Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նախիջեւանը «Ադրբեջան» չէ․ Եթե Կարսի պայմանագիրը չի գործում, ինչու՞ Նախիջեւանը ՀՀ սուվերեն իրավասության սահմաններում չէ

1921թ. Մոսկվայի/Կարսի պայմանագրով Թուրքիայի ձեռքբերումները

Նիկոլ Փաշինյանն իր հեռուստահարցազրոյցում ասել է, որ խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցը կարող է և չլինել։ «Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂՀ ժողովուրդը` իր ընտրած ներկայացուցչի միջոցով։ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը և շահառուն», ասել է Փաշինյանը։ Ըստ էության, նա արձանագրել է այն իրողությունը, որ Հայաստանն այլեւս կողմ չէ Արցախի հարցով հնարավոր բանակցություններում, եթե այդպիսիք լինեն։ Ավելի պարզ՝ ՀՀ իշխանությունը կամ հրաժարվել է, կամ նրան դուրս են մղել այդ հարցի կարգավորումից, եւ մնում է Արցախի ներկայացուցիչը։

Եթե Արցախի հարցով թեկուզ տեսականում կա բանակցող, ապա հարց է առաջանում՝ ով է բանակցելու Նախիջեւանի հարցով։ Լրագիրը պարբերաբար անդրադառնում է Նախիջեւանի խնդրին, սակայն հայ քաղաքական, մեդիա-փորձագիտական շրջանակներում այս թեման բացակայում է կամ խնդիրը չընկալելու, տեղի ունեցող իրադարձությունները լայն՝ պատճառահետեւանքային ամբողջության մեջ չտեսնելու, կամ այլ պատճառներով։ Սակայն Նախիջեւանի, որը Կարսի 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրով հայկական ինքնավարություն է՝ ժամանակավորապես հանձնված Բաքվի խնամակալությանը, խնդրի քննարկումը մանեւրի եւ պահանջների լայն դաշտ է բացում հայկական կողմի համար թե սահմանների, թե ընդհանրապես հայկական իրավունքների հարցերում, այդ թվում՝ Արցախում։

Լրագիրը բազմիցս անդրադարձել է այն խնդրին, որ Հայաստանի դեմ 2020-ի սեպտեմբերին ռուս-թուրքական արշավի եւ «հետպատերազմյա կարգավորման» պատճառը 1921-ի Մոսկվայի/Կարսի պայմանագրերի իրավական առավելագույն՝ 100 ամյա ժամկետի սպառումն է։ Մոսկվան ու Անկարան փորձում են վերաթարմացնել պայմանագրի գործառնությունն ընդլայնված՝ «խաղաղության պայմանագրի» միջոցով Հայաստանից ստանալով Արցախի ու Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության ճանաչումը։

Շատերը հարց են տալիս՝ փոքր հարցերը չենք կարող լուծել, մեծն ինչպե՞ս ենք լուծելու։ Հարցադրումն ինքնին անհեթեթություն է եւ գալիս է քաղաքականության եւ իրավունքի վերաբերյալ ավանդական անհամարժեք պատկերացումներից։ Նախիջեւանի ապառազմականացման, ինքնավարության կառավարությունում հայկական ներկայության ու ինքնավարության Հայկական իրավասության վերականգնման պահանջը լիովին օրինական է։ 

Ինչ հնարավորություններ է բացում Հայաստանի համար Նախիջեւանի խնդրի գրագետ եւ հիմնավորված բարձրացումը․ վերահրապարակում ենք քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանի նկատառումները․

Նախիջեւանի ինքնավար հանրապետության եւ ՀՀ հարավ–արեւմտյան /1/ սահմանը ոչ թե ԽՍՀՄ հանրապետությունների ադմիստրատիվ սահման է, այլ 1921 թվականի Մոսկվա/Կարսի պայմանագրերով որոշված բաժանիչ գիծ: Պաշտոնական Երեւանի եւ Բաքվի սուվերենությունների տարածքային սահմանազատումը ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանագծերով, ինչի մասին խոսում է ՀՀ վարչապետ Փաշինյանը, իրավազոր է միայն ՀՀ արեւելյան /2/ սահմանի բաժնով, այն էլ վճռորոշ մի քանի վերապահումով

Որոնք են ՀՀ արեւելյան սահմանին վերաբերող վերապահումները: Առաջին վերապահումն է /2-ա/ Հայաստանի տարածքից ներս (Տավուշ, անկլավներ) եւ դուրս հայտնված հատվածներով Հայաստանի հարավ-հյուսիս կապուղիների անընդհատությունը բնակչության էթնիկ կազմի հայտանիշով խզելու հանգամանքը: Այստեղ առանցքայինը «էթնիկ» որոշիչն է: Այդ որոշիչով Բաքուն առաջնորդվում է Հայաստանի տարածքի հանդեպ, բայց անտեսում է Արցախի պարագային: Այս հանգամանքը Բաքվի հետ բանակցությունների նյու՞թ է: Եթե ոչ, ինչու՞:

ՀՀ – Ադրբեջանի Հանրապետություն

Արեւելյան սահմանի սահմանազատման համար կա եւս մեկ վերապահում. խոսքը նույնիսկ Մոսկվա/Կարսի պայմանագրերի՝ Բաքվի իրավասության սահմանների մասին գաղտնի արձանագրությունների (ՏարասովՆադեինՌայեվսկիԱլիեւ) մասին չէ, այլ /2-բ/ ԽՍՀՄ կազմալուծմանը նախորդած Միության՝ գործողության մեջ մտած օրենսդրական ակտերով առաջնորդվող սուբյեկտության տարբեր մակարդակներում գտնվող խորհրդային միավորների ընդունած որոշումների մասին: Այլ կերպ ասած, Ադրբեջանական ԽՍՀ՝ ԽՍՀՄ-ից եւ իր հերթին ԼՂԻՄ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու խորհրդային իրավական ակտերի մասին: Ադրբեջանական Հանրապետությունը լքել է ԽՍՀՄ առանց Արցախի, հետեւապես, ունեցել է ադմինիստրատիվ խորհրդայինից տարբեր սահմաններ:

Սահմանի որոշման եւս մեկ հանգամանք է /2.գ/ ԵԱԽԿ ՄԽ մանդատի շրջանակում ԼՂ կարգավիճակի որոշման հրամայականը: Իսկ ապագա կարգավիճակի, անկախ դրա բովանդակությունից, անբաժանելի մաս է ՀՀ եւ ԼՂ ցամաքային կապը ապահովող էքստերիտորիալ, այսինքն Բաքվի իրավասությանը չվերաբերող ճանապարհը՝ անվտանգության իր որոշակի լայնությամբ: Բնականաբար, նման ճանապարհը ԽՍՀՄ ադմինիստրատիվ բաժանումից տարբեր սահմանային նոր իրավիճակ է առաջացնում ՀՀ եւ Բաքվի միջեւ ոչ միայն նախկին ԼՂԻՄ սահմանների երկայնքով, այլեւ Գորիս-Բերձոր հատվածում:

Ինչպես տեսնում ենք, ԽՍՀՄ ադմինիստրատիվ բաժանումը կարող է հիմք հանդիսանալ Բաքվի զինվորականներին 2020-ի մայիս 12-ի ելման դիրք տեղափոխելու համար միայն: Ոչ ավել: Սահմանազատումը բոլորովին այլ բան է:

ՀՀ – Նախիջեւան

Ավելի բարդ է կատարել սահմանազատում Նախիջեւանի հետ, նկատի առնելով Մոսկվայի/Կարսի պայմանագրի ներկա ստատուսի մեղմ ասած ոչ միանշանակ լինելը [Օսկանյան]: Եւս մեկ խնդիր է դեռեւս ԽՍՀՄ գոյության շրջանում Նախիջեւանի՝ իբրեւ Բաքվի ընդամենը պրոտեկտորատի տակ գտնվելու կարգավիճակի կոպիտ խախտումը: Ժամանակին այդ խախտման դեմ Մոսկվա բողոքներ է հղել նույնիսկ Թուրքիայի Հանրապետությունը: Բողոքների բովանդակությունը հետեւյալն էր. Նախիջեւանի ինքնավարությունը Ադրբեջանական ԽՍՀ մաս չէ, այնտեղ չեն կարող տեղակայվել խորհրդային բանակի զորամասեր: Խորհրդային Հայաստանի առարկությունը նույնը պիտի լիներ՝ հավելած հայկական ինքնավարության իրավունքների ոտնահարումը:

Այժմ հրատապ է Նախիջեւանի հայկական ինքնավարության իրավունքների վերականգնումը եւ Բաքվի զորաբանակի դուրսբերումը մարզից: Այլ կերպ ասած՝ օկուպացիայի դադարեցումը: Ի տարբերություն Արցախի, Նախիջեւանի հայկական ինքնավարության կարգավիճակը միջազգային պայմանագրի նյութ է: ՀՀ տարածքի շուրջ կեսի հանդեպ՝ օրինական որեւէ հիմք չունեցող տարածքային պահանջներին պիտի հակադրվի Մոսկվա/Կարսի պայմանագրի պահանջների կատարումը: Նշենք, որ Շուշիի դեկլարացիայի ստորագրման ժամանակ Բաքվի ռեժիմի պարագլուխը հղում կատարեց հենց Կարսի պայմանագրին:

Ինչպես համոզվում ենք՝ այս դեպքում էլ ԽՍՀՄ ադմինիստրատիվ բաժանումը Երեւանի եւ Բաքվի միջեւ սուվերենության տարածքային սահմանազատման ուղեցույց չէ, քանի որ Նախիջեւանը Ադրբեջան չէ: ՀՀ հարավ-արեւմտյան սահմանին Բաքվի զինվորականներ առհասարակ չպիտի լինեն: Մարզը պետք է վերադառնա հայկական ինքնավարության հիմունքներին՝ տեղի ռազմականացված կառուցվածքների համապատասխան վերակազմավորմամբ եւ հարյուր հազարավոր հայ բնակչության վերադարձով: Սա Բաքվի հետ բանակցությունների նյու՞թ է: Եթե ոչ, ինչու՞:

ՀՀ – Թուրքիա

Խոսվում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման մասին: Պետք է անշուշտ: ՀՀ եւ Թուրքիայի սահմանը որոշվում է Մոսկվայի/Կարսի պայմանագրերով: Պայմանագիրը չի կարող գործել մի հատվածում (Կարս-Արարատ) եւ չգործել մյուսում (Նախիջեւան): Եթե առհասարկ ժամկետանց է եւ չի գործում, ապա ի՞նչ է անում Կարսը Թուրքիայի կազմում: Ի՞նչ է անում Արարատ լեռը Թուրքիայում: Ինչու՞ Նախիջեւանը ՀՀ սուվերեն իրավասության սահմաններում չէ: Այդ դեպքում, առաջին հերթին, Անկարան պետք է կարգավորի Բաթումի խնդիրը Վրաստանի հետ, իսկ մինչ այդ, ժամ առաջ վերադարձնի Արարատ լեռան շրջանը Հայաստանի Հանրապետությանը: Լեռը օտարվել էր Հայաստանից Թուրքիայի օգտին՝ Բաթումը Վրաստանին փոխանցելու դիմաց: Սա Թուրքիայի հետ բանակցությունների նյո՞ւթ է: Եթե ոչ, ինչու՞:

Այս ակնարկի ձեւակերպումները, ցավոք, գտնվում են իշխող խմբի անդամների գիտելիքի եւ մտահորիզոնի շրջանակից բացահայտ դուրս: Առհասարակ, Հայաստանի քաղաքական վերնախավի մտահորիզոնից դուրս: Սա՝ 4 տարվա ընթացքին, ցավոք, հազարավոր զոհերի գնով ապացուցված պնդում է: Այդուհանդերձ, իշխող խումբը Հայաստանի բնակչության առջեւ բացում է նոր արհավիրքների, նոր պատերազմի ու նոր զոհերի դուռը: Սահմանների խնդիրը միայն պատկանելության հարց չէ: Առաջին հերթին դա պաշտպանության եւ ընդհանուր անվտանգության հարց է, որ ծառանալու է հայ ժողովրդի շահերի կոպտագույն ոտնահարմամբ կնքված որեւէ պայմանագրի հաջորդ իսկ օրը:

Վարչապետ Փաշինյանը մոռանում է, որ սուվերենության, անշուշտ՝ ոչ «սուվերեն», ինչպես անընդհատ կրկնում են ՔՊ գործիչները, տարածքը, բացի մակերեսից, ունի իրավական կարգավորման ռեժիմ: Ընդ որում, հարակից տարբեր տարածքներ ղեկավարվում են միջազգային-իրավական էապես տարբեր ռեժիմներով: Սա ԽՍՀՄ կազմավորման եւ կազմալուծման յուրահատկությունն է, երբ Միության մեջ երկու հարեւանների սահմանները որոշվել են միջպետական պայմանագրերի միջոցով, այն էլ երրորդ կողմերի մասնակցությամբ: Հենց այն ԽՍՀՄ-ի, որին սիրում է հղել վարչաապետ Փաշինյանը: 29.8 թիվը խնդրի իրավական ֆակտուրան բոլորովին չարտացոլող, պոպուլիստական հերթական խաբկանք է՝ աղետալի հետեւանքների հանդեպ անպատասխանատվության տխրեցնող մակարդակով:

2021 մայիս 12-ի եւ 2022 սեպտեմբեր 13-ի ՀՀ դեմ Բաքվի ագրեսիայի գործած ակտերը շատ թանկ պիտի նստեն աբշերոնյան ռեժիմի, նաեւ Թուրքիայի վրա: Սակայն այդ թանկ վճարը Հայաստանի կողմից ընդունող պիտի լինի: Ոչ ներկաները, ոչ էլ, դատելով նախագահներ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի հայտարարություններից՝ նախկինները, այդ վճարը «ընդունելու» ընդունակ չեն: Առնվազն պիտի շտապ վերականգնվի ՀՀ Արտաքին գործոց նախարարությունը: Միջազգային ասպարեզի իրավագետների կուռ կորիզ պիտի գործարկվի: Իրավական եւ դիվանագիտական հսկայական աշխատանք պիտի կատարվի աղետից խուսափելու համար: Կանխավ նշենք, որ ստատուս քվոն իբրեւ հիմք ընդունելու միտումը ընդհանրապես աղետաբեր է, քանի որ Հայկական ԽՍՀ սահմանները Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից 1921-ին գծվել են Հայաստանի անկենսունակության պայմանով: Նշենք նաեւ, որ Հայաստանի անպաշտպանելի սահմանների շուրջ Լենին-Քեմալ սկզբունքային համաձայնությունը կայացել է դեռեւս 1919-ի գարնանը:

Պայքարը անվերապահ շարունակելու գոնե դեկլարատիվ հայտով հանդես է եկել նախագահներից միայն Սերժ Սարգսյանը: Դեկլարացիաները բավարար չեն, մանավանդ եթե նկատի առնենք անցյալի հետ կապված «ծանրացուցիչ» հանգամանքները, թող ներվի քրեական վարույթին հատուկ այս տերմինը: Իրենց խոսքը /1-2/ խնդիրների բարդ կծիկի շուրջ խոր ընդհատակում են պահում նաեւ արտախորհրդարանական քաղաքական միավորները, մինչդեռ խոսվում էր ստվերային կաբինետի մասին անգամ: Եթե Նիկոլ Փաշինյանին դիմում էինք ուր է կամքը հարցով, ապա այս շրջանակին հարցնում ենք՝ ուր է կաբինետը եւ նրա դիրքորոշումը: Ժամանակը սուղ է, իսկ իրադրությունը, որքան էլ տարօրինակ հնչի՝ բարենպաստ: Հանրությունն էլ հասունացել է առարկայական կողմնորոշման համար:

Թուրքիան 1926 թվականից բողոքում էր Նախիջեւանի՝ Ադրբ ԽՍՀ դրոշի տակ հանդես գալու դեմ:

1926 թվականի ապրիլի 18-ին ընդունված Նախիջեւանի ԽՍՀ առաջին Սահմանադրության (Հիմնական օրենքի) 61-րդ հոդվածում սահմանվել է, որ «Նախիջեւանի Սոցիալիստական ​​Խորհրդային Հանրապետությունը օգտագործում է Ադրբեջանի Սոցիալիստական ​​Խորհրդային Հանրապետության զինանշանն ու դրոշը»։

Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության Սահմանադրության 112-րդ հոդվածը, որն ընդունվել է 1937 թվականի սեպտեմբերի 18-ին Նախիջևանի ՀԽՍՀ Սովետների արտահերթ տասներորդ համագումարի կողմից, պարունակում էր հետևյալ նկարագրությունը.

«Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության պետական ​​դրոշը Ադրբեջանական ԽՍՀ պետական ​​դրոշն է՝ կազմված կարմիր կտորից, որի ձախ անկյունում, վերևի գավազանի մոտ, ոսկեգույն մուրճն ու մանգաղն է և մակագրությունը. ադրբեջաներեն և հայերեն «AzSSR» լեզուներով՝ «AzSSR» մակագրության տակ ավելի փոքր տառերով «Նախիջևանի ԻՍՍՀ» ադրբեջաներեն և հայերեն մակագրությամբ լրացմամբ»: