Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Միրզոյանը զինաթափման փորձաքար գլորեց հայության վրա. Օրբանը պատրաստ է «թալաաթ» ուղարկել Երեւան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 07.21.22 կառավարության հետ հարցուպատասխանի ժամին երկու կարեւորագույն հայտարարություն արեց: Ստորության աստիճանով՝ միմյանց հավասար:

«Արցախի հանրապետության պաշտպանության բանակի առաքելությունն այսօր, առավել քան երբեւէ, պահանջված է, քանի որ Արցախի հայության վրա շարունակում են կրակել, ճնշումների ենթարկել։ Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների, գոյաբանական վտանգը, այն ժամանակ կարծում եմ՝ ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր այլ սցենարներ։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ այդ գոյաբանական վտանգը կա», ասել է Միրզոյանը։

Ստորություն բառը ենթադրում է անկման համար տեսական ինչ-որ վերջավորություն, հատակ, «դուխով» բառին կարոտները կասեն «դնո», որից ցած ընկնելն արդեն անհնար է: Այդ հատակը երբեմն գրեթե անհասանելի է լինում: Արդյոք ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը իրավու՞նք է տալիս Արցախի ժողովրդի փոխարեն որոշել ունենալ բանակ, թե ինչ-որ պահի չունենալ: Շեշտենք, որ խոսքը պահի ընտրության մասին չէ, այլ ինքնին՝ զինաթափման տեսական հնարավորության: Զինաթափման, սպառազինման, անվտանգության ինստիտուտները անցյալում երբեէ Արարատ Միրզոյանի մտահորիզոնի շոշափելի մաս կազմե՞լ են: Երկու բառ, երկու միտք իրար չկապող անձնավորությու՞նը պիտի նախագծի Հարավային Կովկասի հանգուցային մասի հայության ապագան:

Արցախից՝ որպես ժողովրդից ու հողից ՀՀ պատասխանատվությունից հրաժարվելու նարատիվը առկա է քպ-ական խմբակի յուրաքանչյուրի ելույթներում, հատկապես՝ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսքերում։ Մինչդեռ, գոյաբանական վտանգը օդից չի ընկել, այլ հենց ՔՊ քաղաքականության  հետեւանքն է։ Արցախից հրաժարվելու՝ «քայլողների» ագենտուրային այս պարտավորությունն է, որ հիմք ծառայեց մոսկովյան սցենարով 2018 թվականի ապրիլի վերջին կայացած իշխանափոխության համար. հիշենք «ռեւերս չի լինելու» նիկոլական մանթրան:

Մոսկվան ու Բաքուն իրենց գոյաբանական խնդիրն են լուծում՝ Արցախի հայաթափման գործողություններն արագացնելով եւ ավելի առարկայական դարձնելով։ Այսպես կոչված «ադրբեջանցի բնապահպան մասնագետների ակցիայի», նրանց մուտքն Արցախ արտոնելու ճանապարհային քարտեզի համաձայնեցման եւ Լաչինի միջանցքում համատեղ անցակետի տեղադրման Մոսկվա-Բաքու տանդեմի քայլերը դրա վկայությունն են։ Թիրախը Արցախի պաշտպանության բանակն է, ինչպես նաեւ տնտեսության՝ իբրեւ ժողովրդին իր հողի վրա պահող հիմքի խարխլումը եւ ոչնչացումը։

Հենց դրան էլ միտված է ԱԳՆ քաղկոմիսարի եւ քպ-ական քաղբյուրոյի մյուս ներկայացուցիչների պարտավորությունը։ Այլապես, ԱԺ-ն ու կառավարությունը կընդունեին իրավիճակի քաղաքական հստակ ու համարժեք գնահատականներով հայտարարություն եւ դրա հիման վրա՝ անհրաժեշտ որոշումներ։ Իսկ այսպես կարելի է հայոց սակավացած հողում նորանոր պսպղան, քրդաբույր բալագաններ բեմադրել:

Քպ-ական քաղբյուրոն խթանում է Արցախի հայաթափումը, չեզոքացնելով հայկական խնդիրների իրավական քննարկումների հնարավորությունները միջազգային օրինական հարթակներում։ Ընդ որում դա անում է ամենաստոր ձեւով, ինչի արտահայտությունն էր Բրյուսելի հանդիպման չեղարկման ակտը Մոսկվայի ու Բաքվի պահանջով, այն էլ Էմանուել Մակրոնի անվանարկման եղանակով։

Արցախի բանակը զինաթափելու հեռանկարը ուրվագծելուն զուգահեռ Արարատ Միրզոյանը խոսել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նախադրյալների մասին, թեեւ Բուդապեշտը չի վերացրել Սաֆարովի արտահանձնման հետեւանքները։ Հունգարիան օգնել է վերադարձնել 5 գերի, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին, փող է տվել Հայ Առաքելական եկեղեցուն՝ ահա թե ինչ է դնում քայլած-ելած քաղկոմիսարը Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության նժարի դիմաց:

Վիկտոր Օրբանի Հունգարիան փարիհության, դարձյալ դիմենք դուխավորների բառապաշարին՝ ֆուֆլիժնիկության շեմին գտնվող Պուտինի ձեռքին եվրոպական միակ գործիքն է Ռուսաստանի լինել-չլինելու գոյաբանական խնդիրը լուծելու համար։ Միրզոյանը 10 միլիոն հայ ժողովրդի արժանապատվությունը եւ կյանքը զոհաբերում է հանուն վաղը-մյուսօրը Հաագայում ամբաստանյալի:

Միրզոյանի ու գործակիցների ցանկությամբ չի լինելու: Արցախը չի հանձնվելու: Քանի Սաֆարովը նստած չէ Նուբարաշենում, Երեւանում Հունգարիայի դեսպանություն չի լինելու որեւէ մակարդակով: Հայերին ողորմելի Միրզոյանով մի պատկերացրեք, հարգելի պարոն Օրբան՝ պատմությունը վկա: Գուրգեն Մարգարյանի արյունը հիմա ձեր վրա է ու չի ներվելու: