Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մունդիալ-2022. Անգլիան հաղթեց Սենեգալին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության 1/8 եզրափակչում միմյանց հետ մրցեցին Անգլիան ու Սենեգալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալ-Խոր քաղաքի «Ալ-Բայաթ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը զգուշավոր ֆուտբոլ էին ցուցադրում՝ առավել շատ ուսումնասիրելով միմյանց խաղը: Առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծեց Սենեգալի ընտրանին, սակայն այդ իրավիճակում անթերի գործեց Անգլիայի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը:

Անգլիան, որը շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա, իրացրեց իր հնարավորությունը 38-րդ րոպեին: Ստանալով Ջուդ Բելինգեմի փոխանցումը՝ Հենդերսոնը դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Խփած գնդակը նոր թափ տվեց Անգլիային։ Եվս մեկ գոլ խփելու լավ հնարավորություն կորցրեց Հարի Քեյնը, սակայն րոպեներ անց նա, ի վերջո, խփեց իր առաջին գնդակը այս ԱԱ-ում՝ կրկնապատկելով «երեք առյուծների» առավելությունը:

Երկրորդ կեսի մեկնարկում Անգլիան տիրում էր նախաձեռնությանը, և գոլը երկար սպասեցնել չտվեց: Անգլիայի հավաքականի վտանգավոր գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Բուկայո Սական:

Սենեգալը, այնուամենայնիվ, չէր համակերպվում և, երբեմն-երբեմն գրոհելով, ձգտում էր կրճատել հաշվի տարբերությունը: Անգլիա-Սենեգալ՝ 3:0:

Մունդիալ-2022-ի քառորդ եզրափակիչում Անգլիան կմրցի աշխարհի առաջնության գործող չեմպիոն Ֆրանսիայի հետ: Այդ խաղը կկայանա դեկտեմբերի 10-ին: