Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մի՛ զբաղվեք աճպարարությամբ, լրջացե՛ք, զբաղվեք պրոբլեմներով. Արսենյանը՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների հայտարարության մասին

Արցախի ԱԺ խմբակցություններն այսօր համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ուրբաթ օրը ԱԺ ամբիոնից արած հայտարարությանը, թե «3 միլիոն հայերին չպետք է զոհել հանուն 120.000 արցախցիների»:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին»,-ասվում է Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունում:

ArmLur.am-ը հայտարարության վերաբերյալ զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ:

-Պարո՛ն Արսենյան, Արցախի ԱԺ խմբակցությունները արձագանքել են ձեր վերջին հայտարարություններին՝ նշելով, որ «դրանք ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին»: Ի՞նչ կասեք այս մասին, սպասելի՞ էր նման արձագանքը Արցախից.

-Ես արձագանքելու բան չունեմ, եթե իրենք ինչ-որ բան են ասում, պետք է փորձեն նաև հիմնավորել: Թուրք-ադրբեջանական տանդեմի վերաբերյալ իրենց պատկերացումներն ավելի շատ են, քան՝ իմ: Ես Հայաստանի քաղաքական համակարգի ներկայացուցիչ եմ, ՀՀ ԱԺ պատգամավոր եմ և սպասարկում եմ Հայաստանի պետական շահը, իսկ թե պետական շահը սպասարկելով՝ որտե՞ղ եմ ջուր լցնում, դա ինձ համար մութ է, իրենց դիմեք, իրենք մասնագետ են այդ տանդեմի ջրաղացի հետ կապված հարցերում, թող իրենց պարզաբանումները տան: Ես դրա մասնագետը չեմ:

-Պարո՛ն Արսենյան, ընդամենը տարիներ առաջ ինքնաթիռներ էիք նվիրում Արցախին, ինչպե՞ս ստացվեց, որ հիմա կարծում եք, թե Արցախն առաջնային չէ, ի՞նչ փոխվեց այս տարիների ընթացքում.

-Երևի այդ ժամանակ էլ էի ջուր լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին՝ այդ ինքնաթիռները նվիրելով: Ոչ մի բան չի փոխվել, ես այդ մարդկանց ասում եմ՝ սպասարկե՛ք ձեր ժողովրդի շահերը ու մի՛ զբաղվեք աճպարարությամբ, ընդամենը սա եմ ասում՝ լրջացե՛ք, խաղ ու պար չէ, պրոբլեմբեր ունեք, զբաղվե՛ք այդ պրոբլեմներով, գիտակցե՛ք ձեր պրոբլեմների առկայությունը:

Քրիստինա Մուշեղյան