Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նաիրի Հոխիկյան. «Աղավնոյի գյուղապետը թալանի մասին իր խոսքից չի հրաժարվել ու հիմա էլ չի հերքում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Լրագրող Նաիրի Հոխիկյանը երեկ համացանցում գրառում էր կատարել այն մասին, որ Աղավնոյում թալան է սկսվել, որ գյուղից իրեն ահազանգում են, թե ինչ-որ չինովնիկներ արդեն մտել են  գյուղի տարածք եւ գործի անցել: Ընդ որում, գրեթե նույն բովանդակությամբ ահազանգ ստացել էր նաեւ Սոֆյա Հովսեփյանը եւ նույնպես հրապարակել: «Ծառեր են կտրում, բորենու նման լափում մարդկանց ունեցվածքը»,- գրել էր Հոխիկյանը եւ հավելել, որ թալանի  դեպքերի մասին ինքը հեռախոսազրույցով հաստատում է ստացել նաեւ Աղավնոյի գյուղապետից:

Ավելի ուշ Նաիրի Հոխիկյանը մի նոր գրառում էր կատարել, որով տեղեկացնում էր, որ գործին միջամտել է Արցախի ոստիկանությունը եւ հայտարարել, թե ինքը եւ Սոֆյա Հովսեփյանը ստում են, որ Արցախի խորհրդարանի ինչ-որ պատգամավոր հատուկ անդրադարձ է անում իրեն եւ մեղադրանքներ հնչեցնում, «իսկ այն մարդիկ, որոնք իրեն զանգել եւ պատմել են թալանի մասին, հանկարծ լռել են կամ լռեցվել»:

Aravot.am-ը հեռախոսով կապ հաստատեց Նաիրի Հոխիկյանի հետ եւ խնդրեց մեկնաբանել տեղի ունեցածը: Նա վերահաստատեց, որ իր ինֆորմացիայի աղբյուրը Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանն է եւ տեղի բնակիչները, որոնց ճանաչում է եւ հեռախոսազրույցի ժամանակ էլ ճանաչել է, թե ով է ահազանգողը: «Գյուղապետը չի հերքում թալանի դեպքերը: Ուղղակի Արցախի խորհրդարանի Կարեն անունով մի պատգամավոր կա, որի ազգանունը չեն հիշում ու համենայն դեպս ընդդիմադիր չէ, նա է ակտիվ կերպով զբաղվում հերքելով եւ հրապարակումներ է արել: Ոստիկանությունը երեկ հետքերով գնացել է Աղավնո: Մի քանի անգամ խոսել եմ գյուղապետի հետ: Ասում է, որ ոստիկանությունը տեղում է: Կարող եմ ասել, որ մեր հրապարակումներն արդյունք ունեցել են այն առումով, որ եթե ոստիկանությունը գնացել եւ ուշադրության կենտրոնում է պահում, նշանակում է՝ հնարավոր է դարձել կանխել հանցագործությունը: Իսկ թե ինչի համար են որոշ խմբավորումներ այդպես ակտիվ իրենց լրատվամիջոցները, պետական քարոզչամեքենան օգտագործում հերքելու համար, դա հարցի մյուս կողմն է»,-ասաց Նաիրի Հոխիկյանը:

Հարցին, թե ի՞նչը  կարող է պատճառ դառնալ, որ մարդիկ, որոնք սկզբում ահազանգել են իրեն, հիմա լռում են, Նաիրի Հոխիկյանը պատասխանեց. «Ստացված տեղեկության իմ աղբյուրները ես չեմ թաքցնում: Այո, այն մարդիկ, որոնք ինֆորմացիան տալիս էին, հետո սկսեցին կողմ քաշվել, թե մենք ոչ մի բանից տեղյակ չենք: Բայց թալանի մասին առաջիններից  մեկը, որ ասել է,  գյուղապետն է եղել: Նա իր խոսքից չի հրաժարվել ու հիմա էլ չի հերքում: Իսկ թե ինչու են գյուղացիները հետո հետ կանգնել, կարող եմ միայն ենթադրել, որովհետեւ ես հիմա այնտեղ չեմ: Ինձ թվում է՝ գործ ունենք սովորական մարդկային գործոնի հետ: Գուցե, վախեցրել են: Այդ մարդիկ հիմա ծանր վիճակում են եւ պետք է իրենց տներից հեռանան: Հնարավոր է՝ ամեն մեկը ինչ-որ բանի կարիք ունի, մեկը՝ վարձով բնակարանի, մյուսը՝ բեռնատարի… Գուցե ամեն մեկին մի բան խոստացել են: Սրանք տարբերակներ են, որոնցով, չի բացառվում, մարդկանց վրա ազդած լինեն: Բայց, կրկնում եմ, սրանք զուտ ենթադրություններ են»,-ասաց նա:

Մենք փորձեցինք մեկնաբանում ստանալ նաեւ Սոֆյա Հովսեփյանից, սակայն նա անհասանելի էր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ