Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նեդ Փրայս. ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է կողմերի հետ Հարավային Կովկասի խաղաղ ապագան ապահովելու համար

Ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան հակամարտությունը շոշափվել է ԵՄ-ԱՄՆ երկխոսության շրջանակներում։

«Ինչպես գիտեք, Ադրբեջանը հրաժարվել է Բրյուսելում բանակցությունների հերթական փուլից՝ մերժելով Ֆրանսիայի մասնակցությունը։ Հետաքրքիր է, թե արդյոք դա արծարծվել է ԵՄ պաշտոնյաների, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ՝ կառավարությունում, թե Սպիտակ տանը»,- մասնավորապես հարցրել է լրագրողը Փրայսին։

Վերջինս պատասխանել է. «Միացյալ Նահանգները ակտիվորեն համագործակցել է կողմերի հետ, որպեսզի օգնի ապահովել խաղաղ ապագա Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Մենք արդեն երկու եռակողմ հանդիպում ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Դրանք ղեկավարում էր պետքարտուղար Բլինքենը։ Նա նաև շարունակել է հեռախոսային կապ պահպանել կողմերի հետ»։

Նրա խոսքով՝ վերջին հանդիպմանը արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։

«Երկու կողմերն էլ իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին այս նախարարական հանդիպումը կազմակերպելու համար։ Մենք, անշուշտ, հույս ունենք, որ երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, հետևաբար մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտությանը, որպեսզի հասնենք երկու երկրների միջև տևական խաղաղության և խնդիրների լուծման», – հայտարարել է Նեդ Փրայսը։