Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նիկոլ Փաշինյանը փորձում է «ցեխ նետել» ՌԴ-ի վրա՝ իր իշխանության պահպանման համար. Հենրիխ Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Քանի Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով արհավիրքը ՀՀ վարչապետն է՝ մենք միշտ ունենալու ենք նոր կորուստներ, միշտ ունենալու ենք նոր զիջումներ»,- «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀԿ երիտթեւի ղեկավար Հենրիխ Դանիելյանը:

Երիտասարդ գործիչը համարում է, որ ՀՀ իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո բանակաշինությանն ուղղված անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել: 2023 թվականի բյուջերով նախատեսված՝ ՀՀ ՊՆ-ի բյուջեի գրեթե 50 տոկոսով ավելացումը երիտասարդ գործչի համոզմամբ, անարդյունավետ է լինելու, քանի որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ԱԺ-ում, իսկ երեկ՝ կառավարության նիստում հայտարարել է, որ գումար ունեն, բայց զենք գնել չեն կարողանում:

«Մենք տեսել ենք նաեւ նրանց գնած «ՕՍԱ»-ները, «ՍՈՒ»–երը, որոնք ոչ մի բանով մեզ պետք չեն եկել»,- ասաց նա՝ հավելելով, որ «Մենք տեսել ենք Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը, այն է՝ արդեն բոլորի համար սովորական դարձած պատերազմական գործողությունները, զոհերը եւ մարդիկ չեն էլ տարբերակում՝ խաղաղություն է, թե՞ պատերազմ»: Բանախոսն ընդգծում է, որ իշխանությունը նաեւ «թաքցնում է» զոհերի ցուցակները, չի հրապարակում դրանք՝ չնայած բազմաթիվ հորդորներին եւ դիմումներին:

Հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն արդեն փակել է 1980-ականների զենքերի էջը, Հենրիխ Դանիելյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այսօր «մեր զինվորները ստիպված են 70-ականների սաղավարտով կռիվ անել», այն պարագայում, երբ նույն 1980-ականների զենքը, ինչպես կյանքը ցույց տվեց, ավելի արդյունավետ էր:

Երեկ կառավարության նիստի ժամանակ ՌԴ-ի հասցեին հնչեցրած Նիկոլ Փաշինյանի քննադատությունը ՀՀԿ-ական երիտասարդը համարում է հենց Նիկոլ Փաշինյանի տապալված արտաքին քաղաքականության հետեւանքներից, ինչը ռազմավարական դաշնակցի եւ մեր պետության միջեւ դիվանագիտական փոխհրաձգության է բերել. «Եվ ի՞նչ է ստացում, որ մենք ունենում ենք անընդհատ զիջումներ թե ռազմական, թե դիվանագիտական դաշտում»:

Իր գնահատմամբ, չիմանալով՝ ի՞նչ ասել է դիվանագիտական հարաբերություններ, գործող իշխանությունները դրանք փորձում են իրացնել «ստրուկի եւ տիրոջ մակարդակում», ինչն էլ հանգեցնում է նման իրավիճակների:

ՀՀ նախկին իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում, ըստ բանախոսի, տարիներ շարունակ, Հայաստանը լավ հարաբերություններ է ունեցել միմյանց հետ հակամարտող, միմյանց մրցակից երկրների հետ՝ իբրեւ սուվերեն պետություն՝ պահպանելով մեր շահերը: «Մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի կողմից մենք 2016-2018 թթ. ստացել ենք 50 հազար տոննա ռազմական օժանդակություն՝ նկատի ունեմ, որ դրա համար չենք վճարել, ստացել ենք 100 եւ 200 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագրեր՝ չհաշված այն բացառիկ զինատեսակները, որոնք Սերժ Սարգսյանը 2008-2018 թթ. Հայաստան է բերել՝ «Իսկանդեր», «Տոչկա-ՈՒ», «Սկադ» եւ այլն, որոնք մենք գնել ենք շատ ավելի մատչելի գնով»,- ասաց Հենրիխ Դանիելյանը՝ հավելելով, որ ինքը չի պնդում, որ ՌԴ-ի հետ խնդիրներ չկան, բայց դրանք այն խնդիրները չեն, որոնց համար պետք է «ցեխ նետել» ռազմավարական դաշնակցի վրա, ավելին, դրանք լուծելի խնդիրներ են, պարզապես պետք է ճիշտ աշխատանք տանել:

ՀՀԿ ԵԿ ղեկավարը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանելու համար հիմա զիջումների է գնում: Իբրեւ ասվածի ապացույց՝ նա հայտարարում է, որ իշխանությունը պարգեւավճարների վրա շատ ավելի շատ գումար է ծախսել, քան այն գործողությունների, որոնք անհրաժեշտ էին ՀՀ անվտանգությունը պահպանելու համար. «Օրինակ, 9 միլիարդ դրամ նա տվել է ոստիկանությանը՝ որպես խրախուսանք, այդ 9 միլիարդ դրամով նա կարող էր շուրջ 60 հազար հոգու համար գնել ամենալավ, ամենանոր տեսակի զրահաբաճկոն եւ սաղավարտ: Գիտենք, որ 44-օրյա պատերազմում, մեր եղբայրներն ամենաշատը մահացել են զրահաբաճկոն չունենալու պատճառով: Նիկոլ Փաշինյանը սխալ քաղաքականություն է վարում նաեւ մեր հարեւան Իրանի հետ եւ տարածաշրջանում ինչ-որ խաղերի մեջ է մտնում ինչ-որ բաների մեջ, որը փշուր է, բայց խոստումներ է տվել ու իրեն չի հետաքրքրում, թե ի՞նչ կլինի Հայաստանի հետ»:

Իսկ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման, բանախոսի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը փորձում է «վաճառել» ԱՄՆ-ի եւ Եվրոպայի վրա՝ նպատակն էլի նույնն է՝ մի քիչ ավել իշխանության մնալ:

Նա կոչ է անում համախմբվել՝ Հայաստանի կործանման ընթացքը կանգնեցնելու և այս իրավիճակից դուրս բերելու համար։ Այս առումով, երիտասարդ գործիչը հույսեր է կապում Կաթողիկոսի հովանու ներքո տեղի ունեցող նախագահների հանդիպումների հետ։ Բայց համախմբում՝ Նիկոլ Փաշինյանի շուրջ, բացառում է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից