Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նախիջևանիկի դպրոցի շենքը վթարային վիճակում է . տնօրեն

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի շենքը գտնվում է վթարային վիճակում:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է դպրոցի տնօրեն Գալինա Մեժլումյանը:

«Դպրոցի շենքը՝ նախատեսված 300-350 աշակերտի համար, շահագործման է հանձնվել 1974 թվականին: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992 թվականին, շենքը հիմնովին ավերվել է, իսկ 1994 թվականին՝ մասնաշենքերից մեկը վերանորոգվել ու հարմարեցվել է դպրոցի կարիքներին: Սեյսմիկ ծառայության կողմից անց են կացվել ստուգումներ և նշվել, որ շենքը վթարային է: Ամեն տարի ընթացիկ վերանորոգումներ ենք կատարում, բայց տանիքը շարունակում է մնալ անմխիթար վիճակում, ինչի հետևանքով  տեղումների ժամանակ ջուրը ներթափանցում է շենք: Նախատեսված էր դպրոցական նոր շենք կառուցել, բայց նախագիծը չեղարկվել է»,-պատմել է Գ. Մեժլումյանը:

Նա նշել է, որ դպրոց են հաճախում  նաև հարևան  Վարդաձոր, Վարազաբուն և Սառնաղբյուր համայնքների աշակերտները:

«Այս պահի դրությամբ դասասենյակները բավարարում են դասերը  լիարժեք կազմակերպելու համար, բայց դրանք չեն բավականացնում, որպեսզի ունենանք նաև նախադպրոցական խումբ: Շենքային պայմանների պատճառով կրթօջախում չի գործում «Երկարօրյա դպրոց» ծրագիրը, որին շատ կցանկանայինք միանալ»,-հավելել է տնօրենը՝ նշելով,որ դպրոցի ջեռուցումն իրականացնում են փայտով, որը ժամանակին մթերել են: Տնօրենի խոսքով՝ կրթօջախը համալրված է մասնագետներով: Երեք ուսուցիչ ընթացիկ տարվա օոգոստոս ամսին մասնակցել են վերապատրաստումների:

Մաթեմատիկա և Օտար լեզու առարկաների ուսուցիչները «Դասավանդիր Հայաստան» կրթական ծրագրի շրջանակներում են դասավանդում դպրոցում: Կրթօջախի աշակերտները հաճախակի են մասնակցում առարկայական օլիմպիադաների և դիպլոմներով վերադառնում կրթօջախ»,-ընդհանրացրել է Գ.Մեժլումյանը: