Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցրած պատմության ուսուցչի գործով վճիռը հրապարակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց . « Դատարանը (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) այսօր հրապարակեց «պատմության ուսուցչի» գործով դատավճիռը։ «Բռնության կոչերի» հոդվածով Հակոբ Գրիգորյանը դատապարտվեց 150 հազար դրամ տուգանքի։

Հաշվի առնելով դատավորի հետագիծն ու հանրային ընկալումը՝ մեղադրական դատավճիռը մեզ համար անակնկալ չէր։ Մենք բնականաբար համաձայն չենք դատավճռին, և վստահորդիս հետ կքննարկենք դատական ակտի բողոքարկման հարցը միայն դրա ամբողջական տեքստը ստանալուց հետո. մեզ շատ հետաքրքիր է, թե ինչ փաստարկներով է դատարանը հերքել մեր պնդումները»:

Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 226.2 երկրորդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը՝պատժվում են ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա: