Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նախիջեւանի հարցը՝ լակմուսի թուղթ

Փաշինյանի ցանկացած ելույթ զիջումների հերթական չափաբաժնի մատուցումն է հանրությանը, արդարանալու, մեղադրելու, դեմագոգիայի ու շատախոսության միջոցով հանրությանը դրանց համակերպելու փորձերով։

Հերթական ելույթը խորհրդարանում այս շարքից էր․ Քոչարյան-Օսկանյանն են հանձնել Արցախը՝ ստամբուլյան կոնվենցիան ստորագրելով եւ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, Սերժ Սարգսյանն էլ Նալբանդյանի հետ է հանձնել Արցախը, սեղանին թողել կապիտուլյացիոն մի թուղթ ու հեռացել։ Ինքը պայքարել է իրավիճակը հետ պտտելու համար, սակայն դա իրեն չի հաջողվել։ Եվ հիմա հաստատակամ գնում է «խաղաղության օրակարգն» իրականացնելու, որովհետեւ Ղարաբաղը հանձնված է, դաշնակիցները զենք չեն տալիս, աշխարհում ոչ ոք Ղարաբաղը չի ճանաչում, ասում է Փաշինյանը։

Ինչ է «խաղաղության օրակարգը»․ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի՝ հայերի հաշվին ընդլայնված կիրառում եւ օրինականացում՝ Բաքվին Արցախի եւ Նախիջեւանի պատկանելության ճանաչմամբ, ՀՀ տարածքը միջանցքներով մասնատելով եւ ՀՀ սահմանների կամայական որոշմամբ։ Ալիեւն արդեն հայտարարել է, որ ներխուժումների նպատակն այն էր, որ կանգնեն այնտեղ, որը համարում են սահման, քանի որ սահմաններ չկան, թեեւ այդ տեղակայումներն էլ վերջնական չեն։ Ահա պատասխանը 28,9-ի «տեսլականին»։

Փաշինյանի կառավարությունն անմեղսունակության կամ ռուս-թուրքական շահերը սպասարկելու բերումով անտեսեց բոլոր հնարավորությունները, որոնք պարբերաբար առաջանում էին եւ են։ Մասնավորապես, Նախիջեւանի եւ սահմանների հարցով։

Նախիջեւանն է՞լ է Մադրիդյան սկզբունքներով, որ հանձնում ես։ Նախիջեւանն ունի միջազգային հստակ կարգավիճակ՝ Հայկական ինքնավար հանրապետություն Ադրբ․ԽՍՀ պրոտեկտորատի ներքո։ Ինչո՞ւ խաղաղության պայմանագիրը չի ներառում Նախիջեւանի կարգավիճակը եւ սահմանազատումը։ Էրդողանին հարցրու՝ նրանք ճանաչո՞ւմ են Կարսի պայմանագիրը։ Կարսն ու Արարատ լեռան շրջանը թուրքակա՞ն են։ Եթե այո՝ պնդում ենք 1,5 միլիոն հայերի հայրենադարձությունը Նախիջեւան։

Ռուսաստանն ու Թուրքիան ներկայում այդ մասին ծպտուն չեն հանում, քանի որ հակառակ դեպքում կորցնելու են եւ Կարսը, եւ Արարատը, եւ Նախիջեւանը։

Հայաստանը Նախիջեւանի հայկական ինքնավարության նույնպիսի երաշխավոր է, ինչպես Թուրքիան ու Ռուսաստանը։ ՌԴ-ն, ի դեպ, ճանաչում է Կարսի պայմանագիրը (ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովա, ՊԴ մի շարք պատգամավորներ)։ Ուստի մնում է Հայաստանը, մնում է Տեր-Պետրոսյանի գաղափարախոսության հավատարիմ հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը։ Եվ եթե այս խնդիրը չի բարձրաձայնվում, նշանակում է գործ ունենք ագենտի հետ, քանի որ քաղաքականության մեջ հիմարներ չեն լինում։

Քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանի խոսքով, «Ադրբեջանական ԽՍՀ այս դեպքում կարգավիճակի երաշխավոր է միայն մեկ հարցում՝ երրորդ կողմին, այսինքն Իրանին պրոտեկտորատի իրավունքը չփոխանցելու։ Ինչպես տեսնում ենք, Բաքուն չուներ սուվերեն իրավունքներ այդ տարածքի հանդեպ, հետեւապես դա իր տարածքը չէ։ Մոսկվան 1926 թվականին խախտեց Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածի այն դրույթը, որ դա Բաքվի տարածք չէ, եւ դիտարկեց իբրեւ Բաքվի ադմինիստրատիվ մարզ։ Թուրքիան բողոքեց, իսկ Հայաստանը բնականաբար լռեց։ Հիմա Հայաստանը կախված չէ Մոսկվայից (արդյոք, Նիկոլ Փաշինյան – խմբ․) եւ պարտավոր է վերահաստատել իր իրավունքը Նախիջեւանի Հայկական Հանրապետության հանդեպ, կամ, հակառակ դեպքում, իր իրավունքը Նախիջեւանի հանդեպ իբրեւ արդեն սեփական տարածք եւ Կարսի ու Արարատի հանդեպ՝ իբրեւ սեփական տարածք։ Համոզվում ենք, որ երկու դեպքում էլ Նախիջեւանի ստատուս քվոն հարցականի տակ է հայտնվում։ Այս ամենի դիմաց ռուսներն ու թուրքերը կարող էին վճարել Ղարաբաղով, բայց տեսնում ենք, որ դա էլ են խլում։ Նրանց դեմ Նիկոլ Փաշինյան ունենալով՝ այլ բան նրանցից պահանջելը միայն ծիծաղի է արժանի»։