Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

МГИМО-ի բարբարոսն ու մասամբ «ցնցված», երբեմն էլ՝ «սարսափած» Արեւմուտքը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երկու տասնամյակ իր երկրում հիմնական պետական քաղաքականությունը՝ հայատյացությունը դարձրած Ալիեւի այսօրվա Ադրբեջանը ամբողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ է՝ իր ողջ «հմայքով»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, ինչպես հայտնի է, ավարտել է МГИМО-ն՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Ռուսաստանցի իշխանական փորձագետներն ու մեկնաբանները սույն փաստի առիթով չէին թաքցնում իրենց ակնածանքը նույնիսկ 44-օրյա պատերազմի թեժ օրերին, իրենց պարտքը համարելով՝ ռազմաճակատում հայկական կորուստների մասին խոսելիս նաեւ շեշտել, թե ինչ «բարձրագույն մակարդակի դիվանագետ» է իրենց МГИМО-ն ավարտած կրտսեր Ալիեւը…

Արդեն երկու տասնամյակ իր երկրում հիմնական պետական քաղաքականությունը՝ հայատյացությունը դարձրած Ալիեւի այսօրվա Ադրբեջանն, ինչպես ասում են՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ է՝ իր ողջ «հմայքով». հայերի նկատմամբ ադրբեջանական ստորաբաժանումների գործած պատերազմական հանցագործությունները նկարագրող տեսարանները պտտվում են համացանցում՝ հայ ռազմագերիների գնդակահարություն, հայ զինվորական կնոջ դաժան խոշտանգումներով՝ սպանություն, մարմնի մասնատումներ եւ սույն տեսարանների նկարահանում ու տարածում: Ամենեւին նպատակ չունենալով վարկաբեկել ՌԴ-ի հանրահայտ ուսումնական հաստատությունը, որն իսկապես՝ լավագույն կադրեր է տվել Ռուսաստանին, այնուամենայնիվ արձանագրենք, որ սա է МГИМО-ն ավարտած կրտսեր Ալիեւի «արժեքներն» ու նրա ղեկավարած՝ «խաղաղության» ձգտող երկիրը: Այս ամենն, ինչպես ասում են՝ քաղաքակիրթ աշխարհը տեսնում է: Իսկ թե ինչպես են արձագանքում՝ սա արդեն մեկ այլ ուշագրավ թեմա է…

ՌԴ ԱԳՆ-ի արձագանքի լղոզված-բալանսավորված արձագանքին արդեն անդրադարձել էինք, ինչպես ասում են՝ անակնկալներ չկան, զարմանալի կլիներ, եթե ՌԴ ԱԳՆ-ն դատապարտեր ադրբեջանական ստորաբաժանումների վայրագությունները եւ Բաքվից պարզաբանումներ ակնկալեր:

Այսօր, սակայն, անդրադառնանք Արեւմուտքի արձագանքին: Այս դեպքում էլ ուշագրավ որոշ նրբերանգներ նկատվեցին:

Համացանցում հայտնված հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բավական արագ արձագանքեց՝ Թվիթերում գրելով. «Եվս մեկ սարսափելի տեսանյութ է հայտնվել, որտեղ հայ ռազմագերիներին, ըստ ամենայնի, մահապատժի են ենթարկում: Եթե ապացուցվի, որ այդ տեսանյութն իսկական է, ապա դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննվի, եւ կատարողները պատժվեն»։

Սակայն այդ ողջ օրը ադրբեջանական մամուլը հեղեղվեց Տոյվո Կլաարին ուղղակի շանտաժի ենթարկելու հրապարակումներով, բառացի ասվում էր, որ նրա դիրքորոշումը «կողմնակալ բլոգերի» գրառման է նման եւ հաջորդ անգամները Ադրբեջան գալու դեպքում, նա ստիպված է լինելու Ադրբեջանի ԱԳՆ-ից հավատարմագիր խնդրել: Բանը հասավ նրան, անգամ սպառնացին, որ Ադրբեջան՝ Կլաարի մուտքը կարգելվի: Եվ ի՞նչ, հաջորդ օրը Կլաարը հանդես եկավ արդեն այսպիսի գրառմամբ. «Այսօր ինձ ուղարկվել են մի քանի տեսանյութեր, որոնք, ըստ երեւույթին, ցույց են տալիս ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները»:

Եվրամիության դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի խոսքով՝ եթե ապացուցվի տեսանյութի իսկությունը, «առկա են ռազմական հանցագործություններ եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»: ԵՄ-ն պահանջեց հետաքննել հնարավոր պատերազմական հանցագործությունների առկայությունը՝ ադրբեջանական համազգեստով հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութից հետո: Այս մասին հայտարարել է: Սակայն, միեւնույն ժամանակ, Ստանոն նշել է, որ ԵՄ-ն հետաքննող որեւէ լիազորություն չունի, հետեւաբար, հետաքննությունը պետք է իրականացնի Ադրբեջանը: «Ադրբեջանի իշխանությունների շահերից է բխում հետաքննել եւ աշխարհին ապացուցել, որ դա երկրի քաղաքականությունը չէ»,- հավելել է նա:

Հոկտեմբերի 4-ին Եվրախորհրդարանի անդամները Ստրասբուրգում լիագումար նիստ անցկացրեցին, որի ընթացքում ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը Ադրբեջանին կոչ արեց հետաքննել հայ ռազմագերիների սպանության տեսագրությունները. «Մենք նաեւ հետաքննություն ենք պահանջել՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել ռազմագերիների սպանության այդ տեսանյութերի հետ»։ Բորելի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները «վստահեցրել են, որ հետաքննություն կանցկացնեն»։
Բորելին ուղղված բավական ոչ թափանցիկ ակնարկներով համեմված դիտողություններ հնչեցին: «Ադրբեջանը ռմբակոծել եւ օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը։ Մենք ավելին չենք կարող անել, ինչ անում ենք։ Եթե կարող եք՝ հուշեք՝ ի՞նչ կարող ենք անել»,-պատասխանելով Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հարցին՝ նշել էր Բորելը։ Կալյուրանդը փաստել էր, որ Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպումից երկու շաբաթ անց Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց ընդդեմ Հայաստանի. «Մի քանի օր առաջ ադրբեջանական սոցցանցերում տարածվեց հայ ռազմագերիների գնդակահարության մասին տեսանյութ։ Ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է Դուք, Ձեր գրասենյակն իրագործի։

Ինչպե՞ս կարող է ԵՄ-ի նոր էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ համադրվել տարածաշրջանում կայունության ապահովման համար ԵՄ-ի դերակատարության հետ»։ Բորելը նկատել էր. «Ադրբեջանը Եվրոպային գազ է վաճառում։ Այս պայմանագրի շնորհիվ գազի մատակարարման ծավալները կրկնապատկվել են։ Դա հնարավորություն է տվել գազային միջանցք բացել։ Բայց ինչ վերաբերում է հակամարտությանը, ապա քաղաքական զիջումներ չեն արվելու։ Այս էներգետիկ պայմանագիրը չպետք է վնասի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված գործընթացներին»։

Նկատենք, որ Բորելը արձանագրեց՝ ադրբեջանական զինված ուժերը դեռ շարունակում են օկուպացված պահել ՀՀ տարածքները, նրա փաստմամբ՝ ադրբեջանական զինված ուժերն այնքան մոտ են ՀՀ բնակավայրերին, դրանք այնքան մոտ են, որ նոր հակամարտության վտանգ կա։ Նա եւս մեկ անգամ շեշտեց՝ Ադրբեջանը պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից, իսկ Ադրբեջանի հետ կնքված էներգետիկ համագործակցության հուշագիրն այս հարցի հետ կապ չունի։

Ի դեպ, Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ իրավացիորեն զուգահեռներ էին տարել Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ իրականացրած հանցագործությունների եւ Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ իրականացված հանցագործությունների միջեւ, կոչ անելով ԵՄ-ին, որպեսզի նույն կերպ, ինչպես ՌԴ-ին, այնպես էլ Ադրբեջանին դատապարտեն։ Պատվիրակներից մեկը հարցրել էր. «Արդյոք Դուք կդատապարտե՞ք Ադրբեջանին նույն կերպ, ինչ ՌԴ-ին»։ Այս հարցից հետո ծափահարություններ էին հնչել, իսկ Բորելը վստահեցրել էր, որ դատապարտում է ցանկացած պատերազմական հանցագործություն։

Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուել Օմորելն իր հերթին նշել էր. «Մենք գիտենք՝ ով է ագրեսորը, ով՝ զոհը։ Մենք տեսել ենք, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ զինվորներին։ Ինչո՞ւ Եվրոպան չի դիմում կոնկրետ գործողությունների։ Ինչո՞ւ ենք երկակի ստանդարտներ կիրառում։ Քննադատում ենք Ռուսաստանին, բայց ինչո՞ւ մենք համապատասխան գործողություններ չենք իրականացնում Ադրբեջանի դեմ»: Բորելն արձագանքել էր՝ ինչո՞ւ եք դուք միշտ մտածում, որ ես ավելի պակաս եմ դատապարտում ու ասաց. «Ես այդ գործողությունները դատապարտում եմ այնքան, որքան դուք։ Բոլոր այն գործողությունները, որոնք մարդու իրավունքներն են խախտում, մենք դրանց վերաբերյալ հետաքննություն իրականացնելու կոչ ենք անում։ Իհարկե, մենք գործ ունենք սարսափելի տեսանյութերի հետ։ Իհարկե, պետք է հետաքննություն լինի։ Ադրբեջանն ասել է, որ այդ հետաքննությունն իրականացնելու է։ Հստակ է այն, որ հարձակում է եղել ՀՀ -ի տարածքի նկատմամբ, ադրբեջանական զինված ուժերը օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը։ Մենք կոչ ենք անում հետքաշել իրենց զինված ուժերն այդ տարածքներից»։

Մեկ այլ ուշագրավ հարցադրում՝ Բորելին: «Ձեզ համար ո՞րն է կարեւոր՝ ադրբեջանական գա՞զը, թե՞ հայկական արյունը»,- հարցրել էր Եվրոպական խորհրդարանի անդամ Ժոդան Բադելան։ Ապա, վերջինս հավելել էր. «Իհարկե, ես գիտեմ այս հարցի պատասխանը, քանի որ Եվրահանձնաժողովի նախագահը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահի հետ, որը նախատեսում է կրկնապատկել Ադրբեջանից Եվրոպա գազի ներկրումը։ Մենք օրեր առաջ տեսանք, թե ինչպես են ադրբեջանական զինվորները գնդակահարում հայ զինծառայողներին։ Այս ամենն աչքի առաջ ունենալով՝ մի՞թե Եվրոպան անկարող է կոնկրետ որոշումներ կայացնել եւ գործողությունների դիմել։ Կամ՝ արդյոք ընդունելի՞ է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վարքագիծը, որն աջակցում է Ադրբեջանին։ Դրա մասի՞ն ինչ կասեք։ Մեր աչքի առաջ վառվում է Հայաստանը, մինչդեռ մենք այլ կողմ ենք նայում»։ Իսկ երբ պատվիրակներից Կոստաս Մովրիդիսը դատապարտելով Ադրբեջանին, նշել էր, որ սեպտեմբերի 12-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերը ռազմական հարձակում են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ յոթ ուղղություններով, եւ դա ագրեսիա է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, ու հարց էր ուղղել՝ արդյոք «դուք պատրա՞ստ եք քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ իրականացնելու հարցը», Բորելը պատասխանել էր՝ «իմ տեղեկություններով՝ ոչ մի անդամ երկիր այդ հարցը սեղանին չի դրել»։

Երեւանում Բրիտանական դեսպանության տարածած հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ նրանք «սարսափած» են: «Մենք սարսափած ենք այն տեսանյութով, որում երեւում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների եւ կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»։

Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանության մասին վերջին լուրերը խիստ տագնապ են առաջացնում եւ պարզաբանում են պահանջում, հայտնում էր Գերմանիայի ԱԳՆ-ն:

Խորապես անհանգստացած ենք ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինվորների մահապատժի տեսանյութից։ Այս մասին ասված է Լիտվայի ԱԳՆ-ի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում. «Այս հանցագործությունը պետք է անաչառ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Խաղաղությունն ու կայունությունը պետք է մեկընդմիշտ վերադառնան Հարավային Կովկաս»։

«Ցնցված ենք ադրբեջանական զինվորների կողմից անզեն հայ գերիների մահապատժի սարսափելի տեսանյութերից: Հունաստանը խստորեն դատապարտում է նման բռնության գործողությունները եւ կոչ անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- գրված է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթերյան էջում։ «Եվս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաեւ մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար»,-կիսելով Կիպրոսի ԱԳՆ հայտարարությունը, թվիթերյան իր էջում գրառել է Կիպրոսի ԱԳ նախարար Դեմետրիս Դեմետրիուն: «Կիպրոսը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները եւ կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար»,-նշել է Դեմետրիուն:

Խորապես «անհանգստացած», «մտահոգված», լավագույն դեպքում՝ «ցնցված», կամ «սարսափած» արեւմտյան երկրներն առայժմ սահմանափակվում են արձանագրումներով, կոչերով ու հորդորներով: Ադրբեջանի նկատմամբ հստակ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ դեռեւս գործողություններ չեն նշմարվում:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշումներին, ապա դրանք, անշուշտ, հստակ են, հասցեական ու բավական խիստ:

Ամփոփումը՝ վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ