Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՆԳՆ շրջանակում ամփոփվելու է երեք ծառայություն

«Ներքին գործերի նախարարության ստեղծումը, ըստ էության, պարզապես հերթական նախարարության ստեղծումը չէ։ Բովանդակային առումով սա  ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ  խորհրդարանական, քաղաքացիական վերահսկողության իրականացում»,- ԱԺ-ում  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների նախագերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանն ասաց  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ եվորպական և հետախորհրդային ավելի քան 30 երկրների փորձի ուսումնասիրությունը թույլ է  տալիս պնդելու, որ ոստիկանական  այսպիսի համակարգերում ոստիկանությունը հիմնականում քաղաքացիական նախարարության ենթակայության ներքո է գործում և ըստ այդմ ապահովում է ոլորտի համապարփակ կատարելագործումն ու զարգացումը։

«Բնականաբար,  յուրաքանչյուր նախարարության ստեղծում կամ ցանկացած կառուցվածքային փոփոխություն  ենթադրում է համապատասխան երկրում կառավարման ձևի տրամաբանության մեջ  փոփոխությունների իրականացում, և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում կառավարման ձևը պառլամենտական է, բնականաբար,  այս դեպքում նախարարության ներքո  ոստիկանություն ունենալու գաղափարը շատ ավելի տրամաբանական է։

Բայց ոչ միայն կառավարման ձևն է կարևոր, այլ մեր առջև դրված խնդրի լուծումը։ Ո՞րն է  խնդիրն այս դեպքում։  Խնդիրն այն է, որ ոստիկունթյունը, ըստ էության, չունի իր համար քաղաքականության  մշակման համար պատասխանատու սուբյեկտ և ըստ այդմ  ինքնակատարելագործման ճանապարհով է գնում։ Թե փորձագիտական կարծիքը, թե միջազգային փորձը մեզ թույլ է  տալիս նշել, որ նույն  կառույցը թե իր թերությունները նկատելու, թե ավելի լավ  կարգավորումներ առաջ տանելու հետ կապված մոդելային առումով լավագույն լուծումը չէ։  Հետևապես, պետք է տարանջատվի  քաղաքականության մշակման ֆունկցիան և քաղաքականության իրականացման համար ֆունկցիան»,- մանրամասնեց փոխնախարարը։

Ա.Սարգսյանի խոսքով, քաղաքացիական նախարարության ստեղծման առավելությունն այն կլինի, որ, ըստ էության, ոստիկանության ոլորտի բարեփոխումների պատասխանատու կլինի ի դեմս ներքին գործերի նախարարության, ոլորտի քաղաքական պատասխանատու՝ ի դեմս ներքին գործերի նախարարի, իսկ  ոստիկանությունը ոստիկանապետի մակարդակով պատասխանատու կլինի այս ծառայության ամենօրյա գործունեության համար։

«Ներքին գործերի նախարարության ստեղծումը թույլ է տալու  ունենալ մասնագիտացված ոստիկանություն, որը  օգնության կհասնի մեր քաղացքիաներին և կկարողանա հանրային շատ ավելի  արդյունավետ ծառայություն մատուցել մեր քաղաքացիներին»,- ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանությունում  պետք է թողնվեմ բոլոր այնպիսի ծառայությունները, որոնք իրենց բնույթով մաքուր ոստիկանական են, իսկ այն բոլոր ծառայությունները, որոնք կենթադրեն հանրային ծառայություն, կտեղափոխվեն ՆԳՆ տիրութ, օրինակ՝ վարորդական իրավունքի վկայականների տրամադրում, հաշվառումներ և այլն։

Ա. Սարգսյանը հայտարարեց, որ ՆԳՆ շրջանակներում ամփոփվելու են  երեք ծառայություն՝ փրկարար ծառայություն, ոստիկանությունն,  միգրացիայի և քաղաքացիության ծառայություն.


«Շատ կարևոր է ունենալ աղետների և ռիսկերի  ընդհանուր տրամաբանության մեջ  մեկ կետից կառավարում և մեկ կետից քաղաքականության մշակում, իսկ այս երեք կառույցները բախվում են տարբեր  ճգնաժամային իրավիճակների, հետևապես  տրամաբանական է  մեկ նախարարության ներքո ունենալ այս բոլոր ոլորտների քաղաքականության մշակումը։

Նա նաև ասաց, որ ՆԳՆ ենթակայության ներքո ունենալու են առանձին ակադեմիա, որը պատախանտու կլինի կադրերի որակի համար, ըստ այդմ կիրականացնի համապատասխան ուսուցում։

Արդարադատության փոխնախարարի խոսքով, չորս ամիս, ըստ էության, արտակարգ իրավիճակների նախարարությունը կշարունակի  գործել մինչև որ ՆԳՆ համապատասխան կադրային նշանակումները կիրականացվեն և նախարարությունն ի զորու կլինի իրականացնել այն ֆունկացիաները, որոնք իրականացում է  ԱԻՆ-ը։

«Ըստ էության 4 ամիս կունենաք 13 նախարարություն, հենց ավարտվի այդ ժամանակահատվածը, ամբողջ ֆունցիոնալ բազան կտեղափոխվի  ՆԳՆ և նախարարությունը կիրականացնի այդ ֆունկցիաները»,- ասաց Ա. Սարգսյանը։