Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 70 կմ շահագործվել առանց հպակային լարերի

Ավելի քան 70 տարի է, ինչ Երևանի հասարակական տրանսպորտի մի մասը վերգետնյա էլեկտրատրանսպորտն է: Վերջին անգամ տրոլեյբուսային հավաքակայանը թարմացվել է 2008թ., ի դեպ, մասնակի շահագործված «ԼԻԱԶ» մակնիշի շարժակազմով: Տարիների ընթացքում կուտակված խնդիրներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: 

Շուրջ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի նոր տրոլեյբուսներով: Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից փոխադրամիջոցները շուտով կլինեն մայրաքաղաքում:  «Իհարկե, կարծում եմ՝ տրոլեյբուսների այն քանակը, որը գալու է, մենք կավելացնենք անպայման, որպեսզի շարժակազմը Երևանում ավելի շատ լինի, քան մինչ այսօր օգտագործում էինք: Տրոլեյբուսը բնապահպանապես մաքուր տրանսպորտային միջոց է համարվում, ամբողջությամբ աշխատում է էլեկտրաէներգիայով, կարծում եմ՝ նաև ռազմավարական տեսակետից. էլեկտրաէներգիան  Հայաստանի Հանրապետությունն ինքնին արտադրում է, և կախվածություն չունենք այլ պետություններից: Ապագան էլեկտրատրանսպորտինն է, և պետք է փոփոխություններ կատարենք»,- ընդգծում է քաղաքապետը:   

Երևանն սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի. օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։ Չնայած հնամաշ վիճակին՝ տրոլեյբուսը  քաղաքացիներից շատերի համար երթևեկելու նախընտրելի միջոց է, որից ամեն օր շուրջ 10.000 ուղևոր է օգտվում: «Ունեցել ենք 27 երթուղի, այս պահին գործում է 5-ը: Նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 70 կմ շահագործվել առանց հպակային լարերի, ինչը հնարավորություն կտա մեզ սպասարկել նաև նոր փողոցներ»,-նշում է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը:

Տեխնիկական զննման, սպասարկման և համալիր վերանորոգման արտադրամասում, որտեղ, շարժակազմի արդիականացմանը զուգահեռ, հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև աշխատակիցների համար:  «Իհարկե, մենք նաև կառուցվածքային փոփոխություններ պետք է իրականացնենք:  Պայմանները բարվոք չեն, նախնական որոշ շինարարական աշխատանքներ ենք սկսել, նկատի կունենանք նաև մեր հետագա անելիքները. նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, մրցույթի հրապարակում, ֆինանսական միջոցների հատկացում: Վստահ եմ՝ ամեն տարի գումար ծախսելով, կապիտալ ներդրում անելով մենք տրոլեյբուսների սպասարկման բավակականին լավ կայան կունենանք»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:  «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն, ի դեպ, նոր ղեկավար ունի: Սարգիս Բեջանյանին ներկայացնելով աշխատակիցներին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքով նախանշված ծրագրերը փուլ առ փուլ կիրագործվեն: Երևանյան սիրված ու բնապահպանապես մաքուր այս փոխադրամիջոցի զարգացման մեկնարկը տրված է: