Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՄԻԽ-ում ներկայացվել է ՀՀ նախաձեռնած հայտարարությունը թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ

Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 51-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող «Ռասիզմը, ռասայական խտրականությունը, այլատյացությունը և անհանդուրժողականության այլ հարակից ձևերը. Դուրբանի հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացումը և դրան հաջորդող միջոցառումները» հոկտեմբերի 4-ին կայացած ընդհանուր քննարկման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի այս նախաձեռնությունը համահեղինակել են 38 պետություններ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ թեև թվային տեխնոլոգիաները, ներառյալ` արհեստական բանականությունը, հնարավորություններ և առավելություններ են ընձեռում, դրանց նախագծումը, զարգացումը, տեղակայումը և չարաշահումը կարող են նաև ռիսկեր պարունակել հիմնարար իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության տեսանկյունից: Միաժամանակ խորը մտահոգություն է հայտնվում վերջին տարիներին առցանց ատելության խոսքի և հետապնդումների աճի կապակցությամբ:

Համատեղ հայտարարության համահեղինակները շեշտում են, որ թվային դարաշրջանում անհրաժեշտ է հիմնավորապես պահպանել, պաշտպանել և խթանել կարծիքի և խոսքի ազատության իրավունքը՝ ընդգծելով, որ սոցիալական հարթակները ձգտում են պայքարել ատելության խոսք և հանցագործություններ հրահրող պետական և ոչ պետական դերակատարների չարաշահումների դեմ:

Հայտարարությունը ներկայացնելիս Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նշել է.

«Պարո՛ն նախագահ,

Հայաստանը պատիվ ունի ներկայացնելու այս հայտարարությունը ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերն ընդգրկող մի շարք պետությունների կողմից։

Թեև թվային տեխնոլոգիաները, ներառյալ արհեստական բանականությունը, հարաճուն հնարավորություններ և առավելություններ են ընձեռում, դրանց նախագծումը, զարգացումը, տեղակայումը և չարաշահումը կարող են նաև ռիսկեր պարունակել հիմնարար իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության տեսանկյունից: Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին տարիներին առցանց ատելության խոսքի և հետապնդումների աճի կապակցությամբ, ինչպես դրա մասին զեկուցում են մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած մի շարք կազմակերպություններ: Կոպիտ խոսքերը, վիրավորական արտահայտությունները և պատկերները հաճախ հրահրվում են ալգորիթմերի միջոցով, որոնք ծրագրված են արձանագրելու ներգրավվածություն՝ ավելի շատ դիտումներ ապահովելով և այդպիսով օգտատերերին խրախուսելով ցանցերում տեղադրել ատելություն պարունակող բովանդակություն։ Ատելություն պարունակող բովանդակության կապակցությամբ քննադատական մեկնաբանություններ տեղադրողները հաճախակիորեն չեն էլ գիտակցում, որ ակամայից նպաստում են դրա տարածմանը, քանի որ ալգորիթմերը հենց այդ կերպ են աշխատում:

Չնայած հանրային ներգրավվածության և մասնակցության հարաճուն ընդլայման առումով թվային հարթակների վիթխարի հնարավորություններին՝ պետք է նաև գիտակցենք այս հարթակների, նրանց տեխնիկական գործառույթների և ալգորիթմերի առաջացրած մարտահրավերները: Մենք խորապես մտահոգված ենք, որ այդ հարթակների չարաշահումը կարող է սաստկացնել ատելության խոսքը և նպաստել ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական բևեռացմանը։ Նախապես սահմանված կանոնների ալգորիթմացված համակարգերի վրա հիմնված որոշումները կարող են սաստկացնել խտրականությունը:

Թվային դարաշրջանում անհրաժեշտ է հիմնավորապես պահպանել, պաշտպանել և խթանել կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունքը։ Լավատեղյակ ենք, որ մի շարք սոցիալական հարթակներ ձգտում են դասակարգիչ ալգորիթմերի, լուսանկարների հայտնաբերման գործիքների, համապատասխան երկրների փորձագետների և քաղաքացիական հասարակությունների օժանդակությամբ ակտիվորեն անդրադառնալ ապատեղեկատվության և տեղեկատվության շահարկման խնդիրներին՝ պայքարելով ատելության ապօրինի խոսքը և ատելության հանցագործությունները հրահրող պետական և ոչ պետական չարամիտ դերակատարների հնարավոր չարաշահումների դեմ:

Այս Խորհուրդը լիազորված է ծառայելու որպես միջազգային կառուցողական երկխոսության և համագործակցության հարթակ՝ նպատակ ունենալով խթանելու և պաշտպանելու մարդու բոլոր իրավունքները: Մենք հանդես ենք գալիս առցանց ատելության տարածման դեմ պայքարի նպատակով ակներև ապացույցների վրա հիմնված ռազմավարությունների մշակման օգտին: Բացի այդ, մենք կոչ ենք անում կազմակերպել քննարկում և բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսություն՝ սոցիալական հարթակների դերի և իրական խտրականությանը ու բռնությանը հանգեցնելու ձգտող ուժերի կողմից այս հարթակների գործիքավորման վերաբերյալ:

Այս հարցի շուրջ քննարկումներն առաջ մղելու գործում մենք տեսնում ենք այս Խորհրդի հատուկ դերը՝ պետությունների և բոլոր շահագրգիռ կողմերի լայն ներգրավվածությամբ և մասնակցությամբ: ՄԱԿ համակարգը, տեխնոլոգիական ընկերությունները, քաղաքացիական հասարակությունը և անկախ հետազոտողները պետք է հրավիրվեն՝ մասնակցելու առցանց ատելության խոսքի և հետապնդումների դեմ պայքարին միտված միջոցների մշակմանը։

Շնորհակալ եմ»։