Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նեղվում են, որ կարող ես մի քանի մասնագիտություն ունենալ, իսկ իրենք միայն դիվան քշել գիտեն. Նաիրա Մովսիսյան

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով վերջերս է տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է ամերիկյան կյանքին եւ զբաղվածությանը:

-Նաիրա՛, Դուք արդեն տեւական ժամանակ է, ինչ բնակվում եք հայաշատ Գլենդել քաղաքում: Ինչո՞վ եք զբաղվում այնտեղ:

-Զբաղվածությունս այստեղ շատ-շատ է, իրականում այստեղ պարապ մնալն անհնար է: Այո, ինձ մոտ հիմա պասիվ շրջան է, բայց փառք Աստծո այստեղ եւս ունեցել եմ առաջարկ: Անկեղծ ասած ստեղծագործող մարդու համար պետք է լինի սիրտ, հավես, տրամադրություն եւս, քանի որ անկախ նրանից, թե որտեղ ես ապրում ծանր ես տանում եւ ռեալ գիտակցում ես , թե ինչ է կատարվում քո երկրում, քո ազգի հետ, դա է պատճառը, որ նախընտրում եմ պասիվ լինել:

-Սովորաբար Ձեր կոլեգաները, երբ հայրենիքից հեռանում են սկզբնական շրջանում անցնում են որոշակի դժվարությունների միջով: Դուք ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել:

-Աշխատել եմ մեծերի մանկապարտեզում, շարունակում եմ դիմահարդարում անելը, մի ամբողջ կազմակերպություն եմ ղեկավարում եւ իհարկե զբաղվում եմ բժշկությամբ, որի մասին ցավոք սրտի չեմ կարող խոսել, քանի որ կան հայի վատ տեսակներ, որոնք նեղվում են, որ դու կարող ես մի քանի մասնագիտություն ունենալ, իսկ իրենք դիվան քշելով փորձում են թույլ տալ իրենց կարծիք հայտնել: Սովորում եմ բժշկություն ու միաժամանակ աշխատում եմ, ինչի մասին դեռ չեմ ցանկանում խոսել: Իմ կարծիքով դժվարությունները կյանքի մի ընթացք են, որը պետք է հաղթահարես: Դժվար էր, երբ դստերս հետ տեղաշարժվում էի ավտոբոսով, քանի որ մեքենա չունեի, բայց շնորհակալ եմ բոլոր այն մարդկաց, ովքեր իմ կողքին են եղել եւ մշտապես ամեն պարագայում աջակցել եւ սեր են տվել:

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք մեկնել Հայաստանից եւ բնակվել ԱՄՆ-ում:

-Հատուկ պատճառ չկա, պարզապես այս անգամ երկարաժամկետ եմ այստեղ գտնվում, քանի որ ունեմ շատ գործեր, միջոցառում, որը պետք է անցկացնեմ անձամբ ես, եւ դա է պատճառը, որ իմ Հայաստանյան գալը հետաձգվում է, բայց դա չի նշանակում, որ ես այստեղ մշտական եմ հաստատվել: Ես միշտ ասել եմ, ուր էլ որ գնամ հետ եմ գալու իմ հայրենիք:

-Այժմ Հայաստանում դժվարին օրեր են, հեռվից հետևո՞ւմ եք իրադարձություններին: Ինչպե՞ս եք արձագանքում, ի՞նչ տպավորություն ունեք:

-Հայաստանում արդեն մի քանի տարի է ինչ դժվարին օրեր են: Հիմա այստեղից, երբ հետեւում եմ փորձում եմ հասկանալ սփյուռքում ապրող  մեր հայրենակիցներին, թե ինչու էին այդքան ծանր տանում մեր երկրի վիճակը: Հեռվից ամեն ինչ ավելի դաժան եւ ցավոտ է,  երբ դու ոչնչով չես կարող օգնել քո ժողովրդին: Իսկ, երբ Հայաստանում ես, դու գոնե կարող ես գնալ փորձել գոնե ինչով կարող ես աջակցել: Կուզենայի նաեւ վստահ ասել, որ լավ օրից ոչ մեկը հայրենիքից չի գնում: Հիմա ինձ համար շատ դժվար է, քանի որ կուզենայի լինել իմ հայրենիքում հարազատներիս, հայենակիցներիս կողքին: Այո՛, ես ցավ եմ ապրում, երբ ամեն օր օդանավակայանում տեսնում եմ, թե ինչքան մարդ է գալիս եւ ցավոք սրտի մշտական հաստատվելու համար ԱՄՆ-ում: Ես ցանկանում եմ՝ գա մի օր, որ բոլոր հայերը ետ գան, իսկ ես շուտով գալու եմ, քանի որ ես իմ երկիրը պաշտում եմ եւ խենթանում եմ Հայաստանի օդի համար:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը