Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մոգադիշոյի հատուկ ջոկատայինները մարտ են վարում զինյալների կողմից գրավված հյուրանոցում

Ավելի քան 12 ժամ շարունակվում է Սոմալիի հատուկ ջոկատայինների և «Ալ-Շաբաբ» խմբավորման զինյալների միջև մարտը, որոնք գրավել են երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող հյուրանոցը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս մասին երկուշաբթի հայտնել է Somali Guardian պորտալը։

Գրոհայինները ներխուժել են Villa Rose հյուրանոց նոյեմբերի 27-ի երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում և բարիկադավորվել մի քանի սենյակներում։ Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է Սոմալիի ներքին անվտանգության նախարար Մոհամեդ Ահմեդ Դուդիշեն։

Պորտալը հայտնում է, որ զոհերի թիվը զգալի է, սակայն առայժմ ստույգ տվյալներ չկան։

Հյուրանոցը, որը գտնվում է նախագահական նստավայրի մոտ, հանրաճանաչ է պաշտոնյաների մոտ։ Հատուկ նշանակության ջոկատի զինվորներին հաջողվել է այնտեղից դուրս բերել մեծ թվով մարդկանց։ Նրանց թվում է Սոմալիի ձկնորսության և ծովային ռեսուրսների նախարար Ահմեդ Հասան Ադանը, ինչպես նաև Սենատի անդամներից մեկը։ Մինչդեռ շենքում դեռ շատ պետական այրեր կան։