Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նոր համագործակցություն Արցախում էներգետիկ անկախություն հաստատելու ուղղությամբ

Shtigen Group ընկերությունների խումբը և Telcell ընկերությունը միավորում են ջանքերը՝ ի նպաստ Արցախի բնակչության ապահով ու որակյալ կյանքի։

Shtigen Group ընկերությունների խումբը և Telcell ընկերությունն այսօր հուշագիր են կնքել՝ համագործակցություն սկսելով «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում։ Նախագծի  նպատակն է` արևային էներգիայի օգտագործմամբ Արցախում հաստատել էներգետիկ անկախություն և անվտանգություն։

«Սա ռազմավարական նշանակության նախագիծ է, հետևաբար ուրախ եմ, որ մեր գործընկերների շրջանակն ընդլայնվում է՝ ներգրավելով սոցիալական պատասխանատու վարքագիծ որդեգրած այնպիսի ընկերության, ինչպիսին Telcell-ն է»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

Shtigen Group – Telcell համագործակցությամբ հնարավորություն է ստեղծվում «Արևածագ Արցախում» նախագծի իրականացման համար նվիրատվություններ կատարել նաև Telcell տերմինալներով և Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով։

«Telcell ընկերությունը՝ որպես վճարումների ազգային օպերատոր, բացի բիզնես գործունեությունից, մշտապես մեծ կարևորություն է տվել նաև ազգային նպատակներին ծառայող նախագծերին, և ցանկացած հնարավորության դեպքում մեր պատքն ենք համարում ներդրում ունենալ նման ծրագրերում»,- նշում է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը։

«Արևածագ Արցախում» նախագիծը, որը մեկնարկել է 2022 թ․ ապրիլին, նախաձեռնել է Shtigen Group-ը՝ որպես առաջին քայլ 12 արևային ջրատաքացուցիչ նվիրաբերելով արցախյան տարբեր բնակավայրերի՝ առաջնահերթություն տալով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու բազմազավակ ընտանիքներին։ Նրանք առաջիկա 20 տարում անվճար տաք ջուր կունենան։

«Արցախում մասսայաբար հասանելի դարձնելով արևային տեխնոլոգիաները, ասել է թե՝ յուրաքանչյուր տուն ու կառույց «զինելով» արևային վահանակով և ջրատաքացուցչով՝ մենք մեր հայրենակիցներին ապահովագրում ենք ծանր կենցաղային խնդիրներից, որոնք առաջանում են թշնամու ոտնձգությունների հետևանքով տեղի ունեցող գազամատակարարման խափանումների պատճառով»,- ընդգծում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

«Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում արևային ջրատաքացուցիչներով է համալրվել նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը։

Մինչև ձմեռնամուտ Արցախում ևս 100  տուն կունենա արևային ջրատաքացուցիչ՝ նվազագույնը 2 տասնամյակ ապահովվելով մշտական տաք ջրով և զրոյացնելով ջրատաքացման հետ կապված կոմունալ ծախսերը։