ կապված խաղաղության դարաշրջանի և այլնի հետ։ Դու իրավունք չունես խոսել խաղաղության մասին, երբ թշնամիները պատերազմ են վարում քո դեմ։ Չի կարելի իրավիճակին մոտենալ իրականությունից կտրված լինելով։ Ի՞նչ խաղաղություն, երբ քեզ վրա հարձակվում են։ Դու որպես թշնամի ունես ռուս-թուրքական ռազմավարական դաշինքը, այդ դաշինքը պատերազմ է վարում քո դեմ։ Փառք Աստծո, հայ հասարակությունը դա հասկացել է, լայն շերտերն արդեն հասկանում են իրականությունը։ Եվ, իմ կարծիքով, իշխանությունն էլ ստիպված հասկանում է, որովհետև տարբերակ չկա, սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո ի՞նչ խաղաղության մասին կարելի է խոսել։ Այս իրավիճակում խաղաղության մասին խոսելը ոչ ադեկվատ մոտեցում է։

Մեր թշնամին բավական հստակ ու պարզ մեզ ասում է իր  ռազմավարական նպատակները՝ դա հայկական պետականության և ինքնիշխանության վերացումն է։ Այսինքն՝ թշնամին չի հրաժարվել իր նկրտումներից և 20 տարվա ընթացքում անընդհատ ասում է՝ «Արցախը թուրք-ադրբեջանական, ռուսական է, Սյունիքը ադրբեջանական է, Երևանն ադրբեջանական քաղաք է» և այլն։ Այսինքն՝ թշնամին բավական պարզ խոսում է, խնդիրը թշնամու մեջ չէ, խնդիրը հայկական կողմում է, հայկական իշխանությունները չեն ուզում տեսնել ու ճանաչել իրականությունը։ Հորինում են ինչ-որ թեզեր, միջավայր, որն իրականության հետ կապ չունի։ Իսկ հայ ժողովուրդը բավական ադեկվատ է, մեր խնդիրները ժողովրդի հետ չէ, մեր խնդիրները հայկական իշխանությունների հետ են՝ Երևանում և Ստեփանակերտում։

Հայ հասարակությունը պատրա՞ստ է դիմակայել անվտանգության մարտահրավերները։

Իմ կարծիքով՝ հասարակությունն ամեն ինչ հասկանում է, բայց մարդիկ պետք է կազմակերպվեն։ Սովորաբար այդ աշխատանքն անում են պետական մարմինները։ Այսինքն՝ պետք է մոբիլիզացնես քո հասարակությանը, որ մասնակցի պատերազմին։ Բայց երբ հայկական իշխանությունները չեն ուզում այդ աշխատանքն անել, անհատները պետք է գնան այդ ճանապարհով, փորձեն մոբիլիզացնել հասարակությանը՝ փորձելով դիմակայել թշնամուն։ Հետևաբար, արդեն մեկ տարի աշխատելով հասարակության հետ, ես կարող եմ ասել, որ բավական ադեկվատ են մարդիկ։ Հասկանալի է, հասարակության մեջ կա ակտիվ մաս՝ 5-10 տոկոսը, սովորաբար այդպես է բոլոր ժողովուրդների մոտ։ Բայց, իմ կարծիքով, հայ հասարակության 80 տոկոսը բավական լավ հասկանում է, թե ինչ է կատարվում։ Ուղղակի հասարակությունը պետք է ենթարկվի ռազմական, հասարակական, տեղեկատվական մոբիլիզացիայի։ Բայց մոբիլիզացված հասարակությունից իշխանությունները վտանգ են տեսնում, իրենք չեն ուզում, որ հասարակությունը համախմբված լինի։ Դա մեծ խնդիր է, երբ պատերազմի ժամանակ իշխանությունները չեն ուզում մոբիլիզացված հասարակություն ունենալ։

Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ չունեն ռեսուրսներ ապահովելու Արցախի անվտանգությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը։

Դա բոլորովին սխալ մոտեցում է։ Առաջինը՝ այդ ներուժը մենք ունենք, չպետք է մոռանանք, որ 2020 թվականին պատերազմը եղել է Արցախի տարածքում, ՀՀ տարածքում կարելի է ասել՝ պատերազմ չի եղել։ Եվ քո ներուժը՝ տնտեսական, ենթակառուցվածքային չէր վնասվել։ Քո բանակի մեծ մասը պատերազմի մեջ չի եղել, պատերազմել է հիմնականում Պաշտպանության բանակը։ Այսինքն՝ ներուժ ունենք, այստեղ կամքի ու սխալ ընկալման խնդիր կա, ոչ թե ներուժի։ Հայաստանի իշխանություններն այսօր փորձում են Արցախի անվտանգության հարցը տարանջատել ընդհանուր հայ ժողովրդի և հայկական պետականության անվտանգության համակարգից։ Դա սխալ մոտեցում է, որովհետև թշնամիները հասկանում են, որ Արցախի անվտանգության հարցը մեր ամբողջ անվտանգության խնդրի անբաժանելի մաս է, մենք չենք կարող տարանջատել։ Երբ հրաժարվում ես լուծել Արցախի հարցը, երբ հանձնում ես Արցախը, Քարվաճառը, Քաշաթաղը, ստանում ես պրոբլեմներ Սյունիքում, հետո Ջերմուկում։ Ջերմուկից հետո խնդիրներ ես ստանում Երևանում, որովհետև, կրկնում եմ, թշնամին բավական պարզ ու հստակ ասում է, որ իր խնդիրն է հայկական պետականության և պետական ինքնիշխանության վերացումը։ Հայաստանը պետք է կորցնի ինքնիշխանությունը, դառնա գուբերնյա։ Իշխանությունները պետք է հասկանան՝ չունեն տարբերակ Արցախի հարցը տարանջատելու Հայաստանի անվտանգության հարցից։ Տարբերակ չունես Թուրքիայի հետ հարաբերությունները կտրուկ փոխել, եթե չես խոսում Արցախի խնդրի մասին։ Դու չես խոսում, Թուրքիան է խոսում այդ մասին։ Այսինքն՝ թշնամիները պարզ են ասում, պրոբլեմը հայկական իշխանությունների մոտ է։ Հայկական պետությունը չի կարողանում հրապարակային ձևակերպել ու հայտարարել, թե ով է իր թշնամին։

Թեզեր են ներարկվում հասարակությանը, որ պատերազմից հետո թուլացած ենք, չունենք ռեսուրսներ, ի՞նչ նպատակ է սա հետապնդում։

Իհարկե, թուլացած ենք, բայց դա չի նշանակում, որ թշնամին սպասելու է, որպեսզի ուժեղանանք։ Եթե թուլացած ենք, դա չի նշանակում, որ պետք է ամեն գնով պատրաստվենք խաղաղության։ Երկու տարվա ընթացքում դու պետք է քո պաշտպանական համակարգերը կտրականապես փոխած լինեիր, բայց փաստորեն ոչինչ չես արել։ Ոչ մի զենք չես գնել, ռուսական զենքի, խաղաղության մասին էիր խոսում, իսկ թշնամին շարունակում էր իր գործողությունները։ Այն, որ դու թույլ ես, դա չի նշանակում, որ թշնամին չի շարունակելու։ Դա ընդհանրապես սխալ մոտեցում է, ի՞նչ է նշանակում՝ թույլ եմ։ Անընդունելի է, եթե թույլ ես, ուժեղացիր, մոբիլիզացրու հասարակությանը։ Եթե անընդհատ զիջումների ես գնում, հետո պետք է հանձնես ինքնիշխանությունդ։ Թուլությունը քո մեջ է, արտաքին միջավայրի հետ կապված չէ, դու թույլ ես ներսում։ Բայց ես տեսնում եմ, որ մենք թույլ չենք, հայ ժողովուրդը պատրաստ է պատերազմի, կան հասարակական նախաձեռնություններ, որոնց շրջանակներում ժողովուրդը փորձում է ինքնակազմակերպվել։ Ժողովուրդն ուզում է կրակել սովորել, պատրաստություն անցնել, բայց պետությունը չի կազմակերպում, չի աջակցում նման գործընթացներին։ Այսինքն՝ խնդիրն իշխող ռազմաքաղաքական վերանխավի մեջ է, ոչ թե հայկական հասարակության։ Ժողովուրդը պատրաստ է ինքնակազմակերպվել, պաշտպանվել, օգնել պետությանը։ Ոգեզէնի շրջանակներում մենք վերջին մեկ տարվա ընթացքում դա տեսել ենք։ Իսկ իշխանությունների կողմից սխալ ու կեղծ թեզեր են դրվում շրջանառության մեջ։ Եթե թույլ եք, օգտագործեք Սփյուռքի ներուժը, գտեք ճիշտ դաշնակիցներ, թշնամիներին հրապարակային ձևակերպեք որպես թշնամի։ Եթե թղթերով քո դաշնակիցն իրականում քո թշնամին է, իհարկե, դու թույլ ես լինելու։ Պետք է դուրս գալ այդ թույլ վիճակից։