Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մոդեստ Կոլերով. Ի՞նչ է ցույց տալիս Երևանը. որ նա թքած ունի Ռուսաստանի վրա, «что он видел в гробу Россию». «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուսաստանցի քաղաքագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ մեր վեճ-զրույցը տխուր ու հուսահատ ստացվեց: Ես փորձում էի ամեն կերպ լույս տեսնել թունելի վերջում, նա ասում էր, որ 19 տարի զբաղվել է հայկական հարցերով, և առաջինն ինքն իրեն խոստովանում է, որ չգիտի՝ ինչպես կարելի է դուրս գալ այս վիճակից: «Լաչինի միջանցքից դուրս ես գալիս, գնում ես դեպի Հայաստան, և այնտեղ ընդամենը 3 բնակեցված կղզյակ կա, մնացածը անապատ է:

Ռուսներն այնտեղ կբնակվե՞ն: Երբեք: Ռուսների համար այնտեղ շոգ է: Ինչպես Երևանն է մեկուսացված «միլիոննիկ», ինչպես Վատիկանը, այդպիսին էլ Ստեփանակերտն է: Սրանք դառը իրողություններ են, որոնց մասին դժվարանում եմ խոսել: Հայերը լավ կլինի իրենց քթի տակ նայեն: Հավ ման տալու տեղ չունեն արդեն, բայց անընդհատ խոսում են ռուսների մասին: Ես 19 տարի զբաղվում եմ հայկական հարցերով, և առաջին անգամ սկսել եմ ինքս ինձ խոստովանել, որ չունեմ էլ ոչ մի իդեա: Որովհետև ոնց որ խուլ պատի խփեմ` ոչ մի արձագանք»:

Ձեր կանխատեսմամբ, ռուս խաղաղապահների մանդատը կերկարացվի՞: 

– Վախենամ՝ ոչ:

Իսկ ինչո՞ւ: 

– Որովհետև Ադրբեջանը չի ուզում:

Եւ ամեն կերպ ցու՞յց է տալիս դա: 

– Այո, նախ դա է, երկրորդն էլ՝ Երևանը դրա համար չի պայքարում: Ռուսաստանը վաղուց է դուրս եկել Մինսկի ֆորմատից ու բազմիցս դա հաստատել է: Ի՞նչ է անում Երևանը: Ջերմագին համբուրվում է Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ, կարծես թե այն լեգիտիմ է: Չէ՞ որ եթե մեկը դուրս է եկել Մինսկի խմբից, մնացած երկուսն արդեն ոչինչ են, խումբը ոչինչ է դառնում, ոչ լեգիտիմ: Ինչո՞ւ եք նրանց հետ համբուրվում: Ի՞նչ եք դրանով ցույց տալիս, ի՞նչ է ցույց տալիս Երևանը. որ նա թքած ունի Ռուսաստանի վրա, «что он видел в гробу Россию»: Եւ նման վերաբերմունքի պարագայում դուք ուզում եք պայքարել խաղաղապահների  ներկայությունը պահպանելու համա՞ր:

Բայց Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցերը մշտապես քննարկում է Պուտինի հետ: 

– Դրանք միայն բառեր են: Փաշինյանը օր ու գիշեր անցկացնում է Բրյուսելում, մշտապես խոսում է Մինսկի խմբի մասին, նա այդպես պայքարում է խաղաղապահների՞ համար, թե՞ այդ արդեն առասպելական Մինսկի խումբն է նրան խաղաղապահներ խոստացել ուղարկել: Ոչ: Ոչ ոք այնտեղ չի մտնի` բացի ռուսներից:

Ձեր կարծիքով կլինի՞ նոր պատերազմ մեր  ռեգիոնում: 

-Այն կլինի միշտ, այսպիսի դանդաղ ընթացքով, ինչպես հիմա է, այն մշտապես կբորբոքվի:

Հիմա տեղի է ունենում հայկական հողերի աստիճանական, սողացող գրավում, և շուտով Հայաստանից ոչինչ չի մնա: 

– Այո, այդպես էլ ընթանում է, ու դեռ ընթանալու է:

Այս անեքսիան ունի՞ սահման, մինչև ո՞ւր են հասնելու: Մինչև Երևա՞ն: 

– Եթե անցնեմ հայկական տերմինաբանության, մեզ Արցախի համար Ստեփանակերտն էլ է հերիք: Ստեփանակերտը կգոյատեւի, Ստեփանակերտը ինքնաբավ է:

Մեզ ասելով ո՞ւմ նկատի ունեք: Ռուսաստանի՞ն: 

– Ոչ, ղարաբաղցիներին:

Դե, փաստացի այսօր համարյա ամբողջ Ղարաբաղը Ստեփանակերտում է բնակվում: 

– Դե հա, և առաջին անգամ իմ 20 տարվա այցելությունների ընթացքում ես նկատել եմ, որ փողոցներում խցանումներ են գոյացել: Այնտեղ կյանքը եռում է: Այլ հարց է, որ Ստեփանակերտը կղզյակ է լուսնի վրա, որի միակ  իմաստը՝ բացի հայկականության ազգային օջախի պահպանությունը, ռազմավարական բալանսն է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: