Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մոսկվան դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին․ Զախարովան անդրադարձել է Արևմուտքի ներգրավվածությանը բանակցություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր խաթարման։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին Արևմուտքի ներգրավվածությանը։

«Մենք հասկանում ենք, որ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաև խաղի, մանևրելու տարր, բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր խաթարման։ Մենք պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք տանում են շոշափելի դրական արդյունքների, իսկ դրական արդյունքը մենք բոլորս գիտենք՝ իրավիճակի կայունացումն է։ Դրա համար ենք մենք միջնորդական դեր կատարում, արել ենք ամեն ինչ եռակողմ համաձայնագրերի մշակման և կնքման համար և, որ ամենակարևորն է, միտված ենք դրանց իրականացմանը», – ասել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել կամ նվազեցնել Ռուսաստանի դերն այս գործընթացում, ցանկալին իրականության տեղ են ներկայացնում. ՌԴ-ն գործնական աշխատանք է տանում հստակ արդյունքներ արձանագրելու համար։ Նա հավելել է, որ Մոսկվան հանրային կերպով չի մեկնաբանում բանակցությունների մանրամասները՝ հաշվի առնելով թեմայի զգայունությունը։

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում առկա են բոլոր հարցերի բոլոր պատասխանները, որոնք պետք է իրականացնել: Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին առնչվող արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այդքան էլ հավասարակշռված չեն թվում, և անկեղծ ասած, չեմ էլ ցանկանում խոսել որոշ արևմտյան միջնորդների դերի մասին, քանի նրանց անհնար է անվանել խաղաղության միջնորդներ», – ասել է Զախարովան։

Մոսկվան Բաքվին և Երևանին է փոխանցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ համապարփակ առաջարկներ։