Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեր ժողովրդավար գործընկերներից ակնկալում ենք ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված օժանդակություն. Արթուր Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարության Արեւելյան Եվրոպայի վարչության պետ Էվա Դվորժակովայի գլխավորած պատվիրակությանը:

Արթուր Հովհաննիսյանը կարեւորել է հյուրերի այցը մեր երկիր այս դժվարին փուլում: Բարեկամական խմբի ղեկավարը, որպես կարեւորագույն ուղղություն, ընդգծել է ժողովրդավարությունը եւ փաստել, որ այս պահին մեր պետության անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը ժողովրդավարությունն է: Պատգամավորը վստահեցրել է, որ Հայաստանը նախաձեռնող է այս ուղղությամբ հարաբերությունները խորացնելու հարցում: Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք հենց ավտորիտար եւ ժողովրդավար ռեժիմների պայքար է: «Մեր ժողովրդավար գործընկերներից ակնկալում ենք ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված օժանդակություն»,- հավելել է Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը խորհրդարանական հարթակում սերտ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Նա անդրադարձել է նաեւ ՀՀ տնտեսական զարգացման ցուցանիշներին՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո անգամ տնտեսական աճը շարունակվում է: Ըստ նրա՝ երկրի անվտանգությունը պայմանավորված է նաեւ տնտեսական կայունությամբ:

Էվա Դվորժակովան ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության շարունակական զարգացմամբ եւ հետաքրքրված է Հարավային Կովկասում տիրող իրավիճակով: Նա կարեւորել է ժողովրդավարական գործընթացների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ Չեխիան՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիր, պատրաստ է օժանդակել Հայաստանին այդ ճանապարհին:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ հյուրն ընդգծել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը խաղաղության առաջմղման հարցում եւ հավելել, որ պատրաստ են օգնություն տրամադրել եւ աջակցել խնդրի լուծմանը: «Շառլ Միշելի գործողություններն ամբողջությամբ հավանության են արժանանում Չեխիայի՝ ԵՄ նախագահության կողմից»,- նշել է նա:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ կա: Անդրադարձ է եղել մի շարք ծրագրերի իրականացման հնարավորությանը, ներդրումների խթանմանը, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը, մասնավորապես, անվտանգության, տնտեսական, բնապահպանական ոլորտներում:

Նշենք, որ եկող շաբաթ նախատեսվում է Չեխիայի ԱԳ նախարարության անվտանգության հարցերով վարչության պետի այցը Հայաստան, որի ժամանակ առավել մանրամասն կքննարկվեն անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերը:

ՀՀ Ազգային ժողով