Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մետաքսե Հակոբյան․«Գյուղացիները պատմում են, որ բերքահավաքի ժամանակ ադրբեջանական բանակի մայորն իր մեքենայով հաճախ է անցնում, նա ագրեսիվ, այլանդակի մեկն է»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Օգոստոս ամսից ի վեր՝ ադրբեջանական կողմի ճնշումներն ուժեղանում են։ Ես տասն օր առաջ ասել էի, որ մոտ օրերս  սպասվում են նման ծայրահեղ քայլեր, նշել էի, որ սպասում ենք Բերձորի միջանցքի փակելուն, որովհետեւ թշնամին ուզում է մինչեւ տարեվերջ հասնի խաղաղության օրակարգին»,-այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով դեկտեմբերի 3-ի միջադեպին, երբ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ բնապահպանական ինչ-որ պատճառաբանություններով։ Մի քանի ժամ  տեւած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։

Հակոբյանն ասում է՝ Ադրբեջանը փորձում է ճնշումների, խուճապ տարածելու միջոցով հայաթափել Արցախը։ Նա վստահեցնում է, որ Արցախի  շատ բնակավայրերում մարդիկ աշնանացան չեն կարողացել անել,  բերքահավաք՝ նույնպես, եթե արել էլ են, ապա մեծ դժվարությամբ․«Եթե նրանց կողքին ռուս խաղաղապահ է եղել, մի կերպ ստացվել է բերքահավաք անել։ Կարմիր շուկայի,  Թաղավարդի մոտ վերսկսվել են գիշերային ժամերի մուղամները, նույն բաներն են անում, ինչ Փառուխի դեպքերի ժամանակ էր»։

Պատգամավորի դիտարկմամբ՝  անընդհատ զուգահեռներ են տարվում Բերձորի միջանցքի եւ Սյունիքի ճանապարհի միջեւ, ադրբեջանական կողմը պահանջում է, որ դրանք նույն կարգավիճակով լինեն․«Ադրբեջանցիները հեռուն են գնում, հասնում են ՀՀ սուվերեն տարածք, զուգահեռ նաեւ խուճապ առաջացնելով, քանի որ քաղաքական ճանապարհով չի լուծվում խնդիրը, որովհետեւ կա միջազգային իրավունք, որը ամրագրել է Արցախը դեռ 90-ակներին, եւ եթե, աստված չանի, միջազգային հանրությունը չտեսնելու տա դա, ու անի Ադրբեջանի պահանջները, ապա աշխարհն ինքն է կանգնելու փոքրիկ Արցախով մեծ խնդիրների առջեւ, եւ Ադրբեջանի նման  պետությունները,  որոնք պահանջներ ունեն այլ երկրներից, ոտքի են կանգնելու ու նույնպիսի պահանջներ են դնելու։ Այս իմաստով Արցախի խնդիրը քաղաքական ճանապարհով չի ստացվում լուծել, որքան էլ ջանք ու եռանդ թափեն ՀՀ եւ Ադրբեջանի իշխանությունները։ Մնում է ճնշում, վախ ու խուճապ առաջացնելով Արցախը հայաթափելու ճանապարհը։ Մյուսը՝ Սյունիքի ճանապարհը միջանցք դարձնելու գաղափարն է։ Այն, ինչ կատարվեց դեկտեմբերի 3-ին, նախերգանքն է։ Դրանք բնապահպաններ չէին, այլ՝ զինվորականներ։  Իրականում Արցախի քաղաքացիները  հոգեպես հյուծված են, չեն դիմանում։ Մյուս կողմից էլ՝  պատվի հարց է։ Եթե նման բան նորից լինի ու որեւէ  կերպ չդատապարտվի, ապա իրենք հաջորդ քայլն են անելու, ճնշումը լինելու է Սյունիքի միջանցք ստեղծելու ուղղությամբ»։

Ադրբեջանական մամուլում լուրեր էին տարածվել, որ Ադրբեջանը հենակետ է տեղադրելու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովն, ըստ Արցախի ԱԱԾ-ի, ասել է, որ հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու․«Վոլկովի պնդմամբ՝ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար»: Ավելի ուշ նույնաբովանդակ հայտարարություն տարածեց նաեւ Արցախի Անվտանգության խորհուրդը:

Այս առնչությամբ Հակոբյանն ասում է․«Բերձորի միջանցքը, երբ այլ ճանապարհով էր, այնտեղ էլ տարվել էին տեխնիկական միջոցներ, այստեղ եւս լինելու են։ Դա նորմալ է, ճիշտ է։ Մենք Վոլկովից ավելի մանրակրկիտ պարզաբանումներ կստանանք, թե ինչպես են պատրաստվում ավելի վերահսկելի դարձնել»։

Երեկ Արցախի Մարտակերտի շրջանի Գետավանի համայնքում, երբ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթեւեկությունը, որի մեջ նաեւ մարդատար է եղել, մարդատար մեքենայից ադրբեջանցիները դուրս են եկել եւ սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսեւորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ, վիճաբանություն է սկսվել, ադրբեջանցիներին միացել են բեռնատար մեքենաների վարորդներն ու բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։ Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաեւ երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։

Այս առնչությամբ Հակոբյանն ասում է՝  սա առաջին դեպքը չէ, երբ թշնամին լկտի պահվածք է ցուցաբերում ճանապարհով անցնելիս, հայհոյում են, ձեռքի շարժումներով ինչ-որ բաներ են ասում, սադրում․«Այս անգամ մեքենաներից իջել են՝ պահելով «տիրոջ իրավունքով»։ Նման բաներ լինում են, երբ իբր թե մեքենաները փչանում են, կամ շարասյունից  հետ են ընկնում կամ հատուկ են այդպես անում։ Պետք է աչալուրջ լինել։ Պատվի հարց է, կարծում եմ երիտասարդների պատասխանը տեղին է եղել»։

Մեր հարցին՝ ռուս խաղաղապահների առկայությունը մի՞թե զսպող միջոց չէ ադրբեջանցիների համար, Հակոբյանը պատասխանում է՝ շատ դեպքերում՝ ոչ, հաճախ ադրբեջանցիները դիտավորյալ են անում՝ խաղաղապահներին հունից հանելու համար․«Գյուղացիներն ինձ պատմում էին, որ բերքահավաքի ժամանակ հաճախ էին հանդիպում ադրբեջանական մի մեքենայի, ու գյուղացիները գիտեն, որ  վարորդը ադրբեջանական բանակի մայոր է, ռուս խաղաղապահներն էլ գիտեն, որ նա ագրեսիվ, այլանդակի մեկն է, ոչ մի կանոնի չենթարկվող, ու երբ նա գալիս է, խաղաղապահները մարդկանց ուղեկցում են ավելի անվտանգ վայր, մինչեւ մեքենան անցնի։ Իրականում խաղաղապահների գործառույթներն այնքան էլ հստակեցված չեն, սահմանումներ չկան, սա հայկական կողմի մեղավորությունն է, որ նոյեմբերի 9-ին պահանջ չեն դրել՝ նրանց գործառույթները հստակեցնելու։ Իրենք էլ խաղաղություն պահելու համար են․ եթե կա սադրանք՝ պիտի կարողանան առանց կրակոցների հանդարտեցնել։ Բայց քանի որ թշնամին ադրբեջանցին է, եւ իրենք էլ են նեղվում, արտահայտվում են, որ էսպես չի կարող լինել, բայց քանի որ կա եռակողմ ստորագրություն,  ուրեմն պիտի պահեն պայմանը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ