Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս պարզել՝ որքանո՞վ է հավանական շագանակագեղձի քաղցկեղի ռեցիդիվը վիրահատությունից հետո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Շագանակագեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո զարգացումները կարող են տարբեր լինել․ որոշ տղամարդկանց դեպքում քաղցկեղն այլևս չի կրկնվում, որոշների դեպքում՝ այն կրկին հայտնվում է։ Բժիշկները փորձում են չափել ռեցիդիվի հավանականությունը՝ գնահատելով կլինիկական որոշակի տվյալները։ Օրինակ՝ եթե կենսազննման (բիոպսիա) արդյունքները ցույց են տալիս շատ ագրեսիվ քաղցկեղ, ապա կրկնման հավանականությունը մեծ է։ Մինչ վիրահատությունը հայտնաբերված պրոստատ-սպեցիֆիկ հակածինի (PSA) բարձր մակարդակը նույնպես կապվում է անցանկալի ելքի հետ։

Հետազոտողները քրտնաջան աշխատում են՝ փորձելով ստեղծել առավել կատարյալ գործիքներ, որոնք թույլ կտան պարզել, թե հատկապես որ դեպքերում է հարկավոր լրացուցիչ բուժումը կամ առավել մանրամասն հետազոտումը։ Գենետիկ թեստերն ու բժշկական վիզուալիզացիայի նոր տեսակներն օգնում են ռիսկի հիմքով դասակարգումներ կատարելու հարցում։

Դեկտեմբերին Սթենֆորդի համալսարանի գիտնականները հայտնել են, որ խոստումնալից են այն արդյունքները, որոնք ստացվել են նոր տեխնոլոգիայի կիրառումով, որը թույլ է տալիս լուսավորել շագանակագեղձի ուռուցքները պատկերային սկանավորման օգնությամբ։

Մոտեցումը հիմնված է ռադիոակտիվ դեղագործական միջոցի վրա, որը շարժվում է մարմնում՝ քաղցկեղի բջիջներ որոնելով։ 68 Ga-PSMA-11* կոչվող ներարկման ժամանակ ինդիկատորը միանում է բացառապես այն սպիտակուցին, որը կոչվում է Շագանակագեղձի սպեցիֆիկ թաղանթային հակածին (PSMA)։ Շագանակագեղձի քաղցկեղի բջիջներն իրենց մակերեսին ավելի շատ են պարունակում այս սպիտակուցից, քան շագանակագեղձի նորմալ բջիջները։ 68Ga-PSMA-11-ի կողմից նշված ուռուցքները հայտնաբերվում են պատկերի սկանավորման ժամանակ, ինչպես վառված լուցկիները մութ սենյակում։ Բժիշկներն արդեն օգտագործում են PSMA սկանավորումը վաղ մետաստատիկ քաղցկեղի ախտորոշման համար, իսկ այս ինդիկատորը նաև կարելի է օգտագործել դեղամիջոցներն անմիջապես չարորակ ուռուցքներին հասցնելու համար։

Սթենֆորդի թիմն այս հետազոտության միջոցով ցանկանում էր իմանալ, թե արդյո՞ք սկանավորման տեխնոլոգիան կարող է կանխատեսել քաղցկեղի ռեցիդիվը սկզբնական բուժումից հետո։ Հետազոտողները գրանցել են ուռուցքի կենսազննմամբ միջին կամ բարձր ռիսկի ենթակա 73 տղամարդու և նրանց 68Ga-PSMA-11 ներարկում կատարել։ Այնուհետև նրանք չափել են, թե որքանով է լուսածրող նյութը՝ «տրեյսերը» գրավում շագանակագեղձը, ինչպես նաև քաղցկեղի բոլոր այլ հատվածները՝ օրգանիզմում իրենց պոտենցիալ տարածումով։ Դրանից հետո տղամարդկանց շագանակագեղձերը հեռացվել են։

Քաղցկեղի ռեցիդիվը գնահատվել է պրոստատ-սպեցիֆիկ հակածինի մակարդակի փոփոխություններով։ Այն պետք է հասնի զրոյի, եթե տղամարդու շագանակագեղձը հեռացվել է, իսկ շագանակագեղձի հատուկ հակագենի մակարդակի աճը կամ կտրուկ բարձրացումը հուշում է, որ քաղցկեղն, այնուամենայնիվ, թաքնվում է օրգանիզմում։ Ռեցիդիվի այդ տեսակը կոչվում է կենսաքիմիական ոչ բավարար պատասխան։

Հետազոտության մասնակից տղամարդկանց հետևել են մոտ 3 տարի։ Վերջնական արդյունքների համաձայն՝ վիրահատությունից առաջ «տրեյսերի» ներծծման ավելի ցածր ցուցանիշներ ունեցող տղամարդիկ ժամանակի ընթացքում իրենց ավելի լավ են զգացել, քան նրանք, որոնք ներծծման ավելի բարձր ցուցանիշներ են ունեցել։

Լուսածրի ներծծման ցածր ցուցանիշներ ունեցող տղամարդիկ վիրահատությունից հետո առնվազն երկու տարվա ընթացքում խուսափել են կենսաքիմիական անբավարար պատասխանից, և ընդհակառակը՝ ինդիկատորի ներգրավման բարձր ցուցանիշներ ունեցող տղամարդիկ ունեցել են կենսաքիմիական ռեցիդիվ հետազոտության ընթացքում։

«Այս հետազոտությունը մեծացնում է PSMA սկանավորման հանդեպ հետաքրքրությունը և թե ինչպես կարելի է դա օգտագործել շագանակագեղձի քաղցկեղի ելքը կանխատեսելու համար»,-ասում է Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Մարկ Գարնիկը։

«Բարեփոխումները, որոնք ապահովում է PSMA-ի մեթոդը, դրական են անդրադառնում շագանակագեղձի քաղցկեղի բուժման և պացիենտների հետագա հետազոտման վրա։ Այս հետազոտությունը ևս մեկ անգամ ընդգծում է տվյալ տեխնոլոգիայի կարևորությունը»։

*Ga 68 PSMA-11-ը ռադիոակտիվ դեղագործական միջոց է, որի ներարկումն օգտագործվում է PET սկանավորման (պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա) դեպքում շագանակագեղձի քաղցկեղ ունեցող տղամարդկանց մոտ PSMA-ն որոշելու համար։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութի աղբյուր՝ Չարլի Շմիդտ

Շագանակագեղձի հիվանդությունների վերաբերյալ Հարվարդի բժշկական դպրոցի տարեկան զեկույցից